Փուչի՞կ, թե՝ հնարավորություն

Փուչի՞կ, թե՝ հնարավորություն

Հայ թրեյդերը՝ Bitcoin-ով փող աշխատելու մասին

Բիթքոինի (Bitcoin)՝ աշխարհում ամենաառաջին և ամենահայտնի կրիպտոարժույթի (որի մասին մանրամասն կարող եք կարդալ Վիքիպեդիայում) փոխարժեքը տարեսկզբից աճել է մոտ 10 անգամ: Եթե 2017-ի հունվարին 1 բիթքոինի արժեքը դեռ 1000 ԱՄՆ դոլար էր, այսօր այն գերազանցել է 10.000 դոլարը:

PanARMENIAN.Net - Հետաքրքրությունը կրիպտոարժույթի նկատմամբ օրեցօր աճում է, սակայն մարդկանց մեծ մասը շարունակում է այդ երևույթին զգուշությամբ վերաբերվել. ոմանք ուղղակի ծանոթ չեն կրիպտոարժույթների շուկային, ոմանք էլ համարում են դա հերթական ֆինանսական փուչիկ, որը մի օր պայթելու է՝ թողնելով շատ մարդկանց կոտրված տաշտի առջև:

PanARMENIAN.Net ը խոսել է հայ կրիպտոթրեյդեր (կրիպտոարժույթի առք ու վաճառքով զբաղվող) Դավիթ Ասիչյանի հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս է նա գումար աշխատում բիթքոինի վրա, ի՞նչ ռիսկեր կան այդ գործում, որքանով է հնարավոր ՀՀ-ում վաստակել կրիպտոարժույթների մայնինգի վրա (բիթքոինի ենթակառուցվածքին ու ամբողջ ցանցի շահագործման ապահովման աջակցությունը նոր բիթքոինների դիմաց) և ի՞նչ այլ կրիպտոարժույթներ կան, որոնց արժե աչքի տակ առնել:

Բիթքոինը՝ որպես ներդրում

Մոտ 3-4 տարի առաջ սկսել եմ հետաքրքրվել կրիպտոարժույթների շուկայով, իսկ այս վերջին տարում, երբ ավելի լավ սկսեցի պատկերացնել, թե դա ինչ է, ինչպես է աշխատում, ու ինչն է ընկած դրա հիմքում, ինքս մտա այդ ամենի մեջ: Ուղակի ժամանակ էր պետք նոր բանն ընդունելու ու հասկանալու համար: Բիթքոին գնելու համար պարտադիր չէ շատ գումար ունենալ, ցանկացած գումար կարելի է վերածել բիթքոինի՝ մինչև 0,00000001 բիթքոին: Այսինքն չնչին գումարով հնարավոր է այդ ամենի մեջ մտնել: Ես ինքս դա դիտարկում եմ որպես ներդրում. օրինակ, եթե դու ունես $1000, որը չես նախատեսում ծախսել, պետք է ինչ-որ ձևով կամ արժույթով պահես այն: Վերջին տարիներին խնայողությունները պահելու ու եկամուտ ունենալու ամենալավ միջոցը հենց կրիպտոարժույթներն են:

Ինչպե՞ս սկսել, ի՞նչ անել

Կան բորսաներ, որոնք միայն կրիպտոարժույթների առք ու վաճառքով են զբաղվում, պետք է ընտրել դրանցից մեկը, գրանցվել այնտեղ, գումար փոխանցել բանկային փոխանցման կամ բանկային քարտի միջոցով և այնտեղից գնել այդ պահին գործող փոխարժեքով բիթքոին: Այնուհետև ծագում է պահելու խնդիրը. հնարավոր է պահել հենց բորսայում, բայց խորհուրդ է տրվում պահել հատուկ դրա համար նախատեսված դրամապանակներում, քանի որ այդպես ավելի անվտանգ է: Կանխիկացման հետ կապված. ամենալավ փոխարժեքները հենց բորսաներում են լինում, որտեղ կարող ես վաճառել ունեցածդ բիթքոինները և ստացված գումարը փոխանցել հաշվեհամարիդ: Ճիշտ է՝ հետո բանկային փոխանցմանը մի քիչ երկար է պետք սպասել, բայց այդ տարբերակն ամենավստահելին է ու ամենաքիչ միջնորդավճարովը: Եթե նոր եք գնում բիթքոին, արժե գնել և պահել՝ մի քանի տարով մոռանալով դրա մասին:

Մայնինգի փորձի մասին

Միանշանակ արժե ինքնուրույն մայն անել բիթքոիններ: Մայնինգի միակ խնդիրը հոսանքի գինն ու որակն է աշխարհում: Մեզ մոտ շատ հարմար է հոսանքի գինը համեմատած եվրոպական երկրներին, ինչն էլ մայնինգն ավելի ձեռնտու է դարձնում: Այս պահի ամենահզոր մայները, որն արտադրվում է Չինաստանում, 1,5 կիլովատ էլեկտրաէներգիա է օգտագործում 1 ժամում: Մեկ այլ դժվարություն է մայնինգի համար նախատեսված սարքավորումները պահելն ու սպասարկելը. ցանկացած փոքր բանից կարող են փչանալ, քանի որ Չինաստանում են պատրաստվում: Բայց շատ ավելի դժվար է դրանք գնելը, քանի որ շատ մեծ պահանջարկ ունեն այժմ, գործարաններն ուղակի չեն հասցնում արտադրել: Ինքս փորձել եմ մայն անել, բայց վիդեոքարտերով, ինչն այդքան էլ էֆեկտիվ չէ: Արդեն պատվիրել եմ սարքերը, սպասում եմ, որ շուտով գան: Հայաստանում ռեալ է դրա վրա վաստակել: Եթե ճիշտ սարքերով ես աշխատում, 7-8 ամսվա ընթացքում հնարավոր է բոլոր ծախսերը փակել:

Բիթքոինի կտրուկ աճի և հնարավոր անկման մասին

Բիթքոինի արժեքի կտրուկ աճը պայմանավորված է դրա նկատմամբ առաջացած հետաքրքրությամբ ու պահանջարկով: Ու դրա պոտենցիալն անսպառ է, քանի որ բիթքոինի քանակը սահմանափակ է՝ մինչև 21 մլն: Իսկ այդ թվին կարող են հասնել 2041-ից ոչ շուտ: Եթե պահանջարկը մեծանա, առաջարկը չի փոխվի: Վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ մոտ 3 ամիսը մեկ լինում է կտրուկ անկում՝ մինչև 30%: Բայց հետո բիթքոինի արժեքը շատ արագ վերականգնվում է և նոր ռեկորդներ սահմանում:

Հնարավոր ռիսկերի մասին

Վստահելիության խնդիրն ու ռիսկերը միշտ կան. դա նավթ կամ ոսկի չէ, որ իմանաս՝ վատագույն դեպքում ունի մինիմալ ինքնարժեք: Բիթքոինի ինքնարժեքը 0 է, բայց փողերի փոխանցման նոր տեխնոլոգիաները, կեղտոտ և «սև» փողեր լվանալու հնարավորությունը դարձնում են բիթքոինը վիրտուալ ոսկի: Քանի դեռ աշխարհում կան «սև» փողեր, միշտ լինելու է դրանք մաքրելու ու շրջանառության մեջ դնելու խնդիրը, որն այս պահին կարելի է լուծել կրիպտոարժույթի միջոցով: Ես ինքս այս մեկ տարվա ընթացքում դեռ չեմ կորցրել գումար կրիպտոարժույթի վրա: Ընդհանրապես դրա վրա դժվար է կորցնել, կարող ես ուղղակի ընթացիկ պակասորդ ունենալ: Փոխարժեքի կտրուկ անկումը պարզապես հնարավորություն է ավելի էժան գնով բիթքոին ձեռք բերելու: Գումար կորցնելու ռիսկ ֆինանսական բոլոր գործարքներում էլ առկա է, բայց պետք չէ ամեն անկումից տագնապի մեջ ընկնել: Օրինակ, եթե դու անշարժ գույքի գործակալ ես և տուն ես գնում վաճառելու նպատակով, ամեն պահ չես ստուգում, չէ՞, տունդ տեղում է, թե՝ ոչ: Այսպես էլ այս հարցում, պետք է գնել ու ամեն րոպե նյարդային կերպով չհետևել արժեքի տատանումներին:

Բիթքոինի այլընտրանքները

Որպես բիթքոինի հաջող այլընտրանք կարող եմ նշել Ethereum-ը, որը երկրորդն է իր արժեքով: Կա բիթքոինից առանձնացած Bitcoin Cash-ը, շատ հետաքրքիր են նաև Ripple-ը, դաշը, լայթքոինը: Սրանք էլ են տոկոսային աճի ցուցանիշներով մոտ բիթքոինին: Ինքս փորձ ունեմ Bitcoin Cash-ի, Ethereum-ի և Ripple-ի, բոլորն էլ շատ արագ արժևորվում են հիմա, ուստի իմաստ ունի դրանց վրա էլ ուշադրություն դարձնել:

Հ.Գ. Վերը շարադրածը փորձառու մասնագետի կարծիք է, ոչ թե խմբագրության կողմից արվող կոչ ակտիվ գործողությունների, ուստի որևէ քայլ ձեռնարկելուց առաջ հորդորում ենք ուսումնասիրել լրացուցիչ աղբյուրներ և մի քանի անգամ ծանրութեթև անել:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---