Վատ են բոլորը, բացի ՏՏ-ից

Վատ են բոլորը, բացի ՏՏ-ից

Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով տասնյակ միլիոնավոր մարդիկ աշխարհում կորցրել են աշխատանքը: Հայաստանը բացառություն չէ։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը զրուցել է ՀՀ-ում աշխատանքի որոնման ամենամեծ հարթակներից մեկի՝ Staff.am-ի, և HireBee HR հարթակի համահիմնադիրներ Լուիզա և Վահե Ավետիսյանների հետ՝ պարզելու, թե ինչպես է կորոնաճգնաժամն ազդել մեր աշխատաշուկայի վրա, որ ոլորտներն են տուժել, որոնք՝ գուցե շահել, և արդյոք մենք պատրաստ ենք հեռավար աշխատելուն:

Բոլորի գործերը վատ էին, բացի ՏՏ-ից

Staff.am-ում հրապարակված աշխատանքի հայտարարությունների քանակից կարելի է եզրակացնել, որ ֆինանսներ/բանկ/ապահովագրություն և հիմնադրամներ ոլորտներն անկում ապրեցին մարտ, ապրիլ և մայիս ամիսներին: Տուրիզմ/հյուրընկալություն/ժամանց ոլորտներում անկումն ապրիլին այնքան մեծ էր, որ կարելի է ասել՝ հասել էր զրոյի. իրավիճակը սկսեց կարգավորվել մայիսին՝ ներքին տուրիզմի վերականգնման ու բացօթյա սրճարանների վերաբացման ֆոնին:

Լոգիստիկա/սուրհանդակային ոլորտների վիճակը հետաքրքիր է. մարտին գրանցվեց մեծ անկում, սակայն ապրիլին արդեն մեծ աճ նկատվեց, որը շարունակվեց հուլիսին՝ վերադարձնելով ոլորտը նախակովիդյան շրջանի ցուցանիշներին: Թերևս նույնը կարելի է ասել նաև արդյունաբերություն/արտադրություն ոլորտների մասին, միայն բացառությամբ, որ դրանք չեն վերականգնվել մինչև նախաճգնաժամային ցուցանիշներ:

Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների ակտիվությունն աշխատաշուկայում տարվա սկզբից ստաբիլ աճում է: Թերևս դա կապ ունի նաև ՏՏ ոլորտի աճի հետ: Վերջինս երևի միակն է, որ մեծապես շահել է կորոնավիրուսի պայմաններում՝ ապրիլից մայիս շատ մեծ աճ գրանցելով, որը մի քիչ նվազեց հունիսին՝ կայունանալով հուլիսին:

Ոլորտների՝ աշխատաշուկայում ակտիվության համեմատական վերլուծությունը հունվար-հուլիս ժամանակահատվածի համար

Համավարակը փոխեց գործատուների և աշխատակիցների մտածելակերպը

Վահեի խոսքով՝ համավարակի արդյունքում վերափոխվեց թե՛ գործատուների, թե՛ աշխատակիցների մտածելակերպը:

«Հատուկ կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան, որոնց շնորհիվ հետագայում առավել հեշտ կլինի հաղթահարել նման մարտահրավերները։ Աշխատաշուկան էլ այժմ աստիճանաբար՝ շղթայական սկզբունքով կարգավորվում է։ Իսկ կլինի վերադարձ նախակարանտինյան իրավիճակին, թե ոչ, պատասխանը, կարծում եմ, սուբյեկտիվ կհնչի», - ասում է Վահեն:

Նա կարծում է, որ հետկովիդյան շրջանում բոլոր մասնագետներն էլ կզգան պահանջարկի աստիճական աճ. «Դա պայմանավորված է գործատուների մոտեցման փոփոխությամբ․ հավաքագրել ոչ թե ըստ քաղաքի, երկրի, այլ՝ մասնագիտական պատրաստվածության ու հմտությունների։ Իսկ ամենապահանջվածը շարունակում են մնալ ՏՏ, մարքեթինգի, վաճառքի և հարակից այլ ուղղությունների մասնագիտությունները»։

Մեր շուկան դեռ պատրաստ չէ հեռահար աշխատանքին

Լուիզան նշում է՝ համավարակի արդյունքում ՀՀ գործող շատ ընկերություններ նախ հասկացան, որ պատրաստ չեն հեռահար աշխատանքին, այնուհետև քայլեր ձեռնարկեցին՝ հաղթահարելով լուրջ դժվարություններ։

«Այսպիսով, առաջին անմիջական ազդեցությունն աշխատավայրի ֆորմատի փոփոխությունն ու դրա հետ կապված դժվարությունների հաղթահարումն է։ Մյուս կարևոր ազդեցությունը թիմերի վերաձևակերպումն է, որը դեռևս կշարունակվի։ Տնտեսությունները գտնվում են ճգնաժամում, իսկ ճգնաժամն իր կանոններն է թելադրում։ Կարծում եմ, որ շատ բիզնեսներ ավելի արդյունավետ են սկսելու աշխատել, ընդ որում՝ առաջին հերթին օպտիմալացումն անդրադառնալու է հենց անձնակազմերի վրա», - կարծում է Լուիզան։

Ասում է՝ համավարակի մյուս կարևոր ազդեցությունը գործատուների կողմից պահանջվող հմտությունների մասով է. «Հետկովիդյան աշխարհում շատ ավելի կարևոր են դառնալու այնպիսի սոֆթ հմտությունները, ինչպիսիք են արագ ադապտացվելը, փոփոխություններին հեշտ հարմարվելը, անկախ և արդյունավետ աշխատելը։ Թվային հարթակներից օգտվելու մասին առհասարակ չեմ խոսում, քանի որ tech-savvy (ժամանակակից տեխնոլոգիաների մասին գիտելիք ունեցող – խմբ.) լինելն այլևս պարտադիր պայման է լինելու»:

Այնուամենայնիվ, ըստ Լուիզայի, ՀՀ աշխատանքային շուկան դեռ այդքան էլ պատրաստ չէ հեռավար աշխատանքին:

«ՏՏ շատ ընկերություններ ՀՀ-ում մինչ համավարակն էլ ունեին հեռավար աշխատելու լավ մշակույթ, իսկ համակավարակն ուղղակի լավ առիթ էր մարտում կոփվելու։ Կարծում եմ՝ մեր վերաբերմունքն աշխատանքին պահանջում է գրասենյակային կամ գոնե մասամբ գրասենյակային ձևաչափ», - նշում է աշխատանքային հարթակի համահիմնադիրը։

Ապրիլը հեչ ապրելու չէր

Ըստ կայքի այցելությունների՝ աշխատանք փնտրողների ակտիվությունը մարտից սկսել էր նվազել, իսկ ապրիլին հասել մինիմալի՝ 150 հազարից քիչ այցելության: Սակայն մայիսին ակտիվությունը վերադարձել էր նախակարանտինյան ցուցանիշների, իսկ հունիսին և հուլիսին աճել՝ անցնելով այդ ցուցանիշները:

Ինչ վերաբերում է գործատուների կողմից կայքում տեղադրված հայտարարությունների քանակի, ապա այստեղ էլ ունենք նույն պատկերը՝ ապրիլն ամենապասիվ ամիսն էր: Եթե փետրվարին կայքում տեղադրվել էր 1200-ից ավելի հայտարարություն, մարտին՝ մոտ 1000, ապա ապրիլին այդ թիվը նվազել էր մինչև 800, իսկ մայիսին արդեն վերադարձել փետրվարի ցուցանիշին՝ փոքր անկում գրանցելով հունիսին և կայունանալով հուլիսին:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---