Տագնապո՞ւմ եք, վախենու՞մ՝ դուք մենակ չեք

Տագնապո՞ւմ եք, վախենու՞մ՝ դուք մենակ չեք

Հոգեբանը՝ «կորոնաճգնաժամը» հաղթահարելու մասին

Ապագան անորո՞շ է թվում, ձեր կյանքում վախ ու տագնա՞պ է հայտնվել, վաղվա օրվա վրա այլևս վստա՞հ չեք… Դուք մենակ չեք, մենակ չեք…

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակը վատ է անդրադարձել միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա, ասում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ): Ամբողջ աշխարհում մարդիկ հայտնվել են դժվար կացության մեջ համավարակի հետևանքով ստեղծված պայմանների՝ մարդկային շփումների ու տեղաշարժի սահմանափակումների և այլ ճգնաժամային իրավիճակների պատճառով: Եվ դա չէր կարող անհետևանք անցնել:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում, և ի՞նչ անել այս պայմաններում հոգեկան առողջությունը պահպանելու համար: PanARMENIAN.Net -ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները՝ զրուցելով հոգեբան և հոգեթերապևտ Արման Բեգոյանի հետ:

Ապրիլին և մայիսին ՀՀ-ում հոգեբաններին դիմողների թիվը կտրուկ աճել է

«Ապրիլից մեզ մոտ հոգեբաններին դիմողների թիվը ավելացավ, ես դա նկատում եմ թե՛ իմ պրակտիկայում, թե՛ կոլեգաներիս: Իմ մասով կասեմ, որ ապրիլից մոտ 50%-ով ավելացավ դիմողների թիվը, պիկը եղավ մայիսին, և մինչև հիմա ավելանում են: Բնականաբար փոխվեց նաև ֆորմատը, սահմանափակումներով պայմանավորված՝ ավելացավ օնլայն սեսիաների թիվը. մայիսին դիմողների մոտ 80%-ն օնլայն էր: Հիմա արդեն այդ տենդենցը նվազել է՝ մոտ 50-50 է», - ասում է հիմնականում տագնապային խանգարումների վրա մասնագիտացած հոգեբանը:

Թեև Բեգոյանին մինչ այդ էլ հիմնականում դիմում էին տագնապային խանգարումներ ունեցող մարդիկ, այժմ, ըստ նրա, խնդիրները խորացել են՝ պայմանավորված կորոնավիրուսի հետևանքով առաջացած անորոշությամբ, սահմանափակումներով և ֆինանսական խնդիրներով։

«Սկսեցին դիմել իմ հին այցելուները, որոնց հետ աշխատել եմ 1-2 տարի առաջ կամ ավելի վաղ: Եվ ես նկատում եմ, որ այն մարդիկ, ովքեր որոշ չափով արդեն հաղթահարել էին խնդիրը, կրկին կանգնել են դրա առջև: Մյուս կողմից էլ՝ մարդիկ, որոնք չունեին տագնապային խնդիրներ, սակայն նրանց բնորոշ էր տագնապայնությունը որպես բնավորության գիծ, ձեռք բերեցին խնդիրներ: Կարող եմ ասել, որ ամենամեծ ազդեցությունը համավարակը թերևս թողել է օբսեսիվ-կոմպուլսիվ (կպչուն-սևեռուն) խանգարումներ ունեցողների վրա, որովհետև այս համավարակի ֆոնին ընդունված պրոֆիլակտիկ միջոցների շրջանակում սկսեց խրախուսվել այն վարքագիծը, որը պարարտ հող է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման համար: Օրինակ՝ ձեռքերը հաճախակի լվանալը, երկար դա անելը, հաճախակի ախտահանումը, տարբեր տեղերին չդիպչելը, դիպչելուց հետո լվացվելը և այլն: Սրանք բոլորը համավարակի պայմաններում օբյեկտիվ պատճառներ ունեն, սակայն քանի որ այս բոլոր գործողությունները նաև ամենատարածվածն են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող մարդկանց շրջանում, համավարակը, կարծես, նրանց արդարացում է տալիս մտածելու, որ այդպես է ճիշտ», - նշում է Բեգոյանը՝ հավելելով, որ համավարակի ֆոնին ընդհանրապես ավելացել է անորոշության զգացումն ապագայի հանդեպ:

«Կուզե՞ք խոսել այդ մասին…»

Ըստ մասնագետի՝ տարբեր հետազոտություններ փաստում են, որ այս համավարակի հետևանքով մարդկությունը երկարաժամկետ խնդիրներ կունենա, կմեծանա բեռը հոգեկան առողջության ոլորտի մասնագետների վրա:

«Առաջիկա 2 տարում, հնարավոր է, ավելի շատ մարդիկ սկսեն դիմել հոգեբանական ծառայությունների: Ընդ որում, կդիմեն թե՛ ռեալ խնդիրներ ունեցողները (քանի որ մարդիկ տարբեր կերպ են հաղթահարում այս դժվարությունները), թե՛ այն մարդիկ, ովքեր ուղղակի այս ամենի արդյունքում հասկացան հոգեկան առողջության կարևորությունը: Բայց կան հիմքեր ենթադրելու, որ պահանջարկի մեծացման ֆոնին կմեծանա նաև «անդունդը» մարդկանց տարբեր շերտերի հոգեկան առողջության մակարդակների միջև: Քանի որ աշխարհի տարբեր երկրներում հոգեբանների և հոգեթերապևտների ծառայությունները համեմատաբար թանկ արժեն, մարդիկ, որոնք ունեն միջոցներ, կդիմեն և խնդիրները հաղթահարած դուրս կգան: Իսկ հնարավորություններ չունեցողները կմնան իրենց խնդիրների հետ, ցավոք», - կարծում է հոգեբանը:

Սովորել մտածել, վերլուծել, հարցադրումներ անել

Բեգոյանի խոսքով՝ կան գործիքներ, որոնք կարելի է կիրառել այս ճգնաժամային իրավիճակում հոգեկան առողջության պահպանման համար, սակայն երբեմն դրանց մասին ավելի հեշտ է խոսել, քան իրականացնել:

«Հիմնական գործիքը քննադատական մտածողության հմտությունների զարգացումն է: Այն սկսվում է ստացվող ինֆորմացիայի ընկալումից. պետք է փորձել վերլուծել ցանկացած տեղեկատվություն, որը մենք ստանում ենք: Դրա համար կարելի է կիրառել ռացիոնալ մոտեցում ձևավորելու հարցում օգնող «Սոկրատեսյան հարցադրումները». տվե՛ք ձեզ հարցեր՝ ի՞նչ հիմքեր ունեմ հավատալու այս ինֆորմացիային, ի՞նչ հակափաստարկներ կան, ի՞նչ այլ տեսանկյունից կարելի է նայել այս իրավիճակին, ո՞րն է դրա զարգացման ամենավատ սցենարը, իսկ ո՞րն է ամենալավը և այլն: Սա կարևոր է, որովհետև տագնապային խնդիրների դեպքում հիմնական սխալը կատաստրոֆիզացիան է, երբ մարդու ուղեղը տանում է նրան դեպի հնարավոր ամենավատ սցենարը», - ասում է հոգեթերապևտը` բացատրելով, որ դա մեր ուղեղի պաշտպանական ռեակցիան է:

Վերհիշելով մարտին և ապրիլին շրջանառվող միֆերի մեծ քանակն ու դրանց հավատացող մարդկանց բանակը, Բեգոյանը նշեց (և այս հարցում մեր խմբագրությունը միանում է հոգեբանի ասածներին), որ միշտ կարևոր է ուշադրություն դարձնել տեղեկատվության աղբյուրներին, հեղինակներին, գիտնականների դեպքում ուշադրություն դարձնել մասնագետների որակավորմանը, կոմպետենտության աստիճանին, հոդվածում արված հղումներին:

Շարունակել պլանավորել, լինել ակտիվ և շփվել

Մասնագետի խոսքով՝ կարևոր հանգամանք է նաև ապագայի մասին մտածել շարունակելը:

«Եվ խոսքը ոչ թե երազանքների մասին է, այլ կոնկրետ խնդիրներ դնելու և լուծելու: Պետք է մտածել, որ այն, ինչ կատարվում է, պլանավորված չէր, բայց արդեն եղել է, և պետք է հասկանալ՝ ինչ կարելի է անել, ոնց շարունակել ապրել, հնարավոր սցենարներ մշակել և ունենալ ելքի մի քանի տարբերակ: Այսինքն՝ կարևոր է ֆիքսվել խնդիրների լուծման վրա: Բնականաբար, այդ ամենի համար կարևոր է ունենալ մոտիվացիա, և դա ամենադժվարն է», - ասում է հոգեբանը:

Ըստ նրա՝ հոգեկան առողջության պահպանման մեկ այլ կարևոր նախապայման է նաև ֆիզիկական ակտիվությունը. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ երկարատև կարանտինից հետո աշխատանքի վերադարձած մարդիկ շատ արագ են «սպառվում»: Հիմա էլ կան մարդիկ, որ դեռ տնից են աշխատում: Եվ նման պայմաններում շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը: Դա կարող է լինել սպորտի տեսքով. այն նաև բնական անտիդեպրեսանտ են անվանում, քանի որ խթանում է էնդորֆինների և տրամադրության կարգավորման պրոցեսում ներգրավված այլ հորմոնների անհրաժեշտ քանակի սեկրեցիային: Բացի այդ, մարզումները տալիս են մարդուն ինքնավստահություն, որն անհրաժեշտ է այս խնդիրները հաղթահարելու համար»:

Հոգեբանն ընդգծում է նաև շփման, սոցիալիզացիայի կարևորությունը: Ըստ նրա՝ շփումը մարդու կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում. «Եվ խոսքը ոչ թե որևէ սերվիսի շրջանակում շփման մասին է, այլ լիարժեք՝ մտքերի փոխանակման և իրար հասկանալու վրա հիմնված շփման: Դա օգնում է մարդուն օբյեկտիվ և «արթուն» մնալ: Ինչքան մենք ավելի քիչ ու միևնույն մարդկանց հետ ենք շփվում, այդքան մեր մտածողությունը կարծրանում է, որովհետև մենք անընդհատ մեր իսկ գաղափարներն ու հիմնավորումներն ենք լսում և դադարում ենք բաց լինել նոր տեսակետերի և գիտելիքների համար»:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Porsche Cayenne Coupé-ի թեստ-դրայվը՝ Հայաստանում
Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում
Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Ինչպես են մարդիկ վաճառում մեքենաները՝ հանգանակության համար
 Ուշադրության կենտրոնում
Վարչապետի որդին կամավորագրվել է

Վարչապետի որդին կամավորագրվել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին

 Բաժնի այլ նյութերը
Արտոնյալ հիփոթեքի մութ խութերը Ինչպես զինծառայողը տուն չգնեց բանկի՝ պայման փոխելու պատճառով
Չիպավորումը հսկողությա՞ն, թե՞ հարմարության միջոց Զրույց բիոչիպեր արտադրող գործարարի հետ