Շոկոկալիպսիս

Շոկոկալիպսիս

Ինչո՞ւ է մեկ կտոր շոկոլադով առավոտյան սուրճի սիրելի ավանդույթը վտանգված

Մեկ կտոր դառը շոկոլադով սև սուրճը շուտով կարող է դառնալ դժվար հասանելի ճոխություն: Աշխարհում սուրճի և շոկոլադի տեսքով երջանկության մեր չափաբաժինը վտանգված է: Պատճառները բազմաշերտ են, հիմքում կլիմայի փոփոխությունն է:

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներում 5 մարդուց չորսն իրենց օրն առանց սուրճի չեն պատկերացնում: Եթե այս հարցման հեղինակները մի օր հայտնվեն նախաճաշի փոխարեն օրը սուրճով սկսող Հայաստանում, գուցե կզգան խնդրի իրական մասշտաբները:

Դառը սուրճն ու դառը իրականությունը

Մոտակա տարիներին քաղցրակեր ու սրճապաշտ մարդիկ գուցե մնան շոկոլադի և սուրճի անհամ փոխարինիչների հույսին: Եթե չէիք հավատում կլիմայի փոփոխությանն ու գլոբալ տաքացմանը, ապա գիտնականները շտապում են հայտնել, որ հենց այս երևույթների պատճառով էլ հերթական ճգնաժամի առաջ ենք կանգնելու: Թե՛ սրճենին, թե՛ կակաոն քմահաճ բույսեր են, որոնք աճելու համար հատուկ պայմաններ են պահանջում: Սկսենք սուրճից:

Աշխարհում տարեկան 500 միլիարդ բաժակ սուրճ է սպառվում: 25 միլիոն ֆերմեր օրվա ապրուստը սուրճ աճեցնելով է վաստակում: Կլիմայական փոփոխությունների պատճառով մինչև 2050 թվականը սուրճ աճեցնելու համար նախատեսված տարածքները կարող են կրճատվել 50 տոկոսով: Սրան գումարվել է նաև կորոնավիրուսի պատճառով աշխատուժի կրճատումը և ֆերմերները կանգնել են անլուծելի թվացող խնդրի առաջ:

Բրազիլիան և Կոլումբիան սուրճի ամենախոշոր արտահանողներն են: Հիմա կոլումբացիները բողոքում են, որ ժառանգաբար իրենց հասած այս բիզնեսի ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները: Արդյունքում որոշ ֆերմերներ սուրճի փոխարեն որոշել են բանան աճեցնել: Գոնե մի հարցում կարող ենք հանգիստ լինել՝ բանանի ճգնաժամ մոտակա տարիներին չի սպառնում:

Քմահաճ սրճենիները սովոր են եղանակային հատուկ պայմանների: Մի փոքր ցուրտ կամ մի փոքր տաք եղանակի պատճառով վտանգվում է ռոբուստայի և հատկապես արաբիկայի արտադրությունը: Խնդրի երկարաժամկետ լուծման համար մասնագետներն առաջարկում են ստվերային ծառեր ավելացնել, բույսերը տեղափոխել ավելի բարձրադիր վայրեր կամ էլ եղած բերքը փոխարինել ավելի դիմացկուն սուրճի տեսակով: Առաջարկվող բոլոր լուծումները մեծ, շատ մեծ ֆինանսների հետ են կապված: Ֆերմերների առնվազն կեսը նման հնարավորություններ չունի: Ոլորտով մտահոգվածները 10 միլիարդ դոլար օգնության փաթեթի ակնկալիքով դիմել են ՄԱԿ-ին, բայց լուծումներն ուշանում են:

Շոկոկալիպսիս

Գրեթե նույն պատկերը կակաոյի արտադրության դեպքում է: Աշխարհում 50 միլիոն մարդ կակաո է աճեցնում: Հատկապես Հարավային Ամերիկայում և Աֆրիկայում այս աշխատանքը մարդկանց համար կենսական նշանակություն ունի: Ֆերմերները ճարահատյալ սկսել են փոխել աշխատանքը կամ էլ, վատագույն դեպքում, փախստականի կարգավիճակով տանիք են փնտրում այլ երկրներում: Մասնագետներն ասում են, որ եթե հոռետեսական սցենարն իրականություն դառնա, ապա 20 տարի հետո շոկոլադն էլ լավ ձկնկիթի պես ճոխություն կդառնա:

2020-ին շոկոլադի գլոբալ շուկան 138 միլիարդ դոլար արժեր: Եթե կլիմայի փոփոխությունը մի կողմ դնենք՝ շոկոլադի հնարավոր ճգնաժամի պատճառը նաև մենք ենք՝ պարզապես ավելի շատ շոկոլադ ենք ուտում, քան նախատեսված է մեկ մարդու շնչով:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---