Շալոմ ալեյկում

Շալոմ ալեյկում

Ինժեներն ու իրանագետը՝ իսրայելական դրոնների դեմ հայ-իրանական գործակցության մասին

Հուլիսի 29-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել էր Իսրայելի «ոխերիմ բարեկամ» Իրանի դեսպանին ու ռազմական կցորդին․ զրույց էր գնացել Տավուշում ԱԹՍ-ների կիրառման և դրանց դեմ պայքարի մասին: PanARMENIAN.Net-ն իսրայելական ԱԹՍ-ների հակազդման գործում 2 երկրների գործակցության հեռանկարների ու հարակից թեմաների մասին զրուցել է իրանագետ Ժաննա Վարդանյանի և ԱԹՍ-ների նախագծմամբ զբաղվող ինժեներ Սարգիս Հայրապետյանի հետ։

PanARMENIAN.Net - Նախ` Ի՞նչ օգուտ խոցված անօդաչուներն ուսումնասիրելուց․ Սփոյլեր՝ մեծ

Ինժեներ Սարգիս Հայրապետյանն ասում է՝ այն ՀՕՊ միջոցների համար, որոնցով ՀՀ բանակը խոցել է իսրայելական անօդաչուները, էական տարբերություն չկա, թե ինչ կոմպոնենտներ կան սարքերի մեջ, ՀՕՊ միջոցները պարզապես ռադարով հայտնաբերում և խոցում են դրանք․ «Այսինքն այստեղ ավելի էական է, թե մեր ՀՕՊ միջոցները ինչքանով են զարգացած, իսկ թե կոնկրետ ինչ էլեկտրոնային կոմպոնենտներ ունեն անօդաչուները, այդքան էլ էական չի»։

Սարքերն ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և անօդաչու թռչող սարքերի նախագծմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությունների և մասնագետների համար։

Եթե այդ անօդաչու թռչող սարքերն անվնաս են իջեցվել կամ մասամբ են վնասված, և հնարավոր է դրանց տարբեր հանգույցները կամ ամբողջությամբ իրար միացնելով գործարկել, դա շատ մեծ առավելություն է ՌԷՊ միջոցներով զբաղվող, արտադրող և այդ միջոցները կիրառող մարդկանց համար։ Սարգիս Հայրապետյանը բացատրում է, որ վերլուծելով իրենց էլեկտրոնային կոմպոնետները, հնարավոր է լինում հասկանալ, թե սարքերն ինչ հաճախականություններում և ինչ տիրույթներում են աշխատում, ինչ ռադիոկապեր են օգտագործվում. դա հետաքրքիր է ռադիոլոկացիոն պայքարի միջոցները զարգացնելու տեսանկյունից։

Այդ խոցված անօդաչու սարքերն արտադրվում են մեծ փորձ ունեցող մեծ ռազմարդյունաբերական ընկերություններում, որոնց փորձը, կիրառած տեխնիկական և ինժեներական լուծումներն ուսումնասիրվում են և կարող են օգտագործվել տեղական անօդաչու սարքերում։

Իրանն ու անօդաչու թռչող սարքերը

Իրանցիները բավականինն լայն փորձ ունեն ինչպես անօդաչու թռչող սարքերի արտադրության, այնպես էլ դրանց դեմ պայքարի ոլորտում։ Ժաննա Վարդանյանը նշում է, որ տարբեր տարիներին իրանցիներին հաջողվել է խոցել ինչպես ամերիկայն, այնպես էլ իսրայելական անօդաչու թռչող սարքեր։ 2014 թվականին իրանական կողմի հաղորդմամբ խոցվել էր իսրայելին պատկանող Hermes-450 ԱԹՍ Նաթանզի միջուկային օբյեկտի մոտակայքում և ինչն ավելի հետաքրքիր է՝ ԱԹՍ արձակվել էր Իրանի հյուսիսային հարևան Ադրբեջանի տարածքից։

Իրանագետը հայտնում է, որ շատ դեպքերում Իրանին հաջողվել է ստեղծել որսացած-խոցված ԱԹՍ-ների կրկնօրինակները, որոնք ներկայացվել են տարբեր տարիներին՝ ենթարկվելով փոփոխությունների, արդիականացումների և անգամ ստեղծվել են նոր մոդելներ․ «Իհարկե արտաքնապես դրանք շատ նման են խոցված ԱԹՍ-ների, իսկ կոնկրետ իրենց տեխնիկական հատկություններով ինչքանով են նման, դժվարանում եմ ասել, իրանցիների պնդմամբ` դրանք ավելի արդիականացված են, քան բնօրինակը»։

Ժաննա Վարդանյանի խոսքով՝ ոչ Իրանը, ոչ էլ Հայաստանը նորեկ չեն անօդաչուների դեմ պայքարում և այս ոլորտում ուշի ուշով հետևում են միմյանց ձեռքբերումներին, առկա են նաև համագործակցության հեռանկարներ։ Բայց քանի որ պաշտոնապես որևէ բան չի հայտարարվել կամ ծանրակշիռ ակնարկներ չեն եղել, հստակ հնարավոր չէ ասել աշխատանքներ տարվել են արդյոք թե ոչ․ «Գուցե տարվել են, բայց դրանց մասին չի բարձրաձայնվում, կամ գուցե այս վերջին դեպքերից հետո ավելի ակտիվանան և փորձեն համագործակցության մեխանիզմներ մշակել, սակայն հնարավոր է դրանց մասին չհայտարարվի, այդ առումով դժվար է ասել»։

Իրանագետի կարծիքով` այս ամենը պետք է դիտարկել նաև հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների կոնտեքստում, այն է՝ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման կոնտեքստում։

«Մենք փորձում ենք Իսրայելի հետ հարաբերություննները խորացնել, միաժամանակ իսրայելական զենքերը կիրառվում են ՀՀ դեմ։ Չի բացառվում, որ մենք էլ Իրանի հետ գործակցենք իսրայելական սարքերի և դրանց խոցման ուսումնասիրության հարցում»։

Նազենիկ Սարոյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես զինծառայողը տուն չգնեց բանկի՝ պայման փոխելու պատճառով
Porsche Cayenne Coupé-ի թեստ-դրայվը՝ Հայաստանում
Հոգեբանը՝ «կորոնաճգնաժամը» հաղթահարելու մասին
Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում
 Ուշադրության կենտրոնում
Հերքում․ Հայ բարձրաստիճան զինվորական չի զոհվել

Հերքում․ Հայ բարձրաստիճան զինվորական չի զոհվել Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

 Բաժնի այլ նյութերը
Ուղեցույց Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Չիպավորումը հսկողությա՞ն, թե՞ հարմարության միջոց Զրույց բիոչիպեր արտադրող գործարարի հետ