«Ոսկե ծիրան» VII կինոփառատոնը սիրո խոստովանություն էր Երևանին ու երևանցիներին

Կազմակերպիչների կատարած ահռելի աշխատանքից հետո արդեն զարմանալի չէ, որ յոթամյա հայկական փառատոնը լայն ճանաչում է ստացել արտերկրում

Անցյալում մնացին կինոյի տոնի յոթ անմոռանալի օրերը` հայտարարված են հաղթողները, հանձնված են գլխավոր և պատվավոր մրցանակները: Երևանը ճանապարհեց իր թանկագին հյուրերին, որոնք հավաքվել էին Հայաստանի մայրաքաղաքում ամբողջ աշխարհից` մասնակցելու համար «Ոսկե ծիրան» VII միջազգային կինոփառատոնին: Սա էր անցած շաբաթվա գլխավոր մշակութային իրադարձությունը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց 120 կինոնկար 5 մրցանակային անվանակարգերում, տեղի ունեցան հայտնի ռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ` ռեժիսորների մասնակցությամբ:

PanARMENIAN.Net - Արվեստի երիտասարդ գործիչներին բախտ վիճակվեց ներկա գտնվել կինոյի դասականների վարպետության դասերին` մինչ այդ հազիվ որևէ մեկը Հայաստանում կարողանար պարծենալ, որ կարող է իրեն հետաքրքրող հարցն ուղղել անձամբ հունական կինոյի «հայր» Թեոդորոս Անգելոպուլոսին, տեսնել Երևանի փողոցներում տեսախցիկը ձեռքին զբոսնող Ատոմ Էգոյանին կամ վայելել մեծագույն ռեժիսորների մուսա, իր իսկ խոսքերով իսկական հայ «Մայրիկ» դարձած Կլաուդիա Կարդինալեի ներկայությունը: Այս ամենը շռայլորեն երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին նվիրեցին «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները;

Բազմիցս են միջազգային ժյուրիի ներկայացուցիչները, համաշխարհային անունով կինոգործիչները նշել, թե որքան բնորոշ է «Ոսկե ծիրանի» անվանումը: «Սա աշխարհում միակ արգասաբեր փառատոնն է»,-նշեց փակման արարողության ժամանակ իսլանդացի ռեժիսոր Ֆրիդրիկ Թոր Ֆրիդրիքսոնը: «Շնորհակալություն բոլորին, ով աճեցրեց այս հիասքանչ պտուղը` «Ոսկե ծիրանը»,-շարունակեց նրա միտքը Արմեն Մեդվեդևը:

Այո, շատ են «Ոսկե ծիրանի» առանձնահատկությունները, սակայն, առավել հաճախ նշվում էր նրա հատուկ մթնոլորտն ու երևանցիների ջերմ ընդունելությունը: Հենց նրաց ջանքերով բոլոր հյուրերի համար, անկախ ազգությունից ու ճանաչված լինելու աստիճանից, Երևանը հոգեհարազատ դարձավ : «Ես քայլում էի ձեր քաղաքի փողոցներով և ինձ զգում է ինչպես իմ տանը»,-իր տպավորութւուններ է կիսել թուրք ռեժիսոր, Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիհ Կապլանօղլուն «Մեղր» ֆիլմի համար, որն էլ նա բերել էր Հայաստան: «Ոսկե ծիրանի» հատուկ մթնոլորտի հաջորդ բաղադրիչը հասարակ քաղաքացիների հետաքրքրությունն էր կինոյի հանդեպ: «Վերջերս ես մասնակցեցի մեկ այլ փառատոնի, Եվրոպայում: Ընդունելությունը հիանալի էր, սակայն հետաքրքրությունը կինոյի հանդեպ զրոյական էր», նշել է լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:

Փառատոնն աչքի ընկավ նաև թեժ բանավեճերով: Ասում են,հաղթողներին չեն դատում: Սակայն, «Խաղարկային կինո» անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացած թուրք ռեժիսոր Ռեհա Էրդենի հասցեին այն հնչեց: Քննարկում էին ինչպես նրա «Տիեզերք» ֆիլմի առավելություններն ու թերությունները, այնպես էլ ռեժիսորի ազգությունը: Սակայն փառատոնի կարգախոսն էր «Մշակույթների խաչմերուկ» կարգախոսը: Դա վկայում է այն մասին, որ գլխավոր մրցանակի կարող է արժանանալ ցանկացած ազգի ռեժիսոր, որը արժանի ֆիլմ է ներկայացրել: Սակայն, հավանաբար, առաջատարը վաղուց էր ի հայտ եկել, քանի որ դեռևս մինչ հաղթողները հայտնի կդառնային, Ֆրիդրիկ Թոր Ֆրիդրիքսոնը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրավունք չունի հրապարակելու իր հավանած ֆիլմի անվանումը:

Իսկ մրցանակներ չստացած ռեժիսորներին Հարություն Խաչատրյանը հորդորեց չտխրել, քանի որ ամեն դեպքում, նրանք լավագույն ֆիլմերի հեղինակներ են:

Փառատոնի ավարտին բոլորն էին հոգնել` և կազմակերպիչները, և ժյուրին, և հրավիրված հյուրերը: Փակման արարողությանը Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու մրցանակակիր Սերժ Ավեդիկյանը կիսակատակ նկատեց, որ փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը խոստովանել է, որ սա աշխարհի միակ փառատոնն է, որտեղ նա ստիպված էր ավելի շատ աշխատել, քան Կաննում: Եվ, չնայած դրան, ոչ ոք չէր շտապում հեռանալ: Ուստի փակման արարողությունը Հարություն Խաչատրյանն ու փառատոնի գլխավոր հովանավոր` ՎիվաՍել ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ավարտեցին դրական նոտայով: «Բոլորս տխրել ենք, քանի որ ավարտվեց յոթերորդ փառատոնը, սակայն մենք նաև ուրախանալու առիթ ունենք` այս պահից իր աշխատանքն է սկսում «Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնը:

Կազմակերպիչների կատարած ահռելի աշխատանքից հետո արդեն զարմանալի չէ, որ յոթամյա հայկական փառատոնը լայն ճանաչում է ստացել արտերկրում: Այս առիթով մի զավեշտալի դեպք պատմեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: «Եվրոպական երկրներից մեկում մեզ շատ զվարճացրեց հետևյալ հարցը. «Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր երկրում «Ոսկե ծիրան» փառատոն կա»: Այո, մեր համբավը մեզնից առաջ է անցնում»…

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---