Միֆազերծելով օմիկրոնը

Միֆազերծելով օմիկրոնը

Ինչ գիտենք նոր շտամի մասին և ինչն է դեռ անհայտ

Օմիկրոնը շատ ավելի երկար է մնում մաշկի (16 ժամ) կամ պլաստիկի (193.5 ժամ) վրա, քան դելտան և կորոնավիրուսի մյուս շտամերը։ Մասնագետները կարծում են, որ հենց սա է պատճառը, որ օմիկրոնը շատ արագ դարձավ գերակշռող շտամ և տարածվեց աշխարհի 100֊ից ավելի երկրներում։

PanARMENIAN.Net - Սակայն օմիկրոնից էլ ավելի մեծ արագությամբ տարածվում է նոր շտամի շուրջ ինֆոդեմիան: Ինֆորմացիոն համավարակի դեմ միակ պատվաստանյութն էլ փաստերի ստուգումն է: Օմիկրոնի ախտանշանների, տարածվածության և հետևանքների մասին այս համառոտ ուղեցույցը կպատասխանի «վերջը Օմիկրոնն ավելի թեթև՞ են տանում» և մի շարք այլ հարցերի:

Հույսի ալիքը

Կորոնավիրուսի մյուս շտամերի և Օմիկրոնի միջև ամենաակնհայտ տարբերությունն էմոցիոնալ դաշտում է: Շատերը վարակի նոր ալիքը հույսի ալիք են համարում, որը մարդկությանը կօգնի դուրս գալ կորոնամղձավանջից: Պատճառը հստակ է. Կա վարկած, որ օմիկրոնը պակաս վտանգավոր և մահաբեր է, քան կորոնավիրուսի նախորդ շտամերը:

Իսկ իրականում

Համավարակի սկզբից մինչև օրս տարբեր գիտնականներ, բժիշկներ ու նույնիսկ ֆեյսբուքում ստատուս գրող որոշ փորձագետներ պնդում են, որ կորոնավիրուսը շուտով սովորական գրիպի պես մի բան կդառնա: Այս թեզը հատկապես ակտիվացավ, երբ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, թե Օմիկրոնը կարող է վերջ դնել համավարակին (առնվազն Եվրոպայում):

Այս վարկածն իհարկե հուսադրող է, բայց հարցի մասշտաբները հասկանալու համար կարևոր է կարդալ նաև ԱՀԿ մյուս հայտարարությունները: Նախ, ԱՀԿ ղեկավարը խորհուրդ է տալիս Օմիկրոնը բնութագրելիս չչարաշահել թեթև կամ մեղմ ածականները, որովհետև նոր շտամը ևս մահաբեր է, իսկ դրա երկարաժամկետ ազդեցությունը դեռ պետք է ուսումնասիրել: ԱՀԿ-ում համոզված են, որ համավարակը հաղթահարելու համար պետք է գտնել խուճապի և անտարբերության ոսկե միջինը: Աշխարհում քովիդով վարակվածների թիվը հասել է 355 միլիոնի և դրանից 75 միլիոնը վերջին 4 շաբաթներին, երբ Օմիկրոնը դարձավ աշխարհում գերակշռող շտամ:

Ախտանշանները

Օմիկրոնը հիմնականում ախտահարում է վերին շնչուղիները: Հետևաբար, ամենահաճախ հանդիպող ախտանշաններից են կոկորդի ցավը, չոր հազը, քթից արտահոսքը: Օմիկրոնով վարակվածների 73 տոկոսը մրսածությանը բնորոշ ախտանշաններ ունեն: Հետևաբար, մասնագետները խորհուրդ են տալիս գրիպի կամ մրսածության նշաններ ունենալու դեպքում ենթադրել, որ վարակված եք կորոնավիրուսով, մինչև թեստի պատասխանը հակառակը կապացուցի: Օմիկրոնին բնորոշ ախտանշաններից է նաև գիշերային քրտնարտադրությունը: Սա նորություն է, որովհետև կորոնավիրուսի մյուս շտամերի դեպքում վարակակիրները հազվադեպ են նշել այս ախտանշանը: Կորոնավիրուսով վարակված գրեթե բոլոր մարդիկ միշտ դժգոհում են համի և հոտի կորստից: Օմիկրոնով վարակվելու դեպքում դժգոհողների թիվը կտրուկ նվազել է:

Տարածումը

Տարբեր տվյալներով Օմիկրոնը երկու անգամ ավելի վարակիչ է, քան Դելտան: Վերջին օրերին Հայաստանում քովիդի նոր դեպքերի աճը առողջապահության նախարարը Օմիկրոնի տարածման հետ է կապում: Փորձանմուշներից տասից չորսը կամ հինգից երկուսը լինում է Օմիկրոն: 2021-ի տարեվերջին, երբ Օմիկրոնը մեծ թափով տարածվում էր, մտահոգություն կար, որ առողջապահական համակարգի կոլապսն անխուսափելի է: Հետո պարզվեց, որ Օմիկրոնի դեպքում հոսպիտալացումները գրեթե կրկնակի քիչ են, քան մյուս շտամերի դեպքում: Պատճառների թոփում իհարկե այն է, որ Օմիկրոնը հազվադեպ է ախտահարում թոքերը: Մեկ այլ պատճառ էլ վարակված/իմունիտետ ձեռք բերած և նաև պատվաստված մարդկանց աճող թիվն է:

Պատվաստումներից խոսելիս կարծիքներն ու թվերը գրեթե միշտ իրարամերժ են: Հստակ է մի բան. Գրեթե բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստված մարդիկ առնվազն 30 տոկոսով ավելի պաշտպանված են Օմիկրոնից: Համեմատության մեջ սա իհարկե շատ ցածր տոկոս է, որովհետև մյուս շտամերի դեպքում պաշտպանվածությունը հասնում էր մինչև 80 տոկոսի: Հիմա պնդում են, որ Օմիկրոնից պաշտպանվելու լուծումը բուստեր դեղաչափն է: Չնայած, սա էլ 100 տոկոսանոց պաշտպանություն չի ենթադրում:

Ինչպես կորոնավիրուսի մյուս շտամերի դեպքում, Օմիկրոնի երկարաժամկետ հետևանքները ևս դեռ վարկածների ու քննարկման փուլում են: Հիշողության վատթարացում, թուլություն, խրոնիկ հոգնածություն, մազաթափություն. սրանք Օմիկրոնով վարակվածների ամենահաճախ մեջբերած հետևանքներն են: Անկախ շտամից, կորոնավիրուսի էմոցիոնալ հետևանքների մասին վերջերս շատ է խոսվում: Վարակակիրներից շատերը բողոքում են հուզական բարձր ֆոնից և տրամադրության կտրուկ տատանումներից:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---