Ինչպես ենք փորձում պարզել զինհաշմանդամների թիվը

Ինչպես ենք փորձում պարզել զինհաշմանդամների թիվը

Ու չենք հաջողում

44-օրյա պատերազմից հետո 36 զինծառայող է հաշմանդամության կարգ ստացել

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան մեկ ամիս անց դեռևս հայտնի չեն կամ առնվազն հանրությանը ներկայացված չեն զոհվածների, վիրավորների, պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերածների, անհետ կորածների ու գերեվարվածների ստույգ թվերը։ Փորձելով իմանալ, մասնավորապես, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերածների թիվը, PanARMENIAN.Net ը բախվել է տվյալների անհասանելիության կամ գոյություն չունենալուն։

Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների թվի մասին հարցումով դիմել ենք Պաշտպանության նախարարություն․ գերատեսչությունից արձագանքել են, որ հարցին պատասխանելու համար իրենց լրացուցիչ ժամանակ է պետք։ Ընդ որում, երբ նոյեմբերի 17-ին ՊՆ-ին ևս մեկ հարցումով խնդրել էինք հայտնել, թե 44-օրյա պատերազմից հետո քանի զինծառայող է կորցրել ոտքը կամ հենաշարժողական համակարգի խնդիր ձեռք բերել, արձագանքել էին, թե «հարցը հստակ ձևակերպված չէ, ինչի պատճառով հնարավոր չէ պատասխանել»: Փորձել էինք ճշտել նաև, թե սեպտեմբերի 27-ից առաջ նույն խնդրով քանի զինվորական կա ՀՀ-ում։ ՊՆ-ից նշել էին, թե իրենք հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների՝ ըստ առանձին հիվանդությունների և վիճակների հաշվառում չեն իրականացնում։

Վիրավոր զինծառայողների մոտավոր թիվն իմանալու համար հարցումներ ենք ուղղել նաև նրանց առողջության ու ֆինանսական բարօրրության խնդիրներով զբաղվող 2 կառույցի՝ «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնին ու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Վերջինիս հայտնել էին, որ դեկտեմբերի 15-ի դրությամբ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող շահառուներին հատուցում տրամադրելու համար իրենք Պաշտպանության նախարարությունից որևէ փաստաթղթային փաթեթ չեն ստացել։

Իսկ «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնից ասացին, որ սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ վերականգնողական բուժում են տրամադրել վիրավոր 325 զինվորի ու զինհաշմանդամի։ Վերականգնողական կենտրոնից պարզաբանել են, որ վիրավոր զինվորներն իրենց չեն դիմում, այլ իրենց աշխատակիցներն են նրանց տեղափոխում կենտրոն՝ ըստ անհրաժեշտության։

Կենտրոնից հավելյալ տեղեկացրին, որ վիրավոր զինվորներն իրենց չեն դիմում, այլ իրենց աշխատակիցներն են գտնում տարբեր բուժհաստատություններում առաջնային բուժում ստացող վիրավոր ներին և, ըստ անհրաժեշտության, տեղափոխում իրենց մոտ՝ անելով ամենը, որ վիրավոր զինվորներն ու նրանց ընտանիքները «ստիպված չլինեն հայտնվել ավելորդ քաշքշուկի մեջ»:

Իր հերթին, Sputnik Armenia-ին կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը հայտնել է, որ 100-120 զինծառայող պրոթեզավորման կարիք ունի (խոսքը ձեռքի պրոթեզների մասին է)։

Նա նաև նշել է, որ 2021-ի սկզբին կգործի զինհաշմանդամների համար նախատեսված գերժամանակակից պրոթեզարան, որն ապահովված կլինի բիոնիկ պրոթեզներով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ դեկտեմբերի 18-ի դրությամբ 36 զինծառայող է հաշմանդամության կարգ ստացել․ թիվը, ակնհայտորեն, թերի է։

Նախարարությունում նաև նշեցին, որ նրանցից 12-ը ճանաչվել են առաջին, 14-ը՝ երկրորդ, 10-ը՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներ։ Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների փոքր թվի մասին ճշտող հարցին ի պատասխան ասացին, որ գործընթացը շարունակական է։

Նախարարությունից նաև հայտնեցին, որ սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 11-ն աջակցող միջոցներ (վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, հենակներ, քայլակներ, ձեռնափայտեր, աչքի պրոթեզներ, լսողական սարքեր և այլն) ստացել է 1642 շահառու, որից 1491-ը՝ ՀՀ-ի, 151-ը՝ Արցախի քաղաքացի։ Այս թիվը, սակայն, չի նշանակում, որ հաշմանդամություն ձեռք բերած անձինք ուղիղ այդքան են, քանի որ կարող է ներառել նաև նախկինում հաշմանդամություն ստացածներին, որոնք հերթական աջակցող միջոցն էին ստանում։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Զբոսաշրջության ոլորտը՝ Ֆրանսիայից եկած ու հյուրատուն հիմնած Անիի աչքերով
Սեփականատերերը՝ կարանտինի մասին
Ինչ սկզբունքով են հայերն աղջկա ու տղայի անուն ընտրում
 Ուշադրության կենտրոնում
ՄԻՊ-ը Տավուշի գյուղերի վերաբերյալ փաստ է հրապարակել պաշտոնյաների համար

ՄԻՊ-ը Տավուշի գյուղերի վերաբերյալ փաստ է հրապարակել պաշտոնյաների համար Սոֆլու, Բարխուդարլու և Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին

 Բաժնի այլ նյութերը
Գնիր ավտոս՝ օգնիր Արցախին Ինչպես են մարդիկ վաճառում մեքենաները՝ հանգանակության համար
Ուղեցույց Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Վատ են բոլորը, բացի ՏՏ-ից Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում