Ինչպես անել լավ գործ ու անպատիժ մնալ

Ինչպես անել լավ գործ ու անպատիժ մնալ

Բարեգործությամբ զբաղվողները՝ «գլուխը ծակելու» և մուննաթի մասին

Լավություն անողի գլուխը ծակ լինելու մասին խոսքը, որքան թևաթափ անող, այնքան էլ ճշմարտություն պարունակող է։ Վերջին շրջանում առնվազն երկու անգամ հանրային քննարկվեց ու քննադատվեց բարեգործություն անելու հետևանքները (Արտուշ պապի բողոքը տան նորոգումն ու բազմազավակ մայրը, ով 2 տարի անվճար տրված կացարանը վերցնելուց հետո սպառնում էր ծայրահեղ մեթոդներով)։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը հարցրել է բարեգործություն անողներին՝ ինչպես «ճիշտ» լավություն անել ու չհիասթափվել, երբ արածդ չեն գնահատում։

Մարդասիրական նախաձեռնությունների հեղինակ Արմեն (Արմոս) Մարտիրոսյանն ասում է, բարեգործություն անելու ու պարտքի տակ չմնալու ունիվերսալ խորհուրդ չկա, բայց պետք է գրագետ և նրբանկատ գործել՝ հակառակ դեպքում կա հավանականություն, որ կարող ես օգնելու փոխարեն վնասել։ Ինքն անձամբ բարեգործություն անում է սոցիալական պատասխանատվությունից ելնելով, բացի այդ՝ դիմացինին օգնելով ինքն է խաղաղություն ու ներդաշնակություն ստանում.

«Դիմացինին օգնել կարելի է տարբեր եղանակներով, սակայն շատ կարևոր է, որ մարդուն օգնելը չլինի պարտադրված, և նա պատրաստ լինի ընդունելու այդ օգնությունը: Կարևոր է նաև օգնել այնպես, որ կարիքավոր մարդը քեզնից կախվածություն ձեռք չբերի: Շատ նուրբ ոլորտ է, եթե ամենը գրագետ չկազմակերպվի, հավանականությունը քիչ չէ, որ դիմացինին օգնելու փոխարեն կարող ես վնասել, նման հարցերում պետք է շատ նրբանկատ լինել»,- ասում է նա։

Արմենը սովորաբար օգնում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին, որոշ դեպքերում նաև մեծահասակներին, որոնք պայքարում են կյանքի համար։ Ասում է՝ հնարավոր ամեն ինչ արվում է, որ հիվանդի բուժման համար անհրաժեշտ գումարը հանրային դրամահավաքի միջոցով հավաքելուց սկսած մինչև հիվանդանոցային բուժումն իրականացվի պատշաճ:

Արմենի խոսքով՝ քիչ չեն նաև դրամական աջակցության համար իրեն դիմողները, որոնք անհետանում են, երբ աշխատանք գտնելու հարցը լուծել է առաջարկում։

«Պատրաստ չեն իրենց ու իրենց ընտանիքի կարիքները հոգալ աշխատանքի միջոցով, ավելի հեշտ ու շահութաբեր միջոց են գտել` դրամական օգնության խնդրանքով դիմել հնարավորինս շատ մարդու, և հույս ունենալ, որ նրանց մի մասը կարձագանքի: Նման դեպքերում խուսափում եմ աջակցելուց, քանի որ այս դեպքում իրեն և իր ընտանիքին ավելի շատ կվնասեմ, քան կօգնեմ. սովորաբար խնդիրը փոխանցում եմ պատկան մարմիններին: Ցավոք, մեր հանրության մեջ բարեգործության երևույթը, հատկապես սոցիալական բնույթի խնդիրներ ունենալու դեպքում, հաճախ սխալ է ընկալվում, և դրան առաջին հերթին նպաստել է հենց բարեգործություն անելիս գիտակցված կամ չգիտակցված ոչ ճիշտ գործելը»,-ասում է նա։

Արմենը նշում է՝ կարևոր է նաև հասնել ըմբռնման, որ թեև հանրության մեջ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են քո ծանր պահերին օգնության հասնել, և դա է հենց բարեգործության «հմայքը», բայց միևնույն ժամանակ դու չես դադարում պատասխանատու լինել քո և ընտանիքիդ համար։

«Բարի մամա» ՀԿ հիմնադիր նախագահ Մարինա Ադուլյանն ասում է` իրենց գործունեության 6 տարվա ընթացքում շահառուները միայն շնորհակալ են եղել երեխաներին աջակցելու համար, սակայն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով բախվել են նաև որոշ շահարկումների։

Ըստ Ադուլյանի՝ մարդուն ճիշտ օգնելու համար նրան գումար տալ պետք չէ, անհրաժեշտ է կատարել ընտանիքի սոցիալական գնահատում, մշակել ճգնաժամից դուրս բերելու պլան և գործել չվնասելով։

«Որ չսովորեն աջակցություն ստանալով ապրել, չդառնան հասարակության քաղցկեղային մաս: Պարտադիր կազմել ընդունման-հանձնման ակտ, հաշվետու լինել լուսանկարներով»,-եզրափակում է նա։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինժեներն ու իրանագետը՝ իսրայելական դրոնների դեմ հայ-իրանական գործակցության մասին
Ինչպես էին հայերը նյույորքցիներին ուղարկում օվկիանոսի ափից միդիա հավաքելու
Ինչու են արտագաղթած մարդիկ հարազատի աճյունը հայրենիք տանում
Ինչու են շատ ու շուտ ձանձրանում երիտասարդ լրագրողները
 Ուշադրության կենտրոնում
Oգոստոսի 11-12-ին 3-5 աստիճանով կհովանա

Oգոստոսի 11-12-ին 3-5 աստիճանով կհովանա Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ

 Բաժնի այլ նյութերը
Նոր գրքի հոտը Լավ զգացողություններ ստեղծող գրողներ` տաքուկ երեկոյի ուղեկից
Ամենածիտ դասերը՝ Coursera-ից Կիթառ նվագելուց մինչև բարօրության գիտություն