15  Հունական կղզիները
Որտե՞ղ են հանգստացել հայաստանցիները և ովքե՞ր են եկել Հայաստան

Որտե՞ղ են հանգստացել հայաստանցիները և ովքե՞ր են եկել Հայաստան

Բացի «ավանդական» վրացական ծովափերից այս տարի հայերը նախընտրել են հանգստանալ նաև Կրետե կղզում ու Բարսելոնայում

Որտե՞ղ են հանգստանում հայաստանցիները: Տարածված անեկդոտի համաձայն` հասարակ քաղաքացիները հանգստանում են Վրաստանում, միջինից բարձր եկամտի տեր մարդիկ` Անթալիայում ու Եգիպտոսում, իսկ ամենահարուստները` Հայաստանի հանգստյան տներում: Իհարկե, սա ընդամենը կատակ է, բայց է՞լ ինչ կատակ, որ կեսը ճիշտ չլինի:

PanARMENIAN.Net - Կատակի ճշմարտացիության աստիճանը պարզելու համար երևի թե կարիք կլինի բավական լուրջ սոցհարցում անցկացնել: Իսկ մինչ այդ PanARMENIAN.Net ը զրուցել է Երևանում գործող մի քանի տուրիստական գործակալության հետ` պարզելու այս ամռանը հայերի նախընտրած հիմնական ուղղությունները:

«Աստղաձոր» գործակալության տուրիզմի մենեջեր Սյուզաննա Հովսեփյանը, օրինակ, առանձնացրեց Կրետեն ու Բարսելոնան:

«Այս տարի այս ուղղություններով միանգամից 2 ընկերություն էր չվերթ իրականացնում: Մրցակցության արդյունքում տոմսերի գինը նվազել էր: Սա էլ լրացուցիչ հետաքրքրություն էր առաջացնում»,- նշեց նա` հավելելով, որ շատ են եղել նաև Եգիպտոսում հանգստացողները` չնայած շոգին:

Իսկ նախորդ տարի, օրինակ, ավելի շատ նախընտրել են հանգստանալ Բուլղարիայում, Կիպրոսում ու որքան էլ որ զարմանալի չլինի` Դուբայում (ամռան ամիսներին այնտեղ հանգստանալը, ճիշտ է, մատչելի է, սակայն շոգն է անտանելի):

Հանգստացողների գերակշիռ մասը նախընտրում է ծովափնյա հանգիստը: Փաթեթի ընտրության հարցում առաջինն ու ամենակարևորը մատչելիությունն է: Դրան հաջորդում է հյուրանոցի դիրքն ու ծովափին մոտ լինելը: Ի դեպ, հայերի համար կարևորների շարքում է նաև ափին ավազի առկայությունը:

Ինչ վերաբերում է ձմեռային հանգստին, ապա այստեղ էլ հայերս օրիգինալությամբ չենք առանձնանում: Եվ եթե եվրոպական երկրներում ձմռանը սիրում են հանգստանալ սարերում ու, օրինակ, դահուկ քշելով, ապա մենք էլի ուզում ենք արև ու ծով: «Աստղաձորում» կարծում են, որ այս ձմեռ ևս հայ զբոսաշրջիկները կնախընտրեն հանգստանալ Դուբայում ու Եգիպտոսում, քանի որ կա փաթեթի մատչելի տարբերակ (թռիչքներն իրականացվում են Թբիլիսիի օդանավակայանից):

«Գոլդ թրեվլի» այցելուներն այս ամառ նախընտրել են հանգստանալ կղզիներում` Մալթա, Բահամյան կղզիներ: Մատչելի տարբերակներից իրենց հաճախորդներին առաջարկել են տուրեր դեպի Շրի Լանկա ու Հորդանան: Այստեղ էլ, իհարկե, գերակշռել են ծովափնյա հանգիստ նախընտրողները, թեև առաջարկել են նաև City tour ներառող փաթեթներ: «Գոլդ թրեվլի» այցելուներն էլ հյուրանոցի որակին առանձնապես ուշադրություն չեն դրաձնում. կարևորը գինն է (ավելի ճիշտ` մատչելիությունը): Ձմեռային փաթեթներից, հավանաբար, ակտիվ կլինեն Դուբայ, Մավրիկիա, Շրի Լանկա ուղղությունները:

«Ջոյ տուր» գործակալության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանն էլ PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ այս ամռանն իրենց հաճախորդներն ավելի շատ նախընտրել են հանգստանալ արդեն ավանդական դարձած Եգիպտոսոմ ու Թուրքիայում, ավելի քիչ` Եվրոպայում: Թեև քիչ, բայց դիմել են նաև Վրաստան գնալ ցանկացողները: Առաջիկա ձմռան համար նախապատրաստել են փաթեթներ դեպի Շրի Լանկա ու Թաիլանդ:

Իսկ հանգստի համար ամենամատչելի Վրաստան այս տարվա առաջին կիսամյակում, այդ երկրի տուրիզմի ազգային ադմինիստրացիայի հրապարակած տվյալների համաձայն, այցելել է մոտ 486.500 հայ զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5%-ով ավելի է: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից էլ հայտնում են, որ ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքներով սեզոնի սկզբից (հունիսի 15-ից) տեղափոխվել է 44.660 ուղևոր:

Ընդհանուր առմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության բաժնի հրապարակած տվյալների համաձայն, 2014-ի առաջին կիսամյակում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 474.989 մարդ, ինչը 14,8%-ով շատ է 2013-ի ցուցանիշից: Նույն ժամանակահատվածում Հայաստան է այցելել 495.967 զբոսաշրջիկ (նախորդ տարվա համեմատ 17,3%-ով պակաս):

Ինչ վերաբերում է աշխարհագրական դասավորությանը, ապա մեր երկիր այցելող զբոսաշրջիկների հիմնական մասը (մոտ 44%) ժամանում են Ռուսաստանից, 28%-ը՝ Վրաստանից, 12-14%-ը՝ ԵՄ երկրներից (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և Սկանդինավյան երկրներ), 7%-ը՝ Իրանից:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---