![]() Ի՞նչ է գիտությունը, ո՞վ է գիտնականը, ինչպե՞ս երեխային սիրել տալ գիտությունըՆոբելյան դափնեկիրների մտքերը Երևանում Ապրիլի 12-ին մեկնարկեց «Նոբելյան օրեր Երևանում» խոշորագույն գիտակակրթական եռօրյա միջոցառումը, որի առաջին օրը նվիրված էր բաց հանրային դասախոսություններին։ ![]() PanARMENIAN.Net - Դասախոսություններով հանդես եկան Երևան հրավիրված Նոբելյան դափնեկիրներից չորսը։ PAN-ը լսել և քաղել է նշանավոր գիտնականների ելույթների ընթացքում հնչած առավել ուշագրավ մտքերն ու մեկնաբանությունները։ Ներկայացնում ենք նրանցից երկուսի՝ իսրայելցի գիտնականներ Ահարոն Չիհանովերի և Դեն Շեխտմանի ելույթներից որոշ հատվածներ։ Ահարոն Չիհանովեր, կենսաբան, դասախոսության թեման՝ «Անհատականացված բժշկության հեղափոխություն. արդյո՞ք բուժելու ենք բոլոր հիվանդությունները և ի՞նչ գնով» Ես երկրորդ անգամ եմ այցելում ձեր գեղեցիկ, հրաշալի երկիրը: Իսրայելն էլ Հայաստանի պես փոքր երկիր է՝ փոքր բնակչությամբ։ Մենք զգալի նմանություններ ունենք․ իսրայելցիներս պայքարում ենք մեր գոյության համար: Դուք՝ նույնպես: Մենք համագործակցության մեծ հնարավորություններ ունենք, բայց այստեղ կան նաև քաղաքական հարցեր: Ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք մշակել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա բարելավել մարդկանց կյանքը: Համագործակցությունը տարբեր երկրների միջև կարևոր է, Հայաստանի և Իսրայելի համար այն ավելի քան կարևոր է։ Գիտությունը և տեխնոլոգիաները համաշխարհային են․ դրանք խոսում են խաղաղության լեզվով և քաղաքական սահմաններ չեն ճանաչում: Գիտության և տեխնոլոգիաների նպատակներից մեկը նաև ատելության ու անհանդուրժողականության դեմ պայքարն է, մարդկային կյանքի որակը, մեր երեխաների ապագան ավելի լավը դարձնելը: Մենք պիտի համագործակցենք մարդու առողջության բարելավման համար, հաղորդակցության միջոցների բարելավման համար` հեռախոսների, համակարգիչների, արբանյակների, փոխադրամիջոցների օգնությամբ։ Բոլորը գիտեն, որ մարդիկ ցանկանում են մշտապես երիտասարդ մնալ և երկար ապրել: 100 տարի առաջ մարդիկ միջինը 50 տարի էին ապրում․ այսօր մենք ավելի երկար ենք ապրում` միջինը 85 տարի: Վերջին մեկ դարի ընթացքում հենց գիտության և տեխնիկայի զարգացման շնորհիվ է հնարավոր դարձել երկարացնել մարդու կյանքը: Այո, գիտությունը բարելավում է մարդկային կյանքը, բայց կյանքի երկարացումը էժան չի նստել, այն հեշտ չի եղել։ Ես չեմ հավատում մարդու անմահությանը: Կան մարդիկ, որոնք անմահ լինելու համար փորձում են իրենց մարմինները սառեցնել՝ մեծ գումար ծախսելով։ Սակայն իմ կարծիքով մեքենաները չեն կարողանա դա իրականացնել: Բացի այդ, եթե ես իմ ուղեղը փոխեմ, ես այլևս չեմ լինի, արդեն ուրիշ մարդ կլինի: Բայց այսօր ծնվածները կարող են ավելի երկար ապրել։ Այժմ մնում է մեխանիզմներ մշակել դեռևս չբուժվող հիվանդությունների խնդիրը լուծելու համար։ Մարդկային մեխանիզմը, որը գործում է անդադար 80-90 տարի, ամենակատարյալն է։ Մարդն ավելին է, քան իր գեները։ Ի՞նչն է մեզ դարձնում մարդ արարած, տարբեր դարձնում կենդանիներից, խոսեցնում, ծիծաղեցնում, դարձնում լավ կամ վատ մարդ․ ոչ միայն մեր գեները, այլ նաև մեր հիշողությունը։ Գիտնականի կերպարի, հասարակության ու պետության մեջ գիտության դերի, գիտական կրթության խթանման կարևորության ու եղանակների, նաև երեխաների մեջ գիտության հանդեպ սեր առաջացնելու մանկավարժական հնարների մասին շատ հետաքրքիր և ուսուցողական հանրային դասախոսությամբ հանդես եկավ իսրայելցի գիտնական Դեն Շեխտմանը։ Դեն Շեխտման, քիմիկոս և ֆիզիկոս, դասախոսության թեման՝ «Գիտական կրթության խթանումը» Ո՞վ է հաջողակ գիտնականը։ Նախևառաջ, հաջողակ գիտնականը պետք է որևէ կոնկրետ բնագավառի լավ մասնագետ լինի։ Նա նաև պետք է որևէ միջազգային գիտական խմբի անդամ լինի․ գիտությունը գլոբալ երևույթ է, գոյություն չունի հայկական կամ իսրայելական գիտություն։ Լավ գիտնականը նաև ճանաչված առաջնորդ պետք է լինի իր բնագավառում. սա նշանակում է, որ պետք է այլ գիտնականները մեջբերեն նրա գիտական արդյունքները, հղում տան նրա հրապարակումներին։ Այստեղից հետևում է, որ նա պետք է կարողանա ոգեշնչել իր հետևորդներին։ Հաջորդը, որ հատուկ է լավ գիտնականին, գիտության մեջ ճեղքումներ անելու ունակությունն է՝ անել նորարարական մի բան, որին հետևում են ուրիշները։ Լավ գիտնականը նաև պետք է լավ հաղորդակցական հմտություններ ունենա, կարողանա պարզ և մատչելի ձևով հաղորդակցվել ինչպես մասնագիտական, այնպես էլ լայն հանրային լսարանի հետ։ Վերջապես, լավ գիտնականը նաև լավ ուսուցիչ ու մենթոր է, ինչպես նաև՝ մշակութային հերոս ու օրինակելի կերպար հասարակության համար։ Գիտնականը պետք է պարբերաբար գիտական գործուղումներ, ճամփորդություններ կատարի, աշխատի և դասավանդի այլ կենտրոններում ու համալսարաններում։ Իսրայելում հնարավոր չէ համալսարանական պաշտոն ստանալ դոկտորական թեզը պաշտպանելուց անմիջապես հետո․ պետք նախ գնալ արտասահման, երկու-երեք տարի հետազոտություններ անել որևէ առաջատար համալսարանում, ապացուցել սեփական արդյունավետությունը, նոր դրանից հետո հնարավորություն գիտնականը կստանա դասավանդել տեղի համալսարաններում։ Գիտնականի ինքնաարդյունավետությունը։ Ինքնաարդյունավետությունը (Self-efficacy) մարդու, տվյալ դեպքում՝ գիտնականի հավատն է սեփական ուժերի նկատմամբ՝ լուծելու առաջադրված գիտական խնդիրը։ Եթե գիտնականն իսկապես իր ոլորտի մասնագետն է, ապա նա միշտ պետք է ինքնավստահ լինի, շատ նհնարավոր է, որ նա հակառակորդներ ունենա, բայց երբեք ինքնավստահ գիտնակնը չպետք է ճնշումների ենթարկվի։ Գիտական նորարության մշակութային խոչընդոտները։ Գիտական նորարարության (ինովացիայի) համար լինում են նաև մշակութային (որևէ հանրության մշակութային առանձնահատկություններից բխող) խոչընդոտներ․ էական է, թե արդյո՞ք տվյալ գիտնականը հնազանդվող տեսակ է, թե հակառակը՝ մտածող, պրպտող, ինքնուրույն տեսակ է։ Թեև կարող են բերվել օրինակներ, երբ որևէ երկրում բոլոր գիտնականները չվիճող, հնազանդվող են, և այդ երկրում գիտությունը զարգացել է, բայց միևնույն է՝ նման երկրում ապագան պայծառ չի լինի։ Գիտեմ, որ դուք՝ հայերդ էլ, մտածող եք և լավ գիտնականներ ունեք՝ հատկապես ԱՄՆ-ում։ Գիտական կրթության խթանման կարևորությունը։ Գիտական կրթությունը խիստ կարևոր ինչպես Հայաստանի, այնպես էլ ընդհանրապես աշխարհի համար։ Գիտելքի հանդեպ սերը պետք է խրախուսել հնարավորինս վաղ հասակում, երեխաներին ու երիտասարդներին խրախուսել զբաղվել գիտությամբ․ Հայաստանի ապագան էլ է դրանից կախված։ Իսրայելում, օրինակ գիտական գիտելիքներն արդեն մանկապարտեզում են ուսուցանվում։ Հայֆայում 60 մանկապարտեզ կա, որտեղ գիտություն ենք դասավանդում, հիմա հատուկ գիտական մանկապարտեզներ ունենք, քսան տարի անց նրանցից շատերը համալսարանների լավ ուսանողներ կլինեն։ Գիտական կրթությունը վաղ հասակից խրախուսելու բազում եղանակներ կան։ Երեխաները շատ խելացի են, պարզապես նրանց հետ գիտության մասին պետք է շատ հետաքրքիր ձևով, իրենց հասկանալի լեզվով խոսես։ Պետք է հեռուստատեսային գիտական ծրագրեր պատրաստել։ Իսրայելում իմ առաջարկով ազգային կրթական հետուստաալիք բացվեց, նույն էլ կարող եք Հայաստանում անել։ Կարող եք երեխաների համար գիտական գրականություն ստեղծել։ Նրանց համար գիտական գիտելիքները զարգացնող սարքեր՝ մանրադիտակ, խոշորացույց գնեք։ Շվեդիայում ամեն տարի Նոբելյան մրցանակը շնորհող հանձնաժողովը հատուկ նոբելյան պաստառներ է պատրաստում։ Տարիներ առաջ ես խնդրեցի նրանց, որ թույլ տան դրանք եբրայերեն թարգմանենք ու տարածենք մեր դպրոցներում։ Իրենք իրենց ծախսերով մի քանի տարի դա արեցին։ Դուք էլ կարող եք համոզել, որ նաև հայերեն թարգմանեն նոբելյան պաստառները։ Երեխայի մեջ գիտության հանդեպ սեր վարակելու հարցում շատ մեծ է ինչպես ծնողների, այնպես էլ ուսուցիչների դերը։ Ուսուցիչներն ամենակարևորն են այդ հարցում, ուստի պետք է միայն լավագույնները ուսուցիչ դառնան։ Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև տիպար է, որին կրկնօրինակում են երեխաները։ Լավ ուսուցիչը լավ մենթոր է, որն ուղղորդում է, խրախուսում, քաջալերում երեխաներին, գիտե, թե ինչպես պետք է անհատական կարգով հարաբերվի յուրաքանչյուր երեխայի հետ։ Ծնողների հարաբերությունները երեխաների հետ, շրջակա սոցիալական միջավայրի հետ մեկտեղ, ամենակարևոր գործոններն են, որ ձևավորում են երեխաների ապագան։ Ծնողները կարող են մոտիվացնել երեխաներին սովորելու՝ առանց մեծ ճնշում գործադրելու․ ուղղորդել կարելի է, բայց չպետք է ճնշել։ Ինչպես ծնողները, այնպես էլ ուսուցիչները պետք է հասկանան, որ սխալվելը նորմալ է։ Պետք չի ամաչել սխալվելուց, ընդհակառակը, պետք է խրախուսել երեխային անընդհատ հարցեր տալ, կասկած արտահայտել, հակառակ պնդումներ անել։ Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |