Գնիր ավտոս՝ օգնիր Արցախին

Գնիր ավտոս՝ օգնիր Արցախին

Ինչպես են մարդիկ վաճառում մեքենաները՝ հանգանակության համար

Հայաստանի և Արցախի համար այս վճռորոշ շրջանում բոլոր հայերը համախմբվել են և փորձում են անել հնարավորը՝ բանակի համար ամուր թիկունք ապահովելու համար: Հայաստանից և աշխարհի տարբեր ծայրերից հումանիտար աջակցության համար գումար են ուղարկում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ոմանք նույնիսկ վաճառում են իրենց ունեցածը՝ գումարը Հիմնադրամին փոխանցելու նպատակով:

PanARMENIAN.Net - Այդպես, օրինակ, ոմանք վաճառում են իրենց անձնական օգտագործման փոխադրամիջոցները՝ ավտոմեքենաներն ու մոտոցիկլետները՝ հայրենիքին աջակցելու մեջ իրենց ներդրումն անելու համար:

Ինչպես PanARMENIAN.Net ին պատմեց այդ քաղաքացիներից Գևորգ Հարությունյանը, յուրաքանչյուրի պարտքն է այս օրերին օգնել Արցախին: Գևորգն այդ նպատակով վաճառում է իր Honda Shadow Phantom մոտոցիկլը, ամբողջ գումարը՝ $5500, հենց գնորդի ներկայությամբ փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Կարծում եմ՝ հիմա յուրաքանչյուրս պետք է իր խնայողությունների գոնե ինչ-որ մի մասը՝ մեծ մասը, նվիրաբերի հանուն Արցախի և մեր հաղթանակի», - նշեց Գևորգը՝ հավելելով, որ դեռ գնորդներ չեն գտնվել, բայց նա հույսը չի կորցնում:

Կարեն Գոմկցյանը $23,000-ով վաճառում է իր Lexus RX-ը, որը վերջերս է բերել Հայաստան և չի շահագործում:

«Մեր միակ մեքենան չէ, և այժմ այն պահելն իմաստ չունի, ավելի լավ է դրա գումարն ուղղենք ավելի կարևոր գործերին», - ասում է նա:

Բացի դեռ չվաճառված մեքենայի արժեքից, Կարենն արդեն իսկ խոշոր գումար է փոխանցել հիմնադրամին:

Իսկ Հենրիկ Մարգարյանը պատմեց, որ վաղուց է վաճառում իր Volkswagen Jetta-ն, բայց հենց սկսվեց պատերազմը, որոշեց, որ վաճառքից գոյացած ամբողջ գումարը՝ $10,000-ը, կուղղի հիմնադրամին անմիջապես գնորդի ներկայությամբ:

«Եղբայրս այժմ Ռուսաստանում է, միասին խորհրդակցեցինք, որոշեցինք, որ գումարը կփոխանցենք հիմնադրամին», - նշեց Հենրիկը:

Նրա խոսքով՝ այժմ կան մարդիկ, որ գովազդի համար են հայտարարության մեջ գրում հիմնադրամին նվիրատվություն անելու մասին, բայց իր դեպքում այդպես չէ՝ հաստատ փոխանցելու է. «Հենց գնորդի ներկայությամբ, անվանափոխություն անելու ընթացքում էլ ամբողջ գումարը կփոխանցեմ հիմնադրամին»:

«Շտիգեն» արևային ընկերությունը, որը նաև էլեկտրական մեքենաների ներմուծմամբ և վաճառքով է զբաղվում, կազմակերպել է այդ մեքենաներից մեկի աճուրդը, որպեսզի գոյացած գումարն ամբողջությամբ փոխանցի «Հայաստան» հիմնադրամին: Ինչպես նշում են ընկերությունից, բոլորովին նոր՝ Hozon Neta N01 էլեկտրական մեքենան, որի շուկայական արժեքը 12․3 մլն դրամ է, աճուրդով կարելի է գնել 8 մլն դրամից սկսած, իսկ ավելի ճիշտ՝ արդեն 8.6 մլն-ից, քանի որ այս պահին վերջին առաջարկված գինը դա է:

Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Անի Աղաջանյանի խոսքով՝ աճուրդը դեռ ամփոփված չէ, իրենք հույս ունեն, որ ավելի մեծ արժեք կառաջարկվի, որպեսզի հիմնադրամին հնարավորինս մեծ գումար հասնի:

«Եթե գործարքը, այնուամենայնիվ, չկատարվի, մեր ընկերությունն ամեն դեպքում 8 մլն դրամ կփոխանցի իր բյուջեից: Բայց որքան մեծ գումար հավաքվի, այդքան լավ, ամբողջը կփոխանցենք Արցախին օգնության համար», - նշեց Անին:

Նա հավելեց, որ մեքենան շատ լավ ձեռքբերում կլինի գնորդի համար, քանի որ 2020-ի արտադրության է, ամբողջովին էլեկտրական, խիստ խնայող՝ մեկ լիցքավորմամբ (առավելագույնը 1500 դրամ ծախսով) անցնում է 350 կմ հեռավորություն, և բացի այդ՝ պարզապես հնարավորություն է օգնելու հայրենիքին:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Զբոսաշրջության ոլորտը՝ Ֆրանսիայից եկած ու հյուրատուն հիմնած Անիի աչքերով
Սեփականատերերը՝ կարանտինի մասին
 Ուշադրության կենտրոնում
ՄԻՊ-ը Տավուշի գյուղերի վերաբերյալ փաստ է հրապարակել պաշտոնյաների համար

ՄԻՊ-ը Տավուշի գյուղերի վերաբերյալ փաստ է հրապարակել պաշտոնյաների համար Սոֆլու, Բարխուդարլու և Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին

 Բաժնի այլ նյութերը
Սերիալի հերոսներից մինչև անուն հորինել Ինչ սկզբունքով են հայերն աղջկա ու տղայի անուն ընտրում
Ուղեցույց Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Վատ են բոլորը, բացի ՏՏ-ից Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում