Ռուֆինգը Հայաստանում. Բարձրանալ տանիք, լուսանկարել, զգալ ազատությունը

Ռուֆինգը Հայաստանում. Բարձրանալ տանիք, լուսանկարել, զգալ ազատությունը



Ռուֆինգը վերելքն է տանիք բոլոր հնարավոր եղանակներով` սկսած աստիճաններից, հորատանցքերից և ձեղնահարկից, մինչև վթարային աստիճաններ, մագլցում շենքի տանիք արտաքին պատով: Հայաստանում նույնպես կա ռուֆինգ: Մի խումբ երիտասարդներ մագլցում են բարձրահարկերի տանիքներ: Նպատակին հասնելով` միանգամայն այլ կերպ ես սկսում ընկալել աշխարհը, համակվում ես ազատության զգացումով, հասկանում ես, որ ապրում ես:

PanARMENIAN.Net - Այն մասին, թե ինչն է ստիպում մարդուն տանիք բարձրանալ, PanARMENIAN.net-ը զրուցել է ռուֆերներից մեկի` Արտաշես Կարապետյանի հետ:

Նա ասում է, որ ռուֆինգն առաջին հերթին տանիք բարձրանալու «արվեստ» է` շրջանցելով մի շարք խոչընդոտներ, ինչպես, օրինակ, փականքները, կողպեքները, պատնեշները, շեղելով կոնսյերժների և շենքի բնակիչների ուշադրությունը: «Առանց գույքը փչացնելու»,-շեշտում է Արտաշեսը:

Իսկ հիմնական նպատակը բարձունքից բացվող քաղաքի տեսարանից էսթետիկ հաճույք ստանալն է և, իհարկե, տանիքից բացվող տեսարանը լուսանկարելը:

«Նպատակին հասնելով` միանգամայն այլ կերպ ես սկսում ընկալել աշխարհը, համակվում ես ազատության զգացումով, հասկանում ես, որ ապրում ես»,-ասել է Կարապետյանը:

Ամենահիշարժան և ամենադժվար վերելքի մասին

«Ամենավառ, հիշարժան, բարդ ու վտանգավոր վերելքներից մեկը Մոսկվայում էր: Հարկավոր էր շեղել տեսախցիկների և պահակների ուշադրությունը, ձեռքերի վրա կախված անցնելով երկրորդ հարկի դրսի պատով, աննկատ մնալ, հետո 40 հարկ ոտքով բարձրանալ` չիմանալով բաց կլինի արդյոք տանիքը: Իսկ երբ արդեն վերևում էինք` վերջին հարկում, տեսանք, որ մուտքը դեպի տանիք փակ է, բայց չհանձնվեցինք: Հետո տեսանք, որ կարելի էր տանիք բարձրանալ շենքի դրսի պատով` վթարային աստիճանով, բնականաբար, մենք չէինք կարող նահանջել և մեր նպատակին հասանք այդ ճանապարհով»:

Արտաշեսը նշում է, որ իրենց համար, առաջին հերթին, կարևոր է աննկատ մնալ և ոչինչ չվնասել:

Վերջին նվաճումները

«Վերջին շրջանում մենք մագլցել ենք Ապարանի, Երևանի հեռուստաաշտարակներ (այդ ամենը կարելի է տեսնել Ինսթագարմի մեր էջում @roof_arm), Ռուսաստանում շատ բարձունքներ ենք նվաճել, թվարկելը երկար կլինի: Իսկ թե ուր ենք մտադիր բարձրանալ առաջիկայում, շուտով կիմանաք»:

Տանիքից բացվող տեսարանների մասին

«Իհարկե, Հայաստանի տեսարաններն ամենագեղեցիկն են աշխահում: Շատ քիչ մարդիկ կարող են լուսանկարներ անել տանիքում, երբ հետին պլանում այդ վեհ լեռներն են:

«Երբ բարձունքից նայում եք քաղաքին, ի՞նչը կքանդեիք առանց վարանելու» հարցին, Արտաշեսն այսպես պատասխանեց. «Երբ վերևից նայում ես քաղաքին, միանգամայն այլ բաների մասին ես մտածում, ոչ թե քանդելու կամ ապամոնտաժելու»:

Վիճաբանություններ

«Վիճաբանություններ, անշուշտ, լինում են, հատկապես շատ են եղել Ռուսաստանում: Ինչ վերաբերում է Հայաստանին, այդպիսի բան դեռ չի եղել: Հազիվ թե կարելի է վիճաբանություն համարել այն դեպքը, երբ մենք բարձրանում էինք Հյուսիսային պողոտայի տանիքներից մեկը, իսկ կոնսյերժ կինը թույլ չտվեց: Մենք մեկ այլ շենք գնացինք, կարողացանք բարձրանալ հետնամուտքով, բայց վերևում մեզ սպասում էին շինարարները, որոնք բղավեցին մեզ վրա և խնդրեցին հեռանալ: Դե, հասկանալի է` անհանգստանում էին մեզ համար: Բայց կարողացա համոզել և մի փոքր էլ վեր բարձրանալ լուսանկարելու համար: Այդ ընթացքում եկավ մեկը, հավանաբար, ավելի պաշտոնավոր, և ընկերներիս դուրս հրավիրեց, իսկ ես մնացի` մի հարկ վերև էի նրանցից: Հետո կամաց իջա: Հետո մենք գնացինք այն աշխատակցուհու մոտ, որը թույլ չէր տվել մեզ տանիք բարձրանալ և ցույց տվեցինք լուսանկարները, շատ համոզեցինք և ի վերջո նա բացեց մեզ համար տանիքը:

«Ահեղ» իրավապահները

«Իհարկե, հասարակությունը և իրավապահ մարմինները բացասաբար են վերաբերվում ռուֆինգին: Չէ որ երբեք չգիտես, ինչ մարդ է հայտնվել տանիքում, գուցե գող է, կամ վատ մտադրություններ ունեցող մեկը: Բայց ես նկատել եմ, որ Հայաստանում ավելի հանգիստ են վերաբերվում այդ հարցին»:

Ռուֆինգի հիմնական կանոնները.

• Տանիքում արգելվում է աղմկել, աղտոտել և կողպեքները կոտրել

• Արգելվում է ալկոհոլ օգտագործել, քանի որ տանիքը բարձր վտանգի գոտի է

• Ռուֆերների խումբը 4 հոգուց ավելի չպետք է լինի, քանի որ մարդկանց մեծ կուտակումները միշտ ուշադրություն են գրավում

• Հագուստը պետք է հարմար լինի

• Անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները` դուրս չգալ թաց տանիք, ձեռք չտալ լարերին

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---