Ցտեսություն, մասնագիտություն

Ցտեսություն, մասնագիտություն

Ինչու են շատ ու շուտ ձանձրանում երիտասարդ լրագրողները

Հայտնի փաստ է, որ լավ է այնտեղ, որտեղ չկանք, բայց մյուս կողմից՝ կարող ենք լինել մեր ուզած տեղում և չհարմարվել նաև դրա հետ, որովհետև, կրկնում եմ, հայտնի փաստ է՝ լավ է այնտեղ, որտեղ չկանք։ Միշտ փնտրելու, անընդհատ նորը որոնելու ու սիրտը կանգնելու չափ «սնդիկ» լինելու հետ մեկտեղ, լրագրողները նաև մարդիկ են, ովքեր բոլորից շատ են ուզում մի պահ կանգ առնել ու հասկանալ՝ իսկ հետո՞։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը խոսել է մինչև 25 տարեկան 2 լրագրողի հետ ու փորձել հասկանալ՝ հնարավոր է 4-ից 6 տարի բուհում սովորելուց հետո կտրուկ փոխել մասնագիտությունն ու փնտրել այն, ինչ հենց այդ պահին սիրտդ ուզում է։

Մի քիչ լրագրության, մի քիչ Z սերնդի, սեփական ընտրության հետ չհարմարվելու, նորը փնտրելու, և մի քիչ էլ այն մասին, որ կյանքն անընդհատ շարժում է, իսկ մասնագիտություն փոխելու վախը՝ անիմաստ:

Էմմա, 6 տարի սովորել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, աշխատում է որպես ուսուցիչ

Մասնագիտություն փոխելն անձի՞, թե մասնագիտության խնդիրն է։ Երկուսն էլ․ անձի խնդիր չլինի՝ կհարմարվես, մասնագիտության խնդիր չլինի՝ չես փոխի։

Ընդհանուր առմամբ, իմը պատում է չհարմարվող լինելու մասին։ Կգերադասեմ անել ֆիզիկական աշխատանք (ունեմ նման փորձ), քան մտավոր աշխատանքում ազատ չլինել։ Ինձ համար կարևոր է անկեղծ լինել ինքս ինձ հետ ու զգալ, թե ինչ եմ ուզում անել, ու անել հենց դա։ Երբ էլ չկա դա անելու տարածություն, գնալ մի տեղ, ուր կա, ստեղծել տարածություն։ Երբ շատ ես փնտրում, անկեղծ ու մանրամասն, գտնում ես քոնը։

Ես հստակ հակում ունեի դեպի մաթեմատիկան, բնական գիտությունները, և ենթադրում էի, որ կորոշեմ կամ ճարտարապետ, կամ բժիշկ դառնալը։ 16 տարեկանում սկսեցի հետաքրքրվել տեքստի հետ աշխատանքով։ Գրավում էր ռադիոյում աշխատելը, ձայնի տեսքով երևալը, բայց լրագրության ֆակուլտետի առաջին կուրսում ռադիոյի մասին պատկերացումներս ու դրա հանդեպ սերս մաշվեցին, կորան։ Որոշ խմբագրությունների պահանջների հետ առնչվելիս՝ հասկացա, որ չեմ ուզում լրագրող աշխատել։

Սկսեցի կամավորական աշխատանքներ անել, Ուրծաձոր գյուղի արվեստի դպրոցում աշխատեցի որպես ուսուցիչ, երեխաների մեծ խմբի հետ աշխատելու փորձ ձեռք բերեցի, ինքս ինձ օգտակար զգալու օրեր ունեցա։ Հասկացա, որ իմն ուսուցիչ լինելն է։ Հիմա Ռուսաստանում աշխատում եմ որպես անգլերենի ու գերմաներենի ուսուցիչ միջնակարգ դպրոցում, զբաղվում եմ արևմտահայ գրականության՝ օտար լեզուներով թարգմանությամբ, հայերենի՝ օտար լեզվով դասագրքի ստեղծման նախագծերով, թարգմանություն եմ անում գերմաներենից։ Լրագրության մեջ չեմ, որովհետև ունեի գաղափարական խնդիր այդտեղ լինելու հետ։ Երբ համալսարանում սովորողի կարգավիճակը կամ ֆակուլտետի ընտրությունը չունի նախորդ ժամանակաշրջանի լրջությունը, մասնագիտության վերջնական լինելու վախից խոսելը դառնում է անիմաստ։ Ինքդ քեզ կրթելու հակում ունես՝ վերջ։

Մելինե, 4 տարի սովորել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, աշխատում է որպես զբոսավար

Զբոսշրջության հանդեպ հետաքրքրություն ունեցել եմ դեռ դպրոցական տարիներից, երբ զարմուհիս մեր գյուղում հյուրատուն էր հիմնել ու տարբեր երկրներից հյուրեր էինք ունենում։ Ի դեպ՝ իմ առաջին աշխատավարձը՝ €10, հենց այս ոլորտում եմ ստացել։ Իսկ վերջնական որոշումս կայացրել եմ դեռ Գերմանիայում։

Ախենում, որտեղ ես էի ապրում, գրեթե ամեն օր տուրիստական խմբերի էի հանդիպում, հաճախ միանում էի նրանց, լսում զբոսավարին, ու աստիճանաբար տարվեցի այդ աշխատանքով։ Արդեն հստակ գիտեի՝ Հայաստան գալուց հետո, եթե նույնիսկ իմ մասնագիտությամբ՝ լրագրող աշխատեմ, դա ժամանակավոր է լինելու։ ՀՀ վերադառնալուց հետո լրատվական կայքերից մեկում լրագրողի աշխատանք գտա։ Այդպես էլ եղավ, լրագրող էի, բայց ուզում էի տեքստային աշխատանք անել, ամեն անգամ մեծ տհաճությամբ էի գնում նկարահանումների, նույն վերաբերմունքն ունեի նաև մոնտաժի, ձայնագրման գործընթացի հանդեպ։ Ի վերջո, մեր խմբագրությունում ընդառաջ գնացին իմ ցանկությանը և սկսեցի ռեպորտաժներ չանել։ Ամեն օրվա աշխատանքային խնդիրներն ինձ համար մոտիվացիա էին դարձրել՝ իմ նպատակին հասնելու համար․ գումար էի աշխատում ու գնում զբոսավարության դասընթացների։ Ինձ նկատեցին, դեռ դասընթացը չավարտած տուրեր վստահեցին, ու կամաց-կամաց լրագրությունից տեղափոխվեցի զբոսաշրջություն։ Եկավ ժամանակը, որ համատեղել այլևս հնարավոր չէր, ու վստահաբար ընտրեցի երկրորդը։

Երբեք չեմ ափսոսել այն 4 տարին, որ սովորել եմ լրագրության ֆակուլտետում։ Նկատի ունեմ՝ ինձ համար լրագրության հիմքը մարդն է՝ նրա կյանքը, առօրյան, խնդիրները, պատմությունները, իսկ զբոսավարներն ամեն օր շփվում են տասնյակ նոր ու հետաքրքիր մարդկանց հետ։ Մտածում եմ՝ գուցե ապագայում ճանապարհորդական ակնարկներ գրեմ, ճանապարհորդող մարդկանց հետաքրքիր պատմություններ ներկայացնեմ։ Գիտեմ՝ դա շատ մեծ սիրով կանեմ։

Եվ ամեն դեպքում, նորը սկսելու համարձակություն և տարիների աշխատանքը թողնելու ու 0-ից նորը սկսելու պատրաստակամություն քչերը չէ, որ ունեն։ Բայց եկեք չվիճենք, լրագրողներն ավելի born to create drama անհատականություններ են, և միշտ ինչ-որ բան ստեղծելու ցանկությամբ տապակվող մարդիկ։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես զինծառայողը տուն չգնեց բանկի՝ պայման փոխելու պատճառով
Porsche Cayenne Coupé-ի թեստ-դրայվը՝ Հայաստանում
Հոգեբանը՝ «կորոնաճգնաժամը» հաղթահարելու մասին
Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում
 Ուշադրության կենտրոնում
Հայրիկները 5-օրյա արձակուրդ կստանան մինչև նորածնի 1 ամիսը լրանալը

Հայրիկները 5-օրյա արձակուրդ կստանան մինչև նորածնի 1 ամիսը լրանալը Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները

 Բաժնի այլ նյութերը
Ուղեցույց Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Չիպավորումը հսկողությա՞ն, թե՞ հարմարության միջոց Զրույց բիոչիպեր արտադրող գործարարի հետ