Բիզնես լեդիից՝ տաքսիստ, վաճառողից՝ դիզայներ

Բիզնես լեդիից՝ տաքսիստ, վաճառողից՝ դիզայներ

Ինչպես գումար վաստակել կարանտինի պայմաններում

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակումների հետևանքով միլիոնավոր մարդիկ զրկվել են աշխատանքից կամ ժամանակավորապես գործազուրկ դարձել, առավել հաջողակները ստիպված են աշխատել տնից: Բոլոր երկրների տնտեսությունները ճգնաժամի առջև են կանգնած, իսկ փարձագետներն ասում են` համավարակի հետևանքները հաղթահարելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի:

PanARMENIAN.Net - Հայաստանում ևս շատ մարդիկ են զրկվել աշխատանքից, ոմանք՝ եկամուտների մի մասից: Իսկ ի՞նչ անել այդպիսի իրավիճակում՝ նստե՞լ և սպասել, դիմե՞լ պետության, բարեկամների և ծանոթների օգնությանը, հանել «սև օրվա» համար պահած խնայողություննե՞րը: Ոմանք ընտրում են այդ տարբերակները, իսկ մյուսները որոշում ընդունել խաղի նոր կանոններն ու, հարմարվելով ներկա պայմաններին, գտնել եկամտի այլ աղբյուրներ, ձեռք բերել նոր մասնագիտություն, վաստակել գումար հնարավոր թույլատրելի տարբերակներով:

PanARMENIAN.Net -ը զրուցել է այն մարդկանց հետ, ովքեր չեն վախեցել փորձել նորը, սկսել զրոյից ու չընկճվել:

Երբ տաքսու վարորդն իրոք բիզնես ունի, բայց չի պատմում ուղևորներին դրա մասին. Իկա Միլիտոսյան

«Սիրով» զարդերի խանութների ցանցի հիմնադիր Իկա Միլիտոսյանի բիզնեսն առաջիններից է, որ հայտնվել է հարվածի տակ. զարդերը համավարակի պայմաններում կենսական անհրաժեշտության ապրանքների թվում չեն, ուստի երևանյան թվով 13 խանութը մարտի 14-ից՝ ԱԴ սկզբից փակ են, իսկ մարտի սկզբից՝ ՀՀ-ում առաջին դեպքի գրանցումից ի վեր, աշխատել են 50%-ով: Իկան ստիպված գտել է եկամտի այլ աղբյուր:

«Հասկացա, որ եթե հիմա չփորձեմ ինքս օգնել իմ բիզնեսին, վաղը ստիպված կլինեմ աշխատողներին կրճատել: Այս ճգնաժամը խանութների բացվելով չի վերջանա, դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն գնել ոչ առաջին անհրաժեշտության իրեր: Ուստի արդեն 17 օր է, ինչ տաքսի եմ վարում», - պատմեց Իկան:

Նրա խոսքով՝ մինչ այդ դիմել է առաքում իրականացնող որոշ ընկերությունների, սակայն առաքչի աշխատանքի տեղավորվել չի հաջողվել, ասում է՝ գուցե մեքենայի թանկարժեք մակնիշի պատճառով մտածեցին, որ արդարացված չի լինի ծախսը:

«Հիմա գերխնդիրս աշխատողներին չկրճատել ու կարողանալ չաշխատած օրերի համար վճարելն է: Աշխատողներս 36-ն են, ու ծախսերը բավականին մեծ են: Իսկ եթե սրան գումարենք նաև տարածքի վարձակալությունն ու հարկերը, սարսափելի մեծ ծախս է դառնում: Առանց կողմնակի միջամտության շատ ավելի դժվար կլինի», - կարծում է «Սիրովի» հիմնադիրը:

Ասում է՝ այն վարորդներից է, ով իսկապես կարող է գլուխ գովել սեփական բիզնես ունենալով, սակայն երբեք ուղևորների հետ չի խոսում այդ թեմայով: Վարորդ դարձած բիզնես լեդին չի բողոքում նոր աշխատանքից, ասում է՝ պատվերները շատ են, ընթացքն էլ՝ հետաքրքիր:

«Ամեն պատվեր նոր պատմություն է, նոր տեսակետ, նոր կարծիք: Ինձ շատ է դուր գալիս, երբեք այսքան անծանոթ մարդկանց հետ չեմ շփվել: Ամեն պատվերին անհամբեր սպասում եմ, թե ով է լինելու ուղևորս, ինչ երաժշտություն կնախընտրի: Շատերն անձնական համար են խնդրում, երկրորդ, երրորդ անգամ զանգում. արդեն մշտական հաճախորդների բանակ ունեմ», - կատակում է Իկան:

Ասում է, որ խանութների վերաբացումից հետո դեռ 1 ամիս էլ հաստատ կաշխատի, իսկ հետագայում գուցե էլի զբաղվի այդ գործով, եթե ժամանակը ների:

Ճիշտ ժամանակին կանխատեսելու ու կողմնորոշվելու մասին. Հայկ Մեսսիա

Հայկն արդեն 7 տարուց ավելի է՝ ՏՏ ոլորտում նախագծերի ղեկավարմամբ է զբաղվում: Վերջին շրջանում մի խոշոր ընկերության հավելվածի բիզնես խորհրադատուն էր, սակայն պանդեմիան ազդեց նաև այդ ոլորտի վրա:

«Մարտի կեսից սկսեցինք տնից աշխատել, առաջին շաբաթն աղետ էր, հետո սովորեցի, բայց մեկ է՝ երկար չտևեց, դուրս եկա այդտեղից: Իմ մասնագիտությամբ տնից աշխատելն այն չէ, ոնց որ լինես շեֆ խոհարար ու տնից ուտելիք պատրաստես», - ասում է Հայկը:

Պատմում է, որ վաղուց էր ուզում մի մասնագիտության տիրապետել, որը թույլ կտար ավելի մոբիլ աշխատել՝ ֆիզիկապես չգտնվելով աշխատավայրում և համատեղելով դա ճամփորդելու հետ:

«Դեկտեմբերի վերջում ընկերս պատմեց այս վիրուսի մասին և թե ինչ է կատարվում Չինաստանում: Ու ես կանխազգացում ունեցա, որ դա մեզ էլ կարող է հասնել, սկսեցի մտածել՝ ինչ կարելի է անել, որպեսզի ոչ մեկից կախում չունենամ ու աշխատեմ՝ որտեղից ուզեմ։ Udemy-ով օնլայն կուրսեր անցա ու շատ արագ սովորեցի Wordpress-ի վրա կայքեր հավաքել։ Կողքից կինս էլ հավեսի ընկավ ու միացավ ինձ, հիմա կայքեր ենք պատրաստում», - պատմում է Հայկը:

Ասում է, որ պանդեմիայի սկզբից արդեն արել էր բոլոր հաշվարկները, ու իր ընտրած տարբերակն ամենաէֆեկտիվն է: Պլանավորում է հետագայում խորացնել գիտելիքները ու շարունակել նույն ոլորտում:

Երբ տուրիստական սեզոնը չի բերում տուրիստ. Սեյրան Յայլախանյան

Սեյրանը 2019-ի ամռանը հոսթել էր բացել քաղաքի կենտրոնում: Առաջին տուրիստական մեծ ալիքից հետո եկավ ձմեռը, որը եկամտաբեր սեզոն չէ, բայց Սեյրանը հույս ուներ, որ գարունն իր հետ կբերի տուրիստներ ու գումար, իսկ գարունը սկսվեց պանդեմիայով ու կարանտինով:

«Չնայած ծանր հանգամանքներին, հատկապես ձմռանը, երբ տուրիստական սեզոնն ահավոր պասիվ էր` չփակեցի այն, հույսով, որ գարուն է գալու՝ թեժ է լինելու: Ձմռանը կորստով եմ աշխատել, բայց գարունը եկավ ու «հարամ արեց» ամեն ինչ: Երևի տուրիստական ոլորտն ու հյուրանոցային տնտեսության օբյեկտներն ամենաշատը տուժեցին այս վիրուսից: Հիմա արդեն բոլորիս էլ պարզ է, որ այս տարի տուրիստական սեզոնը կարող ենք դեռ չբացված՝ փակել, որովհետև ոչ ոք չի համարձակվի այլ երկիր մեկնել», - ասում է Սեյրանը:

Այդ պայմաններում էլ հենց որոշեց, որ պետք է նոր բիզնես հիմնել:

«Ի՞նչ է անում առողջ տղամարդը կարանտինային ազատ ժամանակ: Ճիշտ է՝ մտածում է: Ես էլ մտածեցի մաքրման ծառայություն բացել», - պատմում է նախկին հոսթելիերը:

Ըստ նրա՝ մաքրման ոլորտում մրցակցությունը բարձր չէ, ու դեռ ներքին պահանջարկն ամբողջովին բավարարելու խնդիր կա:

«Բոլոր ուժերս կենտրոնացրի մաքրման ծառայության մասին ավելի շատ տեղեկանալու վրա: Հիմա արդեն բացել եմ, ու մեր ծառայությունը զբաղվում է բնակարանների, օֆիսային տարածքների ու այլ նշանակության օբյեկտների մաքրմամբ: Հետագայում, եթե արդարացնի, կավելացնեմ նաև քիմմաքրումը», - ասում է Սեյրանը՝ հավելելով, որ անպայման կպահպանի նորաստեղծ ընկերությունը, իսկ հոսթելը կվերաբացի, եթե «աշխատելու գոնե 1% հավանականություն լինի»:

Նոր մասնագիտություն կարելի է ձեռք բերել անգամ վարկով. Եվգենյա Սարգսյան

Եվգենյան մինչև կարանտինն աշխատում էր սպորտային խանութում որպես վաճառողուհի: Սակայն մարտի 14-ից հետո զրկվել է եկամտից, թեև չի կորցրել աշխատանքը:

«Կարանտինից առաջ գրաֆիկ դիզայնի դասընթացների էի գնում, որպեսզի ծանոթանամ մասնագիտությանը: Մինչ այս պահը մասնագիտություն չեմ ունեցել:

Կարանտինի ընթացքում վարկ վերցրեցի ու անցա գրաֆիկ դիզայնի ինտենսիվ դասընթաց, ստացա վկայական, ու հիմա աշխատում եմ: Իհարկե, ոչ ստաբիլ եկամտով ու ոչ խիտ գրաֆիկով, բայց կարանտինի պարագայում, կարծում եմ, սա էլ վատ չէ», - ասում է Եվգենյան:

Նրա խոսքով՝ սա ամենահարմար ժամանակն է նոր բան սովորելու: Մինչև կարանտինը շատ դժվար էր աշխատանքի հետ համատեղել նաև դիզայնի դասընթացները: Ասում է, որ դեռ չի հրաժարվի վաճառողուհու աշխատանքից:

«Կվերադառնամ, բայց կշարունակեմ համատեղել դիզայնի հետ այնքան, մինչև հմտանամ նոր գործի մեջ ու վերջնական փոխեմ աշխատանքի ոլորտը», - նշում է Եվգենյան:

Ի՞նչ անել, եթե ունես տուրիստական ընկերություն, բայց չկա տուրիստ. Վահե Շահվերդյան

ՀՀ ամենախոշոր տուրիստական ընկերություններից մեկի՝ Beauty of Armenia Tour-ի հիմնադիր Վահեն զրկվել է ամեն տեսակի եկամտից: Ոլորտը դեռ երկար ժամանակ կաթվածահար կմնա, իսկ ապրուստի միջոցներ միշտ են պետք:

«Աշնանը լիներ այս ամենը, էլի մի կերպ «յոլա կգնայինք», բայց ծանր ձմեռվանից հետո այս ամենն ուղղակի ահավոր է», - ասում է նա:

Վահեն պետությունից 35,000 դրամի չափով աջակցություն է ստացել, բայց ասում է՝ հասկանում է ամեն բան, չի բողոքում:

«Ծանր ձմեռվանից հետո հայտնվել էի բանկային ուշացումների մեջ: Որոշ վարկային կազմակերպություններ ու բանկեր հաշվի չառան երկրում տիրող իրավիճակը, և այժմ պարտքերի պատճառով հայտնվեցինք «սև ցուցակում»: Իրավիճակից դուրս գալու ու ինչ-որ եկամուտ ստանալու համար թվային մարքեթինգով զբաղվող ընկերություն եմ հիմնել: Դեռ եկամուտ չի բերում, բայց միակ հույսս այժմ դա է», - պատմում է Վահեն:

Ասում է՝ 1500-ից ավելի տուրիստական գործակալություն է փակվել, և մեծ մասը դժվար էլ վերաբացվեն. ոլորտն ահռելի կորուստներ է կրում: Հույս է հայտնում, որ գոնե վերաբացումից հետո իր տուրիստականը կկարողանա աշխատել, քանի որ ներքին տուրիզմի առաջատարներից է:

«Կարանտինի ավարտը դեռ ոչինչ չի նշանակում: Մարդիկ էլ պետք է գումար ունենան, որ կարողանան օգտվել մեր ծառայություններից: Ինձ նման երիտասարդ գործարարներին ոչինչ պետք չէ, մենակ թե թույլ տան՝ աշխատենք, «սև ցուցակներից» էլ հանեն», - նշում է Վահեն:

Հույս ունի, որ նոր հիմնադրած ըներությունը գոնե մեկ ամսից կսկսի եկամուտ բերել:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես զինծառայողը տուն չգնեց բանկի՝ պայման փոխելու պատճառով
Porsche Cayenne Coupé-ի թեստ-դրայվը՝ Հայաստանում
Հոգեբանը՝ «կորոնաճգնաժամը» հաղթահարելու մասին
 Ուշադրության կենտրոնում
Հայրիկները 5-օրյա արձակուրդ կստանան մինչև նորածնի 1 ամիսը լրանալը

Հայրիկները 5-օրյա արձակուրդ կստանան մինչև նորածնի 1 ամիսը լրանալը Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները

 Բաժնի այլ նյութերը
Վատ են բոլորը, բացի ՏՏ-ից Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում
Չիպավորումը հսկողությա՞ն, թե՞ հարմարության միջոց Զրույց բիոչիպեր արտադրող գործարարի հետ
Ցտեսություն, մասնագիտություն Ինչու են շատ ու շուտ ձանձրանում երիտասարդ լրագրողները