Լանսարոտեի աղմկահարույց կոնվենցիան

Լանսարոտեի աղմկահարույց կոնվենցիան

Ինչ է և ինչի համար է

Հայաստանում արդեն 3-րդ օրն է՝ քննարկվում է Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը մայիսի 11-ին վավերացրել է Ազգային ժողովը։

PanARMENIAN.Net - Ոմանք կարծում են, թե Հայաստանին վաղուց էր նման կոնվենցիա հարկավոր, սակայն շատերին մտահոգում է այն, որ «կոնվենցիան ուղղված է ազգային արժեքների դեմ»։

PanARMENIAN.Net ը սեղմ ներկայացնում է, թե ինչ է իրենից ներկայացնում այս կոնվենցիան։

2007-ին իսպանական Լանսարոտեում ստորագրված կոնվենցիան միջազգային համաձայնագիր է, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում երեխաների սեռական շահագործման համար։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որն ուղղված է երեխայի շահագործման կանխարգելմանը նաև տանն ու ընտանիքում։

Կոնվենցիան վավերացրած երկրները համաձայնություն են տալիս քրեական պատասխանատվությանը սեռական համաձայնության տարիքի չհասած երեխաների հանդեպ սեռական գործողությունների համար, անկախ կոնտեքստից։ Բացի այդ, կոնվենցիան պարտավորեցնում է քրեական պատիժ սահմանել երեխաներին մարմնավաճառության մեջ նեգրավելու, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիայի (ներառյալ այն ամենը, որտեղ երեխան պատկերված է բացահայտ սեռական բնույթի իրական կամ ձևացյալ գործողություններ կատարելիս, կամ երեխայի սեռական օրգանների ցանկացած ցուցադրում` գլխավորապես սեռական նպատակով) արտդրության, տրամադրման, տարածման, ձեռքբերման և պահման համար։ Առաջարկվում են մի շարք միջոցներ, որոնք ուղղված են երեխաների սեռական շահագործման կանխարգելմանը։

Ըստ կոնվենցիայի, երեխա է համարվում 18 տարին չլրացած անձը։

«Յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ բարձրացնելու երեխաների հետ կանոնավոր կերպով շփումներ ունեցող անձանց իրազեկության մակարդակը երեխաների պաշտպանության և նրանց իրավունքների երաշխավորման հարցերում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ, ինչպես նաև այն ոլորտներում, որոնք կապված են սպորտի, մշակույթի և ազատ ժամանցի կազմակերպման հետ», - ասվում է 5-րդ հոդվածում։

Նշվում է, որ երեխաների հետ չպետք է աշխատեն մարդիկ, որոնք նախկինում դատապարտված են եղել երեխաների հանդեպ սեռական բռնությունների հետ կապված գործողությունների համար։

Կոնվենցիան վավերացրած երկիրը պարտավորվում է տարրական և միջին դպրոցական կրթական ծրագրերում ներառել երեխաների համար նախատեսված տեղեկատվություն «սեռական շահագործման և սեռական բռնության, ինչպես նաև դրանից սեփական անձը պաշտպանելու մասին»՝ ըստ տարիքային զարգացման։ Նման տեղեկատվությունը, որը տրամադրվում է անհրաժեշտության դեպքում ծնողների հետ գործակցությամբ, տրվում է սեռական դաստիարակության առավել լայն համատեքստում, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում վտանգներին, որոնք կապված են նոր տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաների հետ:

Կոնվենցիայով նաև օգնություն է նախատեսվում բռնության զոհերին, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում. խոսքը երեխայի ֆիզիկական և հոգեբանասոցիալական վերականգնման մասին է։ Եթե երեխաները կամ խնամակալները կապ ունեն երեխայի հանդեպ սեռական բռնության հետ, մեկուսացման հնարավորություն է նախատեսվում ինչպես զոհի, այնպես էլ բռնարարի համար։

Կոնվենցիան արդեն 47 երկիր է վավերացրել, այդ թվում` ՌԴ-ն, Ադրբեջանը, Ուկրաինան, Վրաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան, Հունաստանը, Կիպրոսը և այլ։ ՀՀ-ն ստորագրել էր կոնվենցիան դեռևս 2010-ին։

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես զինծառայողը տուն չգնեց բանկի՝ պայման փոխելու պատճառով
Porsche Cayenne Coupé-ի թեստ-դրայվը՝ Հայաստանում
Հոգեբանը՝ «կորոնաճգնաժամը» հաղթահարելու մասին
 Ուշադրության կենտրոնում
Հայրիկները 5-օրյա արձակուրդ կստանան մինչև նորածնի 1 ամիսը լրանալը

Հայրիկները 5-օրյա արձակուրդ կստանան մինչև նորածնի 1 ամիսը լրանալը Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները

 Բաժնի այլ նյութերը
Վատ են բոլորը, բացի ՏՏ-ից Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում
Չիպավորումը հսկողությա՞ն, թե՞ հարմարության միջոց Զրույց բիոչիպեր արտադրող գործարարի հետ
Ցտեսություն, մասնագիտություն Ինչու են շատ ու շուտ ձանձրանում երիտասարդ լրագրողները