Երևանի կանգառների «էվոլյուցիան»` համասեռամոլներից մինչև էլեկտրոնային վահանակներ

Երևանի կանգառների «էվոլյուցիան»` համասեռամոլներից մինչև էլեկտրոնային վահանակներ

Ինչպե՞ս լինել «հայեցի ու հայրենասեր», ինչպե՞ս պայքարել ՀՀՇ-ի ու համասեռամոլների դեմ. կարդացե՛ք Երևանի կանգառներում

Երևանի քաղաքացիներն ու զբոսաշրջիկները, հայտնվելով անծանոթ փողոցի անծանոթ կանգառում, հաճախ չեն կարողանում հասկանալ՝ որ երթուղայիններն են այդ հատվածով անցնում և որն ուր է գնում։ Այնինչ քաղաքակիրթ երկրներում սա շատ վաղուց այլևս խնդիր չէ։Մի քանի տարի առաջ Երևանի կանգառներում տեղադրվեցին անցնող երթուղայինների համարներով ցուցանակներ։ Սակայն տեղադրումից մի քանի շաբաթ անց ցուցանակներն ամբողջովին պատված էին անհասկանալի, հաճախ անհեթեթ հայտարարություններով։ Կանգառներում մարդիկ ավելի շուտ կարող են իմանալ՝ որտեղ ինչ բնակարան է վաճառվում, ինչպես լինել «հայեցի ու հայրենասեր», ինչպես պայքարել ՀՀՇ-ի ու համասեռամոլների դեմ՝ մոռանալով ցուցանակի սկզբնական դերի մասին։ Այսքանից հետո բնական է, որ ամենուր ականատես ենք լինում շատ ծանոթ մի երևույթի, երբ մոտենում ու հարցնում են՝ «Ապեր, 82 համարը ստեղով անցնո՞ւմ ա» կամ «Հոպար, Ավան հասնո՞ւմ ես»։

PanARMENIAN.Net - Իսկ քաղաքապետարանը երևույթի դեմ պայքարում չունի լծակներ, քանի որ կանգառասրահներում կամ կանգառանշանների վրա հայտարարություններ փակցնելու համար որևէ տույժ կամ տուգանք չի նախատեսվում, իսկ նրանց սարքին լինելու և մաքրության համար պատասխանատվությունը կրում է «Երևանտրանս» ՓԲԸ-ն։

Հուրախություն բոլորի, իրավիճակը սկսել է կամաց-կամաց շտկվել։ Վերջին մի քանի օրերի ընթացքում մաքրել են Կենտրոն վարչական շրջանի կանգառանշանները։ Հուսանք, որ հերթը ծայրամասերին էլ կհասնի։

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանը սկսել է կանգառասրահներում էլեկտրոնային վահանակներ տեղադրելու պիլոտային փուլը։ Դրանք կապվելու են ավտոբուսներում տեղադրված GPS համակարգին՝ կատարելով երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեների մոտավոր հաշվարկ, որը տեսանելի կլինի վահանակի վրա երեք տողով՝ յուրաքանչյուրում մեկական երթուղի։

Էլեկտրոնային վահանակների տեղադրման ծրագիրն իրականացնող «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի ծրագրերի ներդրման և սպասարկման մասնագետ Էդգար Հարությունյանը տեղեկացրել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ հաջող արդյունքների դեպքում ծրագիրը նախատեսվում է ներդնել Երևանի բոլոր 300-ից ավելի կանգառասրահներում։

Նախատեսված է նաև վահանակների անվտանգության ապահովումը. վահանակները տեղադրվելու են մարդու հասակից բարձր և հսկվելու են կանգառասրահներում տեղադրված տեսախցիկներով։ Դեռևս հստակ ժամկետներ չկան, թե երբ կավարտվի պիլոտային փուլը և երբ կսկսվի ծրագրի ամբողջական իրականացումը, ինչը կապված է նոյեմբերին մայրաքաղաք ներկրվող նոր ավտոբուսների առաջին խմբաքանակի՝ 66 ավտոբուսի հետ։ Առայժմ ծրագիրը միայն ավտոբուսների համար է նախատեսված, սակայն, հավանաբար, ամբողջական իրականացման ժամանակ երթուղայինները նույնպես կներառվեն։

Ըստ Էդգար Հարությունյանի՝ կա մեկ այլ գաղափար՝ կանգառներում երթուղայինների մասին եվրոպական չափորոշիչներին համապատասխան երթուղիների մասին տեղեկատվությամբ ցանկերի տեղադրում։ Սակայն սա միայն գաղափար է, և առայժմ գործնական քայլեր չեն արվում։ Գաղափարի իրականացումը, եթե իհարկե իրականացվի, կօգնի կողմնորոշվել թե զբոսաշրջիկներին, թե երևանցիներին։

Քաղաքապետարանը նախատեսում է 50 տոկոսով կրճատել շահագործվող միկրոավտոբուսների թիվը

Քրիստինե Քյուրքլյան, Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---