17  20.02.12 - Հալվող և չմաքրվող Երևանը
Երևանի բոլոր բակերը մաքուր կլինեն միայն մարտի կեսերի՞ն

Երևանի բոլոր բակերը մաքուր կլինեն միայն մարտի կեսերի՞ն

Համատիրություններն ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունները միահամուռ պնդում են՝ «աշխատում ենք մեզ չխնայելով»

Արդեն 3 օր է Երևանում ձյուն չի գալիս, բայց մայթերն ու առավել ևս՝ բակերը, շարունակում են մնալ սառցակալած ու վտանգավոր: «Շտապօգնության» ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 1-10-ը գրանցվել է 49, իսկ փետրվարի 10-20-ը՝ 67 կանչ: Արդյունքում՝ 57 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

PanARMENIAN.Net - Այս ամենի ֆոնին համատիրություններն ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունները միահամուռ պնդում են՝ «աշխատում ենք մեզ չխնայելով»:

Կենտրոն համայնքի 1-ին համատիրության կառավարչի տեղակալ Դավիթ Կարախանյանն, օրինակ, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց ենթակայության տակ գտնվող 264 բնակելի բազմաբնակարան շենքերից հիմնականում մաքրված են 85-90-ի բակերն ու շրջակայքը. « Աշխատանքը շատ դանդաղ է ընթանում, քանի որ ցուրտ է, սառույցը չի հալվում, և պետք է սառույցները կոտրել, ինչը տեխնիկան անել չի կարող: Մենք մեր ենթակայության տակ այժմ ունենք 14 բանվոր, 5 ինժեներ՝ 1-ին և 2-րդ կարգի մասնագետներ, որոնք համակարգում են աշխատանքը, 3 հոգի բակերի մաքրության համար և 2 տրակտորավար: Ստիպված ենք եղել 5 հոգի հավելյալ պայմանագրային աշխատող վերցնել, որ աշխատանքը մի քիչ առաջ գնա»:

Նա նաև նկարագրեց այն սկզբունքը, որով առաջնորդվում են բակերը մաքրելիս. « Առաջին հերթին ոչ արևկող մասերն ենք մաքրում, դպրոցների բակերը: Հիմա նաև մեր ուժերը կենտրոնացրել ենք մայթերը մաքրելու վրա, թեև կանոնադրությամբ դա մեր պարտականությունների մեջ չի մտնում»:

Ինչի՞ կարիք ունի համատիրությունը հարցին Կարախանյանը պատասխանեց. «Մենք տեխնիկա ունենք, վարձում ենք, ունենք աշխատուժ: Անգամ եթե հիմա 100 հոգի բանվոր էլ ունենայինք, միևնույն է, չէինք կարողանա 2 օրում ամեն ինչ վերջացնել»: Նա նշեց, որ եթե եղանակային պայմանները չփոխվեն, ապա իրենց համատիրության բակերի 100 տոկոսանոց մաքրության մասին կարելի կլինի խոսել ոչ շուտ, քան մարտի 10-15-ը. «Մեկ օրում առավելագույնը 2 շենքի բակ ենք մաքրում: Մի մոռացեք նաև տանիքից կախված սառույցների մասին: Այդ ամենը շատ ժամանակատար է»:

Իսկ Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության բաժնի պետ Աբգար Խաչատրյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց համայնքի բակերի կեսից ավելի արդեն մաքրված են սառույցից ու ձնից, և աշխատանքները դեռևս շարունակվում են. « Առատ ձյան հետ կապված մինչև այսօր մաքում ենք, ձյունը տեղափոխում: Համատիրությունները տեխնիկա են վարձում, մենք էլ մեր կողմից որքան կարողանում ենք աջակցում ենք, մենք էլ ենք տեխնիկա տրամադրում: Բացի այդ աղ ու ավազ են ցանում, փողոցների եզրերն ենք սառույցից մաքրում: Մեզ էլ քաղաքապետարանն է աջակցում»:

Երևանի մեկ այլ համատիրության ղեկավար էլ, օրինակ, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թեև իրենց աղ ու ավազ են տրամադրում, բայց համատիությունը հնարավորություն չունի համապատասխան տեխնիկա վարձելու. «Ես անձամբ այսօր իմ մեքենայի վրա եմ աղն ու ավազը բարձել ու իմ մեքենայից են բանվորները աղ ցանում բակերում»:

Չնայած վարչական շրջաններն ակտիվ և շարունակական աշխատանք են տանում մայրաքաղաքի ձնամաքրումն իրականացնելու և ձյան կուտակումները վերացնելու ուղղությամբ, սակայն մայթերի ու բակային տարածքների մասով արդյունքները գոհացուցիչ չեն նաև քաղաքապետարանի համար: «Մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք սառցալեզվակները կոտրելու և հեռացնելու աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու ուղղությամբ: Հակառակ դեպքում` հալոցքի պայմաններում վտանգը կանխելն առավել դժվար կլինի»,- աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետի հանձնարարականով նշել է Կամո Արեյանը:

Ստացվում է, որ համատիրություններն ու վարչական շրջանների կոմունալ ծառայություններն աշխատում են ինչպես կարող են… Այդ դեպում ո՞վ է մեղավոր, որ մայթերն ու բակերը մաքուր չեն: Ո՞ւմ մեղադրեն կոտրվածքներ ստացած ու հիվանդանոց տեղափոխված այն 57 քաղաքացիները: Միգուցե՞ ձմեռն ու առատ ձյունն են մեղավոր, և պետք չէր այդքան «դաժան» վարվել նորանշանակ քաղաքապետի, վարչական շրջանների ու համատիրությունների աշխատակիցների հետ:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---