Արտոնյալ հիփոթեքի մութ խութերը

Արտոնյալ հիփոթեքի մութ խութերը

Ինչպես զինծառայողը տուն չգնեց բանկի՝ պայման փոխելու պատճառով

Լուսինե Մկրտումովայի ամուսինը 20 տարվա զինվորական է ու 2020-ին, երբ արդեն ընդունվել էր զինծառայողներին բնակարանով ապահովման նոր նախագիծը, նրանք ևս դիմել են՝ արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու համար։

PanARMENIAN.Net - Ամուսինները նախ երկար փնտրել են նախագծի շրջանակում հիփոթեքային վարկ տրամադրող միակ՝ Արդշինբանկի հետ գործակցող կառուցապատողի, գտել մեկին, որը համաձայնել է աշխատել բանկի հետ ու նախապատրաստվել երկսենյականոց բնակարանի գնման։ Զինվորականի ընտանիքը սակայն այդ բնակարանը գնել չի կարողացել․ բանկը վերջին պահին կառուցապատողի համար պայման է փոխել։

Մկրտումովան PanARMENIAN.Net ին իր օրինակով պատմել է, թե ինչ խնդրի կարող են բախվել զինվորականները՝ արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու ճանապարհին։

Նախագծով նախատեսում է 28․5 մլն դրամի հիփոթեքային վարկավորման հնարավորություն, որի շրջանակում բնակարանի գնման գումարի 10%-ը որպես կանխավճար ֆինանսավորում է պետությունը: Անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը 7% է, որի 3%-ը սուբսիդավորելու է պետությունը, իսկ մնացած 4%-ը վերադարձվելու է վարկառուին իր վճարած եկամտային հարկի հաշվին:

«Ծրագրի պայմաններից մեկն այն է, որ կառուցապատվող շինությունը 50-80%-ով պետք է պատրաստ լինի՝ հիփոթեքով գնման համար։ Մենք գտանք այդպիսի մի կառուցապատողի, որը համաձայնեց աշխատել Արդշինբանկի հետ՝ հաշվի առնելով նաև, որ բազմաթիվ զինվորականների ընտանքիներ կարող են դիմել նրանց՝ բնակարանի ձեռքբերման համար։ Բանկում մեզ ասել են, որ եթե շենքը 80%-ով պատրաստ է, իրենք 30%-ով կփոխանցեն գումարը: Սակայն կառուցապատողը հետո զանգում է ամուսնուս ու ասում, որ բանկը միակողմանի պայման է փոխել։ Բանկը որոշել է, որ գումար կփոխանցի կառուցապատողին այն ժամանակ, երբ շենքն ավարտական ակտ ունենա (դա նշանակում է, որ շենքը և հարակից տարածքները պետք է ամբողջությամբ պատրաստ լինեն)»,- ասում է Մկրտումովան։

Ըստ նրա՝ կառուցապատողը պլանավորել է մինչև տարեվերջ ավարտական ակտ ունենալ, բանկի այդ պայմանից հետո իրենք ու ևս 8 ընտանիք զրկվել են այդ շենքում բնակարան ունենալու հնարավորությունից, կառուցապատողը խզել է նրանց հետ պայմանագրերը։

«Մեր բազմաթիվ զանգերին ու թեմայի վերաբերյալ հարցերին բանկից պատասխան չի տրվել, ֆեյսբուքյան հանրային գրառումից հետո արձագանքել են ու ասել, որ փորձում են գործակցել այլ կառուցապատողների հետ»,- ասում է նա ու հավելում, որ հենց հաջորդ օրն իրենց 2 տարբերակ է առաջարկվել, որոնք այս պահին հարմար չեն։ Ըստ նրա, սակայն, հույս կա, որ մինչև տարեվերջ խնդիրը կլուծվի, քանի որ բանկը սկսում է գործակցել։

Արդշինբանկից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ ծրագրի պայմանների համաձայն՝ կառուցապատման ընթացքում գտնվող բնակարանի դեպքում «վարկը պետք է ապահովված լինի կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով՝ մինչև սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը»:

Բանկից ասում են՝ կոնկրետ Մկրտումովայի դեպքում վարկը հաստատվել է և իրենք պատրաստ են վարկավորել՝ պայմանով, որ վարկի գումարը սառեցված կմնա կառուցապատողի հաշվին մինչև սեփականության իրավունքի գրանցումը և անշարժ գույքի գրավադրումը:

Արդշինբանկից նշում են՝ որևէ այլ զինծառայողի ընտանիքի հետ նման խնդիր չի եղել, իսկ կոնկրետ դեպքում խնդիրը կառուցապատողինն է, ոչ թե իրենցը։ Հարցին՝ քանի զինվորական է դիմել ու ստացել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու իրավունք, ասում են՝ «ծրագրով ունենք տրամադրված մի շարք այլ վարկեր, ինչպես նաև ընթացքի մեջ գործող հայտեր»:

Պաշտպանության նախարարությունից դեպք մասին իմանալով նշեցին, որ կառուցապատման 100%-ով պատրաստ լինելու պայմանն օրենքի խախտում է ու հորդորեցին նման խնդրի բախվելիս կապվել Սոցապ վարչության բնակբաժնի հետ։

Թարմացում. Հոդվածի հրապարակումից հետո արդեն պարզվեց, որ գործընթացում նկատվում է դրական դինամիկա, բանկը քայլեր է ձեռնարկում` կառուցապատողների հետ համաձայնության գալու ու հարցը լուծելու համար։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Porsche Cayenne Coupé-ի թեստ-դրայվը՝ Հայաստանում
Հոգեբանը՝ «կորոնաճգնաժամը» հաղթահարելու մասին
Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում
Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
 Ուշադրության կենտրոնում
Վարչապետի որդին կամավորագրվել է

Վարչապետի որդին կամավորագրվել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին

 Բաժնի այլ նյութերը
Գնիր ավտոս՝ օգնիր Արցախին Ինչպես են մարդիկ վաճառում մեքենաները՝ հանգանակության համար
Չիպավորումը հսկողությա՞ն, թե՞ հարմարության միջոց Զրույց բիոչիպեր արտադրող գործարարի հետ