Նոր գրքի հոտը

Նոր գրքի հոտը

Լավ զգացողություններ ստեղծող գրողներ` տաքուկ երեկոյի ուղեկից

Բիբլիոֆիլը -ֆիլ ածանցով վերջացող հազվագյուտ բառերից է, որը լավ բան է նշանակում: Ու եթե դուք էլ եք հիանում գրքերով, դրանց հոտով, կամ թեկուզ նախընտրում եք էլեկտրոնայինն ու սիրում եք նորերը պեղել-բացահայտել, ուրեմն բռնվեք` ձեզ համար լավ նորություն կա: Այն է` լավ գրքերն անվերջ շատ են:

PanARMENIAN.Net - Գրքասերների օրվան (օգոստոսի 9) ընդառաջ PanARMENIAN.Net ն առանձնացրել է լավ զգացողություններ առաջացնող, a.k.a feel-good (չխառնել հեփփի էնդի հետ) գրքեր ու գրողներ, որոնց մասին, հավանաբար, չեք լսել:

«Հայ ֆայ», Նիք Հորնբի (High Fidelity, Nick Hornby)

Գիրք, որտեղ երաժշտությունը կերպարներին հավասար վեպի հերոս է, ու որը կարդալուց հետո ամենաքիչն ընտիր երգերի ցուցակ կհավաքեք։ Հորնբին, առհասարակ, ոչ պոպուլյար կարծիքի սիրահար է։ «Հայ ֆայում» Լորան հեռանում է Ռոբից, ու վերջինս իրեն ամենևին էլ թշվառ չի զգում։ Ընդհակառակը՝ հիմա ազատ է և կարող է անել՝ ինչ և երբ ուզի, ու ապացուցել, որ Լորան այնքան էլ կարևոր չէր։ Միակ խնդիրն այն է, որ Ռոբը, կարծես, չի կարողանում շարժվել առաջ։ Ընդհանրապես, Հորնբիի գրքերը նկարագրելը հեշտ չէ․ դրանք սովորաբար ամենասովորական կյանքերի մասին են, բայց տարբերվում են այսօր ստեղծվող գործերից, նույնիսկ իրար նման չեն։

«Հիպերբոլ ու կես», Էլի Բրոշ (Hyperbole and a Half, Allie Brosh)

Էլիին անուղղակիորեն ճանաչում է ինտերնետից օգտվող յուրաքանչյուր մարդ։ Վերևի մեմը հենց նա է ստեղծել, բայց ոչ որպես մեմ, ու հաստատ ոչ այս բովանդակությամբ, այլ որպես իր նախագծի մի մաս։ Գրաֆիկ վեպերը (կոմիքսները) հազարից մեկ են հայտնվում մարդկանց նախընտրելի գրքերի թոփ 5-ում, 10-ում կամ նույնիսկ 20-ում, բայց իզուր։ Էլին ստեղծում է փոքրիկ պատմություններ հայտնի կերպարի կյանքից՝ առօրյա ու բոլորիս ծանոթ անկապ ու անհասկանալի իրավիճակներում երիտասարդ ժամանակ մանևրելու, անսպասելիորեն ջրից չոր դուրս գալու և ֆեյսփալմ որոշումների մասին։ Իսկ եթե կասկածում եք՝ արդյոք կոմիքսները «ձերն» են, թե՝ ոչ, առաջարկում ենք ծանոթանալ Էլիի գործերից մի քանիսին նրա բլոգում։ Էլին նոր է, թարմ, սրամիտ։

«Նախագիծ «Ռոզի», Գրեմ Սիմսիոն (The Rosie Project, Graeme Simsion)

Սկսենք այնտեղից, որ Սիմսիոնը մասնագիտությամբ տեղեկատվական համակարգերի խորհրդատու է՝ այթիշնիկ, իսկ կոնկրետ այս գիրքը նրա դեբյուտն է գրական աշխարհում։ Եվ այն էլ ինչ դեբյուտ։ Գրքում 39-ամյա Դոնը փայլուն գենետոլոգ է, ունի Ասպերգերի սինդրոմ և փորձում է սերը դիտարկել որպես ճշգրիտ գիտություն ու մշակում «իդեալական հարցաշար»՝ իրեն «հարմար» կին գտնելու և նրա հետ ամուսնանալու համար։ Հետո, ինչպես և կարելի էր գուշակել, հանդիպում է Ռոզիին, ու իր վայրկյան առ վայրկյան պլանավորված կյանքը հայտնվում է քաոսի մեջ, հաճելի քաոսի։ Գրքի ամենալավ մասը գրողի արած «տնային աշխատանքն» է․ կարդում ես ու հիանում, թե ինչ մեծ զգուշությամբ է ուսումնասիրել համախտանիշն ունեցող մարդկանց առանձնահատկությունները։

Եյլի համալսարանի գրադարանը, © Beinecke digital studio

«Իմ բոլոր տկար վշտերը», Միրիամ Թեյվզ (All My Puny Sorrows, Miriam Toews)

Թեյվզը կանադուհի է, մենոնիտների համայնքի նախկին ներկայացուցիչ, ու նրա գրքերը շատ հաճախ կրոնական այդ փոքրամասնության «գրկում» անցնող սահմանափակ կյանքի մասին են։ Վեպը երկու քրոջ մասին է․ Էլֆը հայտնի դաշնակահար է, հարուստ ու կայացած մարդ, ունի սիրող ամուսին և ուզում է մահանալ, իսկ Յոլին գտնվում է աղքատության շեմին, անհաջող որոշումներ կայացնելու վարպետ է և ուզում է ամեն գնով քրոջը կենդանի պահել։ Գրքի ամեն էջում օդից կախված է միևնույն հարցը․ ի՞նչ անել։ Գրքերը հազվադեպ են լինում միաժամանակ հումորային ու սիրտ կոտրող, թև տվող ու խիստ գործնական։ Սա էլ ձեզ վառ օրինակ։

Տյանցզին-Բինհայի գրադարանը Չինաստանում, © VCG/Getty Images

«Խոհանոց», Բանանա Յոշիմոտո (Kitchen, Banana Yoshimoto)

Գիրքը լրիվ ուրիշ աշխարհի մասին է՝ այլ աշխարհայացքով ու տրամաբանությամբ շարժվող մարդկանցով։ Մի բան հաստատ է՝ խոհանոցը շատերի կյանքն է փրկել։ Տատիկի մահից հետո վերջնականապես մենակ մնացած Միկագեին իրենց հետ ապրելու են հրավիրում ծանոթի ծանոթի ծանոթները, իսկ տան հիանալի խոհանոցը բոլորին ավելի է մոտեցնում իրար։ Գրքում բոլորն ունեն անցյալ ու գաղտնիքներ, բայց հաղթահարելու համար պետք է միայն ընդունել իրար։ Յոշիմոտոն գրում է Տոկիոյի մասին՝ Արևելքին հատուկ միջավայրով ու մեզ համար անակնկալ զարգացումներով։

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Porsche Cayenne Coupé-ի թեստ-դրայվը՝ Հայաստանում
Հոգեբանը՝ «կորոնաճգնաժամը» հաղթահարելու մասին
Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում
Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
 Ուշադրության կենտրոնում
Վարչապետի որդին կամավորագրվել է

Վարչապետի որդին կամավորագրվել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին

 Բաժնի այլ նյութերը
Գնիր ավտոս՝ օգնիր Արցախին Ինչպես են մարդիկ վաճառում մեքենաները՝ հանգանակության համար
Արտոնյալ հիփոթեքի մութ խութերը Ինչպես զինծառայողը տուն չգնեց բանկի՝ պայման փոխելու պատճառով