Riceիստական սկանդալ

Riceիստական սկանդալ

Հայերին զրկում են մրցանակից բրնձի «վիրավորական» փաթեթի պատճառով

Հայկական Backbone Branding-ը հայտնվել է ռասիզմի մեջ մեղադրանքների կիզակետում: Ընկերությունը, որը հայտնի է նաև ՀՀ սահմաններից դուրս ապրանքների համար փաթեթավորման կրեատիվ լուծումներով, որոնք հեղինակավոր բազմաթիվ մրցաբաշխություններում մրցութային տեղեր են զբաղեցրել, խնդիր է ունեցել իր հերթական տարբերվող փաթեթավորման դիզայնի պատճառով:

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ին պատմեց ընկերության հիմնադիր Ստեփան Ազարյանը, Backbone Branding-ը մշակել էր փաթեթավորում բրնձի Riceman տեղական բրենդի համար՝ ասիացի մարդկանց գլուխների տեսքով: Այդ փաթեթավորումը 2019-ին հաղթող էր ճանաչվել Pentawards հեղինակավոր մրցույթում, իսկ բոլորովին վերջերս երկրորդ տեղն էր գրավել Dieline փաթեթավորման դիզայնի միջազգային մրցույթում:

«Վերջերս բոլորովին պատահաբար մեր աշխատակիցներից մեկը Twitter-ում Dieline-ի էջում հանդիպում է Riceman-ի շուրջ ծավալվող քննարկմանը, որտեղ որոշ օգտատերեր որակում են փաթեթավորման դիզայնը ռասիստական: Մրցույթի կազմակերպիչն էլ ներողություն է խնդրում, նշում, թե սխալմունք է եղել, ասում, որ մեր տիտղոսը չեղյալ կհայտարարեն: Եվ այդ ամենը կատարվում է թվիթերյան մեկնաբանությունների մակարդակով», - նշեց Ազարյանը:

Նրա խոսքով՝ Dieline-ից, սակայն, իրենց տեղյակ չեն պահում, և որոշ ժամանակ անց իրենք են դիմում մրցույթի ներկայացուցիչներին՝ պահանջելով պարզաբանում: Backbone-ին պատասխանում են, որ իրենց զրկել են մրցանակից, սակայն հրաժարվում են հանրային կերպով հայտարարել այդ մասին:

«Մեզ քննադատող թվիթերյան քննարկումը սկսել են ասիացիներ, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամերիկաբնակ ասիացիներ են: Մենք կապ հաստատեցինք մեր գործընկերների հետ տարբեր երկրներում, հարցրինք նրանց կարծիքը. Եվրոպայից մինչև Չինաստան ոչ մեկ ռասիզմ չտեսավ սրա մեջ: Նաև հարցումների մակարդակով ենք փորձել կարծիքներ ստանալ, էլի այդ տարածաշրջանից ռասիզմի մասին կարծիքներ չհնչեցին: Եվ իրականում մեր նախագիծը կապ չունի ռասիզմի հետ, հակառակը. այն իրականացվել է որպես հարգանքի տուրք ասիացի այն ֆերմերներին, որոնց ծանր աշխատանքն ու նվիրվածությունը ոգեշնչել են մեզ», - պատմեց ընկերության հիմնադիրը:

Ազարյանը նշեց, որ ընկերության ինստագրամյան էջում ևս քննարկում է ծավալվել թեմայի շուրջ, կարծիքները կիսվել են. ըստ իրենց դիտարկումների՝ գաղափարի մեջ ռասիզմ են տեսնում հիմնականում ամերիկաբնակ ասիացիները, իսկ չինացիներն առավելապես դրական են ընդունում:

«Հակված եմ մտածելու, որ մրցույթի ղեկավարությունը վախեցել է, որ գուցե ամբողջ աշխարհում ռասիզմի թեմայի բուռն քննարկումների ֆոնին իրենց վրա ցեխ շպրտեն, և փորձել է ապահովագրել իրեն: Բայց մեզ ավելի շատ վախեցնում է երևույթը, որ այսպիսի բաներով փորձում են լռեցնել ու սահմանափակել մշակույթը, ստեղծագործականը: Այժմ արդեն չենք կարող ազատությամբ ու համարձակությամբ անել դիզայն, որովհետև գուցե ամերիկացիները կամ ուրիշները խնդիր տեսնեն», - մտահոգություն հայտնեց Ազարյանը:

Նրա խոսքով՝ Backbone Branding-ը չի լռելու և պահանջելու է մրցույթի ղեկավարությունից պաշտոնական հայտարարություն տիտղոսից իրենց զրկելու վերաբերյալ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---