Արդյո՞ք Հաագայի դատարանի որոշումը նախադեպ կարող է հանդիսանալ ԼՂՀ-ի համար

Հուլիսի 24-30-ը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ամփոփում

Այս շաբաթվա քաղաքական իրադարձությունները զարգանում էին այն հարցի շուրջ, թե հանդիսանում է արդյոք Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը նախադեպ Ղարաբաղի համար: Հուլիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում «Օրինաց երկիր»կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի վերաբերյալ իրավիճակի բարոյական ու իրավաբանական գնահատականն է, որը կարող է ազդել նաև ղարաբաղյան կարգավորման վրա: Ըստ Շահգելդյանի, Կոսովոյի նախադեպն ամրագրում է հայկական կողմի իրավաբանական ու դիվանագիտական դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Շահգելդյանի խոսքերով, այդ որոշումը կայացվել է Կոսովոյի վերաբերյալ, այն նաև դե-յուրե ամրագրում է դե-ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էյլ հակամարտող գոտիների դեպքում:

PanARMENIAN.Net - Բացի այդ, նա նշել է, որ ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների Ալմաթիում արված հայտարարության մեջ ղարաբաղյան կարգավորման հարցում ևս մեկ անգամ շեշտը դրվում է միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա. ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում և տարածքային ամբողջականություն: Չափազանց կարևոր է, որ հայտարարության մեջ այդ երեք սկզբունքները դիտարկվում են որպես միասնական և շաղկապված գաղափար»,-ասել է Մհեր Շահգելդյանը:

Հուլիսի 26-ին «Դիվանագիտության ու խաղաղության երկրորդ ուղին Հարավային Կովկասում. Rondine` 14 դրույթներ հանուն խաղաղության» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, ժողովրդական դիվանագիտությունը կօգնի հաղթահարել անվստահության ու ատելության մթնոլորտը, որն առկա է Հարավային Կովկասի ժողովրդների միջև: Ըստ նրա, իտալական Rondine Cittadella della Pace ասոցիացիան և Rondine համալսարանը որոշել են համագործակցել Կովկասի երկրների երիտասարդների հետ: «Ասոցիացիան, հնարավորություն տալով Կովկասի տարբեր երկրների ուսանողներին սովորել Rondine համալսարանում, ստեղծում է այդ երկրների միջև համագործակցության ու երկխոսության որոշակի ձևաչափ: Ասոցիացիան ուղղակիորեն չի զբաղվում քաղաքական հարցերով, հակամարտութուններով, սակայն օգնում է շփումներ հաստատել այդ երկրների ժողովրդների միջև»,-ասել է Ստեփան Գրիգորյանը:

Նույն օրը Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը ցույց է տալիս, որ ազգերի ինքնորոշման իրավունքն առաջնային է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ: Ըստ Նիկոյանի, վերոնշյալ սկզբունքները չեն հակասում միմյանց, քանի որ տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է այն դեպքում, երբ ՄԱԿ-ի մի պետությունը հավակնում է մեկ այլ պետության տարածիք վրա: «Իսկ ժողովրդների ինքնորոշման իրավունքը գործում է այն դեպքում, երբ ազգային փոքրամասնությունն իր իրավունքների ոտնահարման պատճառով և ըստ միջազգհային օրենսդրության անջատվում է ու ստեղծում սեփական պետություն»,-ասել է խորհրդարանի փոխխոսնակը:

Ինչպես նշել է Նիկոյանը, Ադրբեջանի նախագահը պետք է եզրակացություն անի Կոսովոյի նախադեպից, քանի որ միջազգային պրակտիկայում մեծապես կարևորվում է ժողովրնդերի ինքնորոշման իրավունքը, ոչ թե տարածքային ամբողջականությունը: «Ադրբեջանական հանրության աչքում ներկայացնելով տարածքային ամբողջականության սկզբունքը որպես գերակայող բանակցություններում և, միևնույն ժամանակ, չկարողանալով արդարացնել հանրության հույսերը, Իլհամ Ալիևը ստիպված կլինի պատասխան տալ իր երկրի հանրության առջև»,-ասել է Սամվել Նիկոյանը: Նա ասաց, որ միջազգային իրավունքի տեսակետից Կոսովոյի ու ԼՂՀ-ի խնդիրների միջև ոչ մի տարբերություն չկա:

Կոսովոյի նախադեպը անհնար է կիրառել ԼՂՀ միջազգային ճանաչման գործում, քանի որ Կոսովոն ԱՄՆ-ի նախագիծն է: Հենց ԱՄՆ-ի ճնշման ներքո Հաագայի դատարանը նման որոշում կայացրեց Կոսովոյի գործով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահի տեղակալ Արայիկ Սարգսյանը: Ըստ Սարգսյանի, գերտերությունները վաղուց կճանաչեին ԼՂՀ-ի անկախությունը, եթե դա բխեր նրանց շահերից: « Ղարաբաղյան խնդրի լուծումը չի բխում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի շահերից, քանի որ լարված իրավիճակը տարածաշրջանում նրանց ներկայության երաշխիքն է»,-ասել է ՌԴ աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահի տեղակալը: Ինչպես նշել է Սարգսյանը, ալբանական «թմրամաֆիան» 250 մլն դոլար է ծախսել Կոսովոյի միջազգային ճանաչման համար: «Հայ օլիգարխները պատրաստ չեն մոտավորապես նույնքան ծախսել ԼՂՀ միջազգային ճանաչման համար, քանի որ չկա ՀՀ ղեկավարության համապատասխան պետական քաղաքականություն և քաղաքական կամք»,-ասել է նա: Սարգսյանը նշել է, նաև, որ ԼՂՀ անկախությունը կճանաչվի միայն երկու դեպքում` երբ կլինի համապատասխան պետական քաղաքականություն և մեծ միջոցներ ծախսելու պատրաստակամություն, կամ, նոր պատերազմի դեպքում, որից հետո կողմերը խաղաղ պայմանագիր կկնքեն: Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի կողմից անկախության հռչակման օրինականության վերաբերյալ հարմար առիթ ստեղծեց, որպեսզի Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն կոնկրետ գործընթաց սկսի ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, այն փաստն, որ այսօր ղարաբաղյան կողմն անմիջական մասնակցություն չունի բանակցություններին, թույլ է տալիս Ստեփանակերտին պակաս կաշկանդված լինել նման նախաձեռնություններում: Ինչպես նշել է փորձագետը, ԼՂՀ միջազգային ճանաչման գործին պետք է լծվի նաև ԼՂՀ քաղաքացիական հատվածը:

Ըստ Բեքարյանի, նա պետք է ակտիվացնի իր խորհրդարանական դիվանագիտությունը: «Միջազգային կազմակերպությունների ու Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամական խմբերի միջոցով կարելի է նախաձեռնել ԼՂՀ անկախության ճանաչմանն ուղղված քայլեր Հայաստանի բարեկամ երկրների խորհրդարանների կողմից: Հայկական սփյուռքն, իր հերթին, պետք է նպաստի Հայաստանին ու ԼՂՀ-ին այս գործընթացում»,-ասել է «Եվրոպական ինտեգրացիայի» նախագահը:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը գտնում է, որ Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումն, անշուշտ, դրական կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա, սակայն, միևնույն ժամանակ, պետք չէ ակնկալել, որ դա զգալի ազդեցություն կունենա ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման վրա: Ըստ Ալեքսանյանի, չնայած նրան, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը խորհրդատվական բնույթ է կրում, այն կայացվել է իրավական տրամաբանության շրջանակներում: «Այդ դատավճիռը լավ հիմք է հանդիսանում ղարաբաղյան խնդիրը իրավական դաշտ տեղափոխելու համար: Այս որոշումը վերջապես կբացի ադրբեջանցիների աչքերը և նրանք կհասկանան, որ ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել իրավական դաշտում»,-ասել է Ալեքսանյանը:

Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը կարևոր է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ այն ամրագրում է, որ այլ պետությունների կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը չի հակասում միջազգային իրավունքին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, ԼՂՀ-ն անկախություն հռչակեց ոչ միայն միջազգային իրավունքի համաձայն, այլ նույնիսկ չխախտելով ԽՍՀՄ օրենսդրությունը: Կիրո Մանոյանը սխալ է համարել բոլոր հայտարարություններն այն մասին, որ Հաագայի դատարանի որոշումը կարող է տարածվել միայն Կոսովոյի վրա: Նա նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ:

Հուլիսի 29-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, որ Կոսովոյի նախադեպը կիսել է փորձագիտական հանրության կարծքիը երկու մասի` մի մասը հանդես է գալիս ազգերի ինքնորոշման իրավունքի օգտին, մյուս մասը` տարածքային ամբողջականության օգտին: Նրանք բոլորը իրավացի են: Այդ մասին: Ըստ Ադիբեկյանի, այս դեպքում ամեն ինչ ուժն է որոշում: «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմն ուժային գերազանցություն ունի»,-ասել է սոցիոլոգը: Ներկայացնելով «Սոցիոմետր» կենտրոնի սոցիոլոգիական հետազոտությունները, որ արվել են ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների շեմին, Ադիբեկյանը նշել է, որ Արցախի բնակչության 85 տոկոսը կողմ է անկախությանը, 15 տոկոսը անհրաժեշտ է համարում փոխընդունելի լուծում գտնելը և միայն 0,1 տոկոսն է իր ապագան պատկերացնում Ադրբեջանի կազմում:

Հուլիսի 30-ին քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հայտարարեց, որ գերտերությունները հոգնել են Բաքվի ապակառուցողական դիրքորոշումից ղարաբաղյան կարգավորման հարցում: Ըստ նրա, Իլհամ Ալիևին հստակ ու պարզ զգուշացրեցին, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումից: Մեկնաբանելով Հաագայի դատարանի որոշումը` քաղաքագետը նշեց, որ այն ճանաչել է անկախության հռչակագիրը, այլ ոչ թե Կոսովոյի անկախությունը որպես պետություն: Նա հավելել է նաև, որ Կոսովոն չի կարող նախադեպ հանդիսանալ ղարաբաղյան խնդրի համար, քանի որ այդ հակամարտությունները նման չեն միմյանց:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին: Նամակում, մասնավորապես, ասված է.«Զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցության: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջնորդությամբ: Մեր համոզմամբ, նկատի ունենալով բանակցությունների գաղտնիությունը, առանձնահատկությունները եւ զգայուն բնույթը, Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները, նույնիսկ բարի մտադրությամբ, բանակցային գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն»,-ասվում է նամակում:

«Պատշաճ հարգանք տածելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նման հարգարժան կառույցի հանդեպ, մենք, այնուամենայնիվ, մեր պարտքն ենք համարում հիշեցնել, որ ոչ հեռավոր անցյալում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի զեկույցը պատճառ է հանդիսացել ընտրողական վկայակոչումների, ոչ հիմնավորված մեկնաբանությունների եւ անպատեհ շահարկումների` ինչը, կարծում եմ, որեւէ կերպ չի նպաստել կարգավորման գործընթացին օժանդակող բարենպաստ միջավայրի ստեղծմանը»,-ասվում է նամակում:

Ղարաբաղյան հակամարտության քննարկումն անթույլատրելի է ցանկացած այլ կառույցում, բացի ԵԱՀԿ ՄԽ-ից: Տվյալ դեպքում ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ դա ադրբեջանական նախաձեռնություն է, որը նպատակ է հետապնդում ոչ թե լուծել խնդիրը, այլ պարզապես բարձրացնել այն զանազան միջազգային կառույցներում»,- հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանակն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա ավելացրել է նաև, որ այդ փաստը գիտակցելու դեպքում ՆԱՏՕ ԽՎ-ն պետք է ինքը հրաժարվի այդ ադրբեջանական նախաձեռնությունից:

Այս շաբաթ, Հաագայի որոշման շուրջ քննարկումներից բացի, տեղի ունեցավ նաև Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նիստը, որը վարում էր կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում քննարկվեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀԱԿ-ի առաջիկա գործողությունները: Նիստի ընթացքում որոշվեց, որ ՀԱԿ-ի հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---