Գամփռ Շողն ու փոքրիկ փիսոն

Գամփռ Շողն ու փոքրիկ փիսոն

Ինչպես Վայոց ձորի լեռներում ծնվեց շան և կատվի ընկերությունը

Վայոց ձորի Եղեգիս գյուղում գտնվող «Արևի» հյուրանոցում արևաշատ և ջերմ հարաբերություններ են հաստատվել տեղաբնակ շուն Շողի և ամառվանից հյուր եկած և այդպես էլ չհեռացած փիսոյի միջև:

PanARMENIAN.Net - Շողը թեև գամփռ է և կարող է վախեցնել վատ մտադրություններով ժամանածներին, սակայն մեծ սիրտ ունի, ինչն էլ զգացել է հյուրանոցի նոր բնակիչը:

Ինչպես PanARMENIAN.Net –ին պատմեց հյուրանոցի հիմնադիր Գևորգ Գասպարյանը, կատվի ձագն ամռանն է եկել իրենց մոտ:

«Երևի մոտակայքում ինչ-որ կատու ձագեր է ունեցել: Մի քանիսն իրենց ոտքով եկան մեզ մոտ ամռանը: Շողը կատուներից ոչ մեկին չթողեց մնալ հյուրանոցի բակում, միայն այս մեկին պահեց: Իր բաժին հացից էր տալիս նրան, այդպես էլ ընկերացան», - նշեց Գասպարյանը:

Կենդանիներն իրար հետ շատ ժամանակ են անցկացնում, հատկապես ցրտին փիսոն միշտ օգտվում է Շողի ջերմությունից, գիշերը քնում է նրա վրա կամ գրկում, ցերեկները զբոսնում կամ խաղում են իրար հետ: Կարճ ժամանակում ընկերություն անող շունն ու կատուն դարձան հյուրանոցի այցեքարտը, հյուրերից շատերն ասում են, որ միայն նրանց հետևելու համար նորից կայցելեն «Արևի»:

«Հիմա աշխարհում նույնիսկ միջանձնային հարաբերություններն են խնդիր, իսկ մեզ մոտ շունն ու կատուն են ընկերացել: Մտածում ենք նույնիսկ նրանց նկարը մեծ տպել՝ կպցնել հյուրանոցի պատին: Նրանց ընկերությունը լավ օրինակ է նաև մարդկանց համար», - նշեց հյուրանոցի հիմնադիրը:

Վերջերս «Արևի»-ում մեկ այլ գամփռ էլ է հայտնվել՝ որձ Լեռը: Գևորգի ընկերոջ շունն է, որին բերել են հյուրանոց՝ ձմեռելու հարմար պայմաններում, ինչպես նաև ծանոթանալու գեղեցկուհի Շողի հետ: Շները դեռ 10-11 ամսական են, ինչպես նշեց Գևորգը՝ անչափահաս, բայց եթե առաջին ծանոթությունը լավ անցնի, գուցե ձագեր էլ ունենան:

Փիսոն չի վախենում նաև Լեռից, հանգիստ օգտվում է նաև նրա բարությունից և ջերմությունից, և ընդհանրապես շատ ազատ է պահում իրեն, կարծես, չգիտի, որ փոքրիկ փիսոները պետք է վախենան մեծ շներից: Շներն էլ չգիտեն, որ «մեծ են և վախենալու», և այդ չիմացությունն էլ ծնել է այս հրաշք ընկերությունը Վայոց ձորի լեռներում:

Ի դեպ, մինչև մեզ հետ զրույցը հյուրանոցի անձնակազմից որևէ մեկը չի հետաքրքրվել՝ ինչ սեռի է ձագուկը: Պարզեցինք՝ փիսոն տղա է: Բայց դեռ անուն էլ չունի, բոլորի համար ուղղակի փիսո է: Որոշեցինք բոլորով միասին ընտրել անուն Շողի ընկերոջ համար:

Ընթերցեք նաև. Վայոց ձորում բացվել է Հայաստանի առաջին կոնտեյներ-հյուրանոցը

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---