Հայաստանը ցորենի մատակարարում է ակնկալում Ռուսաստանից

Արդեն սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կբերվի 950 տոննա էլիտար ցորեն Ռուսաստանից

Տնտեսության աճն անցած 7 ամիսների ընթացքում կազմել է 4 տոկոս, որի աճի ցուցանիշների վրա ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված զգալի անկումը: Այնուամենայնիվ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հավաստիացրել է, որ ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում կգրանցվի աճ 2009-ի մակարդակով:

PanARMENIAN.Net - Անկումը գյուղատնտեսության ոլորտում պայմանավորված է հիմնականում պտուղ-բանջարեղենի բերքի կրճատմամբ և բնակլիմայական պայմաններով, ավելին, զգալի ազդեցություն ունեցավ նաև համաշխարհային երաշտը, որը հանգեցրեց ցորենի գնաճին:

Դա ստիպեց Ռուսաստանին, որն ավանդաբար ցորեն է մատակարարում Հայաստան, էմբարգո սահմանել ցորենի արտահանման համար օգոստոսի 15-ից դեկտեմբերի 31-ը ընկած հատվածում: Քանի որ Ռուսաստանը սահմանափակել է ցորենի արտահանումը, Հայաստանի խոշոր ցորեն ներկրողները սկսեցին անհրաժեշտ ծավալները գնել Իրանից, Ղազախստանից, Բուլղարիայից ու Բելառուսից: Ավելին, ընթացիկ տարվա օգոստոսին ավելի մեծ ծավալով մթերում է կատարվել, քան նախորդ տարի, ուստի ցորենի պաշարները բավարար են առաջիկա 3-4 ամսվա համար և զգալի գնաճ երկրում չի սպասվում: Ներկրվող ցորենի գինն այսօրվա դրությամբ տատանվում է 80-150 դրամի սահմաններում 1 կգ համար կախված տեսակից, ընդ որում արժեքի մեծ մասը պայմանավորված է տրանսպորտային բարձր ծախսերով: Հայաստանի ցորենի ներքին պահանջարկը կազմում է տարեկան 650-720 հազար տոննա, այս տարի երկրում արտադրվել է 280 հազար տոննա ցորեն նախորդ տարվա 370 հազար տոննայի դիմաց: 2010-ի առաջին կիսամյակում հանրապետություն է ներկրվել 147 852 տոննա ցորեն 36 998 մլն դոլար արժողությամբ 2009-ի նույն շրջանի 126 841 տոննայի (32 160 մլն դոլար) փոխարեն: Ցորենի մեծ մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից` տարեկան 300-400 հազար տոննա, որն աշխարհում արտահանմամբ 4-րդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից, ԵՄ-ից և Կանադայից հետո: Չնայած նրան, որ երաշտի պատճառով համաշխարհային շուկայում արձանագրվել է ցորենի գների աճ, ինչն ազդել է Հայաստան ներկրվող ցորենի գների աճի վրա, այնուամենայնիվ, հանրապետությունում հացի արտադրության ծավալն անփոփոխ է մնացել: 2010-ի հունվար-հուլիսին Հայաստանում, ինչպես և 2009-ի նույն շրջանում, արտադրվել է 174.2 տոննա հաց: Ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում երկրում մեծացել է 18.4 տոկոսով` կազմելով 85.5 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը մեծացել է 9.9 տոկոսով 2009-ի նույն շրջանի համեմատ և կազմել 6.1 հազար տոննա: 2010-ի հունվար-հուլիսին մակարոնեղենի արտադրությունը մեծացել է 7.2 տոկոսով` 1.6 հազար տոննա, ձավարեղենի արտադրությունն աճել է 2 անգամ` մինչև 226 տոննա:

Ներկրվող ցորենի ծավալների կրճատման նպատակով Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը սկսել է սերմնաբուծության զարգացման ծրագրի իրականացումը, արդեն սեպտեմբերի 15-20-ը Ռուսաստանից Հայաստան կներկրվեն բարձրակարգ հացահատիկի սերմեր: Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում 950 տ մատակարարման համար: Հաշվի առնելով ՀՀ և ՌԴ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի սերմերի որոշակի քանակ: Դա հույս է ներշնչում, որ Հայաստանի բնակչության վրա, որը նույնիսկ ցորենի գնաճի պայմաններում չի կրճատում հացի սպառումը, չեն անդրադառնա համաշխարհային երաշտի հետևանքները` մինչ կառավարության սերմնաբուծության ծրագրի մեկնարկը, որը կարելի է ուշացած համարել և որի արդյունքները տեսանելի կլինեն միայն 2014 թվականին:

Վիկտորրիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---