Իսկական կրուասանը` Երևանում

Իսկական կրուասանը` Երևանում

PAUL-ը գալիս է՝ ֆրանսիական շնչով ու բույրով

Անուշաբույր կրուասան, թարմ ֆրանսիական հաց, ախորժելի խորտիկներ և աննման սուրճ։ Պատկերացրի՞ք։ 130 տարվա ավանդույթն ու նորարարությունը միավորած PAUL-ի առաջին հայաստանյան սրճարանը կբացվի 2022-ին, որ բոլորիս պատմի իսկական փխրուն կրուասանի մասին:

PanARMENIAN.Net - Մինչ այդ՝ PanARMENIAN.Net ը փորփրել է Երևանի սրտում իր տեղը զբաղեցնել պատրաստվող «էն նոր տեղի» մանրամասները, ծանոթացել դիզայնին ու ոչ միայն։

Առաջին PAUL-ը բացվել է հեռավոր 1889-ին, Ֆրանսիայի ամենահյուսիսում՝ Կրուա քաղաքում, իսկ Երևան կհասնի 2022-ի գարնանը: «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Լորիկյանը պատմեց PAUL-ի բացման եռուզեռից ու հետնաբեմից, իսկ Electric Architects նախագծային արվեստանոցի համահիմնադիր, ճարտարապետ Մարիաննա Կարապետյանը՝ նախագծման և պատմական շենքի (Աբովյան 8) հետ աշխատանքից:

Առանձին տեխնոլոգիա՝ հատուկ կրուասանի համար

«Ընդհանրապես նոր բիզնես հնարավորություններ որոնելու ճանապարհին փորձում ենք այն ինդուստրիաներում, որտեղ ունենք բիզնես ակտիվություն, գտնել ուղղություն, որտեղ նոր նշաձող սահմանելու պոտենցիալ ենք տեսնում», - ասում է Հայկ Լորիկյանը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը, որի կազմում է հանդես գալիս PAUL-ը, F&B (Food & Beverage – սնունդ և խմիչք) ոլորտում երկար տարիներ է աշխատում երևանյան առաջին սրճարաններից՝ SantaFe-ով, նաև ստացված F&B կոնցեպտ է Pahest33-ը։

«Միշտ ուսումնասիրում ենք, թե շուկայում ինչ բացեր կան: Հայաստանում F&B ոլորտը շատ ակտիվ է, հենց բուլանժերիների (boulangerie՝ հացի գործարան, - խմբ.) սեգմենտում կան բավականին որակյալ օպերատորներ, բայց մեր և մեր կողմից հրավիրված ոլորտի միջազգային մասնագետների ուսումնասիրությունները բացահայտեցին, որ հենց այս ենթասեգմենտում սպառողին նոր խոսք ասելու մեծ հնարավորություն կա։ Մասնավորապես, խոսենք ամենապարզ բանի՝ կրուասանի մասին: Հայաստանյան սպառողին այսօր առաջարկվող այս պրոդուկտը հիմնականում մատուցվում է մեր քիմքին համապատասխանեցված, այն ինչ դասական ճիշտ կրուասանը տարբերվում է»,- նշում է նա:

Որպեսզի պատկերացնենք, թե ինչքան դժվար է իսկական կրուասան ստանալը, ուղղակի մեկ փաստ. PAUL-ը հատուկ տեխնոլոգիա է մտածել հենց կրուասանի համար, որի շնորհիվ մարդկային գործոնը հասցված է մինիմումի, որպեսզի աշխարհի բոլոր PAUL-երում կրուասանը լինի նույն համի և ճիշտ պատրաստված:

Նոր մշակույթ՝ պատմական շենքում

Խոսքը դասական ֆրանսիական՝ «ճիշտ որակի» հացաբուլկեղենի մասին է, ու այստեղ նաև հաճախորդների քիմքը զարգացնելու գործոն կա:

«Սեգմենտը, որի հետևից մենք գնում ենք, բավականին փոքր է, ու մենք դա գիտակցում ենք, և նաև հուսով ենք ու ամեն ինչ անելու ենք, որ այդ սեգմենտը մեծացնենք: Հինգ տարի առաջ սուրճի գիտակների թիվը Հայաստանում շատ փոքր էր, այնինչ այսօր իմ շրջապատում բազմաթիվ են մարդիկ, որ կարող են ժամերով խոսել սուրճից, ու իրենք ոլորտի մասնագետներ չեն, ընդամենը հաճախորդ: Համաձայնեք, որ նույն պատկերը գինիների ոլորտում էր, ասենք՝ 10 տարի առաջ: Մենք փորձելու ենք հասնել նույն բանին: Նախևառաջ, ուզում ենք նոր որակ բերել, երկրորդը՝ նոր միջավայր, որովհետև PAUL-ը միայն իր արտադրանքը չէ, այլև շատ գեղեցիկ ֆրանսիական մթնոլորտ` սկսած ինտերիերից, վերջացրած սպասարկմամբ: Միջավայրի ու դրսում նստել, կրուասանով սրճելու մշակույթի առումով տեղն էլ պատահական չի ընտրվել․ պատմական շենք է, որը հուսով ենք մաքսիմալ կփոխանցի այդ տրամադրությունը»,- ասում է Լորիկյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբն առաջիկա մի քանի տարում PAUL-ի անվանական հացաբուլկեղենի 5 սրճարան-ռեստորան կբացի Հայաստանում։ Առաջին PAUL-ը որոշակի պահանջներ ունի, որովհետև հենց այնտեղ պետք է լինի «գործարանը», որը թե չափով, թե լոգիստիկ առումով պիտի որոշակի պահանջների բավարարի:

«Երևանում գրեթե ամեն ինչ կենտրոնում է, իսկ քաղաքի ապակենտրոնացմանը նպաստում են մոլերը` տրամադրելով հատուկ ենթակառուցվածք, այսպես ասած` մագնիսի դեր կատարելով մարդկանց հոսքերի համար, ու դրանից նաև օգտվում են ցանցերը: Օրինակ՝ եթե Երևան Մոլը չլիներ, մենք հազիվ թե Արշակունյաց պողոտայի վրա PAUL սրճարան բացեինք: Այնինչ հիմա Երևան Մոլում վստահաբար կլինի PAUL-ի սատելիտներից մեկը»,- ասում է ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենը:

Երևանյանի ու փարիզյանի հատման կետում

Հայաստանյան առաջին PAUL-ի համադրման համար աշխատում են ֆրանսիական Panetude ճարտարապետական ստուդիան, որը հայկական Electric Architects-ի հետ համատեղ հետևում է ֆրանսիական բրենդի պահանջների իրականացմանը հայկական պատմական նշանակություն ունեցող շենքի պահպանման պահանջների հետ: PAUL-ը տեղակայվում է 1884 թվականին Երեւանում կառուցված հասարակական գործիչ, վաճառական Բարսեղ Եղիազարյանի տանը:

Սրճարանի դահլիճներից մեկին կից, ապակե միջնորմի հետևում լինելու է, ինչպես հենց PAUL-ում են կոչում՝ Լաբորատորիան, որտեղ Ֆրանսիայում վերապատրաստված մասնագետները հաճախորդների աչքի առաջ պատրաստելու են հանրահայտ թխվածքները։

Electric Architects նախագծային արվեստանոցի համահիմնադիր, ճարտարապետ Մարիաննա Կարապետյանը պատմում է՝ նախագիծը միտված է հնարավորինս արտահայտիչ ընդգծելու շենքի պատմական տեսքը՝ դրա ճակատային հատվածին զուսպ ճարտարապետական լուսավորություն ավելացնելով, և զերծ մնալով ամբողջական տեսքը խաթարող որևէ միջամտությունից:

Շենքի ներսում առավել ուշադրություն է դարձվել նրա ընդարձակ տարածքը և բարձր առաստաղներն առավելագույնը շեշտելու վրա՝ հաճախորդին տալու հնարավորություն լիարժեք վայելելու այս շենքի հատկությունները: Ներկա պահին նախագիծը գրեթե ավարտական փուլում է, և մենք լոկալ ու ֆրանսիական թիմի հետ անում ենք վերջնական շտկումները։

«Ցավոք սրտի, շենքի ներքին հարդարումն արդեն տարիներ առաջ փոխվել էր, և մենք չկարողացանք այս տարածքի արխիվային լուսանկարներ գտնել: Խուսափելով արհեստական պատմական հարդարանք ստեղծելուց՝ ընտրեցինք դասական ֆրանսիական սրճարանի ինտերիերային լուծումը՝ զուգահեռներ անցկացնելով երևանյան և փարիզյան միջավայրերի միջև», - եզրափակում է ճարտարապետը։

Ֆրանսիական «ապրելու արվեստի» մեջ ընկղմվելն իրականություն դարձնելու համար, յուրաքանչյուր նոր երկրում առաջին PAUL-ը բացելուց առաջ թիմն անպայման վերապատրաստվում է Ֆրանսիայում, ու հայկականն էլ բացառություն չէ: Իսկ մենյուի մասով PAUL-ը բաժանվում է 2 մասի: Առաջինը հենց հացաբուլկեղենի ու թխվածքի մասն է, ու ստանդարտ մենյուն, որն ամբողջ աշխարհում հիմնականում նույնն է՝ չհաշված փոքր տարբերությունները: Մյուսը խոհանոցի մենյուն է՝ դայնինգի համար, որը, ֆրանսիացիների հետ համաձայնությամբ, պետք է կազմվի այնպես, որ համապատասխանի հայ հաճախորդի պահանջներին:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
«Մալաթիայից» բացի  այլ օբյեկտներ կլինեն, որոնց գործունեությունը կկասեցվի

«Մալաթիայից» բացի այլ օբյեկտներ կլինեն, որոնց գործունեությունը կկասեցվի Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---