Վարորդներին ԳԱԶազացրին

Վարորդներին ԳԱԶազացրին

Ինչ է կատարվում վառելիքի շուկայում

Վերջերս բոլորը համատարած բողոքում են տաքսիների ուղեվարձից, ավելի ճիշտ՝ դրա գլխապտույտ թանկացումներից։ Համացանցում և սեղանների շուրջ տաքսի ծառայություններից բողոքելուն զուգահեռ կարևոր է հասկանալ, թե որտե՞ղ է շղթայական թանկացումների սկիզբը։ Վառելիքի շուկայում թանկացումներն արդեն մեկ տարուց ավելի է՝ դարձել են օրինաչափություն։

PanARMENIAN.Net - Առանց որևէ շեղումների ու բացառությունների թանկանում է բենզինը, հեղուկ և սեղմված բնական գազը։ 2020֊ի սկզբին՝ կորոնավիրուսի տարածման առաջին ամիսներին 1 լիտր բենզինը շուրջ 280 դրամ էր։ 2021-ի փետրվարին` 400 դրամ, մեկ տարի անց՝ 2022-ին, 1 լիտր բենզինը շուրջ 500 դրամ է։ Ամենապարզ հաշվարկով, եթե շաբաթական 30 լիտր բենզին եք օգտագործում, ապա մեկ ամսվա կտրվածքով նախորդ տարվա համեմատ առնվազն 12 հազար դրամի կորուստ եք ունենում։ Ընդհանուր թանկացումների ֆոնին միայն բենզինից 12 հազար դրամի կորուստն, իհարկե, մտահոգիչ ցուցանիշ է։

Անհավասար մրցակցությունը

Վառելիքի շուկայում մենաշնորհները միշտ էլ այս կամ այն չափով ազդել են վառելիքի թանկացման վրա։ Մի քանի խոշոր ներմուծողներ հաճախ խաղից դուրս են թողնում ոլորտում գերիշխող դիրք չունեցողներին և սահմանում իրենց հարմար գնային քաղաքականություն։ Տնտեսագետների դիտարկմամբ բենզին ներկրողները վերջին տարիներին մտել են նաև հեղուկ գազի շուկա և իրենց պայմանները թելադրում են նաև այնտեղ։ ՏՄՊՊՀ֊ն այս վարկածը չի ընդունում, նշելով, որ ոլորտում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ կա, որոնք ոլորտի ընդհանուր պայմանների և գների վրա որոշիչ ազդեցություն չեն կարող ունենալ։

Բենզինը

Վիճակագրական կոմիտեի տվյալով 2021-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ բենզինի գինն աճել է 59.2 տոկոսով։ Դե իսկ տաեվերջին՝ դեկտեմբերին, նախորդ ամսվա՝ նոյեմբերի հետ համեմատ բենզինը թանկացել է 0.8 տոկոսով։ ԵԱՏՄ մյուս երկրների հետ համեմատությամբ Հայաստանում բենզինի գինն ամենաթանկն է։ Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում հունվար ամսին բենզինի գինը 250-400 դրամի միջակայքում է եղել։ Մինչդեռ Հայաստանում հասել է 500֊ի։ Ի դեպ, դեռ 2019֊ին բենզինի թանկացման պատճառների թվում նաև նշվում էր այն փաստը, որ 2019 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ֊ից դուրս այլ երկրներից ներկրվող բենզինը մաքսազերծվում է։ Կարևոր է նաև հիշել հարկային դրույքաչափերի փոփոխության և վառելիքի գնի վրա դրա ազդեցության մասին։ Դեռ 2018-ին վառելիքի շուկայում գնաճը պայմանավորեցին ակցիզային հարկով։ Ինչպես միշտ, վաճառողն իր հարկային լրացուցիչ պարտավորությունն ավելացրեց արժեքի մեջ և արդյուքնում տուժեց սպառողը։

Հեղուկ գազը

Հեղուկ գազով աշխատող մեքենաները սկսեցին կտրուկ աճել դեռ երեք տարի առաջ։ Նախ, որովհետև հեղուկ գազը շատ ավելի մատչելի էր, քան սեղմված բնական գազը։ Տարիների ընթացքում գնային այս տարբերությունը նվազեց, որովհետև հեղուկ գազը ևս կտրուկ թանկացավ։ Մեկ տարում՝ շուրջ 70%-ով։ Գնային այս կտրուկ թանկացումներում նախ կրկին մեղադրեցին կորոնավիրուսին և դրա հետևանքով առաջացած լոգիստիկ խնդիրներին։ Հետո պնդեցին, որ հեղուկ գազը թանկացել է համաշխարհային շուկայում։ Հայաստանը հեղուկ գազ չունի և ամբողջությամբ ներկրում է, հետևաբար թանկացումները շղթայաբար հասել են նաև Հայաստան։

Սեղմված բնական գազը

Սեղմված բնական գազի գինը կարծես ամենակայունն էր վերջին շրջանում, բայց վարորդները մտահոգության նոր առիթ ունեն։ Օդում կախված լուրերով հնարավոր է, որ սեղմված բնական գազի արժեքը ապրիլին թանկանա 20-30 դրամով։ Ոչ պաշտոնական, խոսակցությունների մակարդակում, գազալցակայանների աշխատողներն ասում են, որ «Գազպրոմ Արմենիա»֊ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հարցով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու արդյունքում գազալցակայանների սեփականատերերը մտածում են բարձրացնել գազի գինը։

2019-ի ապրիլի մեկից Հայաստանում գազը վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Գազը վաճառվում է ոչ թե ծավալով, այլ քաշով և հետևաբար ակցիզային հարկն էլ հաշվարկվում և գանձվում է ըստ քաշի։ Կառավարության դիտարկմամբ սա նպատակ ուներ նվազեցնել գնորդներին խաբելու դեպքերը և չպետք է ազդեր սեղմված գազի գնի վրա։ Ժամանակը ցույց տվեց, որ նոր որոշումը ևս թանկացման պատճառ դարձավ։ Ինչ վերաբերում է վարորդներին խաբելու վատ սովորությանը, եթե առաջ քաղաքացիները դժգոհում էին, որ գազը հաշվարկվում է ճնշումով, բայց կարող է տարբեր ծավալներ ունենալ, ապա այսօր բողոքում են, որ գազալցակայաններում գազը թերակշռում են։

 Ամենաընթերցվողը բաժնում
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
 Ուշադրության կենտրոնում
Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի, մի մասին Երևան են տեղափոխել

Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի, մի մասին Երևան են տեղափոխել Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են

 Բաժնի այլ նյութերը
Evolution-ը Հայաստանում է Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---