32  Եղեռնի հուշահամալիրը. մտահղացումը, նախագծումը և կառուցումը
Ծիծեռնակաբերդ. Եղեռնի հուշահամալիր (մաս II)

Ծիծեռնակաբերդ. Եղեռնի հուշահամալիր (մաս II)

Մաս II. Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրի կառուցումն ու բացումը

1965 թվական, ապրիլի 24: Այս օրը սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այդ օրը հայերը Սովետական Հայաստանում առաջին անգամ նշեցին Եղեռնի զոհերի հիշատակի օրը: Ինչպես գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանն է նշում իր հուշերում.

PanARMENIAN.Net -

… ամեն ապրիլի 24-ը մենք նույնիսկ զրկված էինք..տխրելու իրավունքից: Այդ ամենը, հասկանալի է, վիրավորում էր մեր ազգային ինքնասիրությունը, տարեցտարի գերլարման հասցնելով մեր ազգային համբերության և արժանապատվության պրկված զսպանակը: Եվ 1965-ին, Մեծ Ցեղասպանության 50-ամյա տարելիցի օրը, այդ զսպանակը պայթեց»:

Խորհրդային վարչակարգում ազգային ոգեկոչման օրը նշելու համար բազմաթիվ և գրեթե անհնարին թվացող խնդիրներ կային: Բավական է նշել, որ երբ Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Եղեռնի 50-ամյակը նշելու թույլտվության համար դիմեց Մոսկվա, ԽՍՀՄ Կենտկոմի Քաղբյուրոյում հարցի քննարկման համար կազմվեց հատուկ հանձնաժողով՝ Մ. Սուսլով, Ն. Պոդգոռնի, Ա. Գրոմիկո կազմով: Բավական երկար քննարկումների արդյունքում հանձնախումբը վերջապես համաձայնեց թույլատրել նշել Եղեռնի 50-ամյակը, բայց խիստ գաղտնի և հետևողական արարողակարգով: 1965 թվականի մարտի 9-ին ՀԿԿ Կենտկոմի նախագահությունը հաստատում է «Հայերի կոտորածի 50-ամյակի նախապատրաստման հետ կապված միջոցառումների» հանգամանալից քարոզչական և գործնական աշխատանքների 15 կետից բաղկացած ծրագիրը: (ՀԱԱ, ֆ 1, ց 45, g. 18, թթ 8-10): Միջոցառման այս բոլոր կետերը, որոնք ներառում էին գիտաժողովներ, հանդիսավոր նիստ Օպերայի և բալետի թատրոնում, ցուցահանդեսներ և ելույթներ, իրականացվեցին, բացառությամբ Ծիծեռնակաբերդի բլուրին Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրի կառուցումից: Երկար քննարկումներից հետո վերջապես ՀԽՍՀ Կոնտկոմը հաստատում է հուշահամալիրի կառուցման որոշումը, և 1965 թ.-ի սեպտեմբերի 25-ին Հայպետնախագիծ ինստիտուտի կողմից տրված N 292 հրամանի համաձայն Վանիկ Խաչատրյանը նշանակվում է համալիրի ճարտարապետական խմբի ղեկավար: Խմբի անդամներն էին ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Արթուր Թարխանյանը և նկարիչ-քանդակագործ Վանիկ Խաչատրյանը: Հատկացվում է 600 հազար ռուբլի: 1965 թվականին Խորհրդային Միությունում այդքան փողով կարելի էր 30 բնակարանանոց միջին կարգի շենք կառուցել, բայց հուշահամալիրի համար դա չնչին գումար էր.

- Այդ կառույցի համար այն տարիներին դա էլ շատ էր համարվում,- պատմում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:- Մենք էլ 300 հազար գրեցինք միայն սյունը կառուցելու, մյուս կեսն էլ՝ իբր այգու բարեկարգման համար:

Բայց դե պետք էր փոքր գումարով մեծ գործ անել: Ճարտարապետներին ու շինարարներին օգնում էին նրանք, ում երկար տարիներ ստիպել էին լռել տեսածի մասին. - Ամեն շաբաթ-կիրակի Հայաստանի շրջաններից, գյուղերից սեփական նախաձեռնությամբ մարդիկ էին ավտոբուսներով գալիս, ասում էին՝ «Մենք այսինչ գյուղից ենք, մեր նախնիները եկել են Արևմտյան Հայաստանի այսինչ նահանգից, ուզում ենք շաբաթօրյակ անել, ասեք՝ ինչ անենք»: Գործ շատ կար, ու էդ մարդիկ հաճույքով, թևքերը քշտած՝ քար էին տեղափոխում կամ շինարարական աղբ թափում: Իսկ երբ անելու բան չէր լինում, սկսում էին հայրենասիրական երգեր երգել:

Ամիսը մեկ շինհրապարակ էր այցելում Սովետական Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը. շեշտում է ճարտարապետը՝ Քոչինյանը մեզ անընդհատ ասում էր՝

Ժողովուրդ, շուտ արեք: Բա որ Մոսկվան հանկարծ շվացնի՞, էլ ոչինչ չենք կարողանա անել»:

- Անգամ պատրաստ էինք առանց հարթակի հուշահամալիրի բացումն անել. Կենտրոնական իշխանությունը կարող էր ցանկացած պահ կանգնեցնել ծրագիրը:

Հուշահամալիրը բաղկացած էր երեք հիմնական կոմպոզիցիոն տարրերից՝ հավերժական կրակին հակված պատերով կենտրոնական դամբարանից, հարթաքանդակներով զարդարված գրանիտե երկայանաձիգ Սգո պատից և հայ ժողովրդի երկու կեսը խորհրդանշող սայրաձողից:

Նկարիչ քանդակագործ Վանիկ Խաչատրյանն էլ հիշում է, թե որքան շատ խնդիրներ եղան համալիրը կառուցելիս.

- Պատրաստում էինք բանվորական գծագրերը: Աշխատանքներին հետևում էր Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, իսկ անմիջական պատասխանատուն Երևանի քաղկոմի այն ժամանակվա երկրորդ քարտուղար Կարեն Դեմիրճյանն էր: Աշխատանքները շատ դանդաղ էին ընթանում, իսկ երբ գործը հասավ Սգո պատին, աշխատանքները որոշ ժամանակ կանգնեցրինք: Քոչինյանը պահանջում էր վերածնունդ խորհրդանշող քանդակներ, ես ուզում էի եղեռնի պատկերներ քանդակել:

Քանդակագործը երկար էր աշխատել Սգո պատի քանդակների վրա: Նրա մտահղացմամբ պատը պետք է խորհրդանշեր Դեր Զորի անապատի ճանապարհը, ուր քշեցին մեր նախնիներին ու կոտորեցին: Քանդակները ցույց էին տալիս անվերջ գնացող ցավի ու տառապանքի ճանապարհը:

Հուշահամալիրը կառուցվում է ռեկորդային արագությամբ՝ երկու տարում, սակայն, ի տարբերություն մյուս «գերակատարված պլանների», անաղմուկ: 1967 թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի Խորհրդայնացման 47-րդ ամյակի տարելիցի օրը, Երևանի Ծիծեռնակաբերդում տեղի ունեցավ Եղեռնի հուշարձանի պաշտոնական բացումը:

Այս մասին առաջին անգամ պաշտոնապես խոսվեց 1967-ի նոյեմբերի 30-ին: «Սովետական Հայաստան» օրաթերթն իր ամբողջ երրորդ էջը տրամադրել էր «Ընկ. Ա.Ե. Քոչինյանի ճառ»-ին և նախօրեի իրադարձությանը: «1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի բացումը». այսպես էր կոչվում մեծ հոդվածը:

Հուշահամալիրը թվանշային խորհրդանիշեր չի պարունակում

Հուշահամալիրն զբաղեցնում է 4500 քմ տարածք: Բաղկացած է հիմնական 3 կառույցներից՝ հավերժության տաճարը-դամբարանը, հուշասյունը և հուշապատը:

Այժմ Եղեռնի հուշահամալիր տանող ճանապարհն անցնում է բազալտե սրբատաշ քարերով շարված 100 մ երկարությամբ հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող հայաբնակ մի շարք խոշոր բնակավայրերի անուններ, որոնց բնակչությունը թուրքական ոճրագործության զոհ է դարձել:

«Վերածնվող Հայաստան» հուշասյունը սլաքաձև է՝ 44 մ բարձրությամբ: Բաժանված է երկու մասի՝ մեծ և փոքր կոթողների, որոնք արտահայտում են կյանքի շարունակականության, ազգի վերածննդի գաղափարը: Հավերժության տաճար-դամբարանը կառուցված է դեպի կենտրոն խոնարհվող բազալտե հսկա 12 պիլոններով: 30 մետր տրամագծով շրջանաձև դասավորությամբ 12 հսկա խոնարհված քարերն էլ որևէ կապ չունեն Թուրքիայի 12 վիլաեթների հետ. սալերը կարող էին լինել, ասենք՝ 6 կամ 9: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է, որ այդ թիվը պարզապես էսթետիկական լուծում էր.

Նախագծելիս մենք փորձեցինք չորս, վեց, ութ, տասներկու և տասնվեց պիլոններով տարբերակները: Ի վերջո կանգ առանք տասներկուսի վրա, քանի որ ճարտարապետական առումով այն առավել ընդունելի էր»:

- Մենք էսպես էինք մտածել. սյուները ոչ թե խոնարհված են, այլ բացված: Դա վերքն է սրտի վրա, որ բացվել է ու չի փակվում: Իսկ հսկայական սյունն ուղղակի ծիլ է, որ պատռել է հողը, պատռել է ասֆալտը ու դուրս եկել: Տեսե՞լ եք՝ մի ծիլի հետ սովորաբար միշտ մի փոքրն էլ է հողի միջից դուրս գալիս, որ եթե նրանցից մեկը ցրտահարվի, մյուսը շարունակի աճել,- պարզաբանում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Հուշահամալիրը կառուցվեց և բացվեց առանց Սգո պատի քանդակների

- Բազմաթիվ տարբերակներից հետո, որ ամեն անգամ Քոչինյանը մերժում էր՝ պատճառաբանելով, թե վերածնվող հայ ժողովրդի քանդակներ են պետք, որոշեցի սյուժետային պատկեր չանել,- պատմում է Վան Խաչատուրը:-Այսինքն պատկերային շարքով ցույց չտալ, թե ինչպես է եղել, հիմա ինչպես է, ինչպես է լինելու: Ռավելի «Բոլերոյի» երաժշտական մոտիվների նմանությամբ որոշեցի մեկ քանդակ անել 111 անգամ կրկնելով պատի երկարությամբ: Մանկան վրա խոնարհված մորը պետք է քանդակեի նեգատիվ՝ քարի վրա փորված, կարծես ստվերն էր, ինքը չկար, իսկ երեխային՝ որպես կենդանի ժողովրդի խորհրդանիշ: 111-ը յուրահատուկ թիվ է. այն շարք է, որ անվերջություն և անընդմեջություն է խորհրդանշում, չունի սկիզբ ու վերջ:

Քանդակագործն այս տարբերակը ցույց է տալիս Քոչինյանին, բացատրում, որ երեխան իրենց ուզած վերածնվող Հայաստանն է: Վերջապես համաձայնում են: Սգո պատի այս քանդակներով տարբերակի կառուցման որոշումը հաստատվեց միայն Երքաղխորհրդի ճարտարապետության հատակագծման վարչության ճարտարապետական խորհրդի 1971 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ: Մոր և երեխայի քանդակային մոդելն իրական չափերով՝ 3,60*0,90 մետր, Վան Խաչատուրը ստեղծեց նախ կավից, այնուհետև դա ևս 1972 թվականի մայիսի 4-ին ընդունվեց Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի Գեղարվեստական խորհրդի կողմից: Վան Խաչատուրը ձուլեց գիպսից երեք օրինակ և տեղափոխեց Ծիծեռնակաբերդ, ուր սկսեցին աշխատանքները: Սակայն սա ևս մնաց անիրագործելի: Հուշահամիլիրի կառուցմանը հետևում էին նաև Մոսկվայից: Երևան է ժամանում Կենտկոմի երկրորդ քարտուղար Անիսիմովը:

- Վարպետների հետ արդեն երկրորդ օրն է աշխատում էինք քանդակների վրա, երկու տեղ արդեն փորել էինք մոր քանդակները,- պատմում է Վան Խաչատուրը,- Անիսիմովը եկավ հուշարձանը տեսնելու, երբ տեսավ քանդակները, կարգադրեց անմիջապես դադարեցնել աշխատանքները:

Երկար ժամանակ քանդակներն այդպես մնացին՝ մինչ 2003 թվականը:

- 2003 աշնանն էր, ինձ ասացին, որ ծանր տեխնիկայով վերացրել են քանդակները, դրանց տեղում քարեր շարել,- ասում է քանդակագործ Վան Խաչատուրը:- Հիմա էլ երբ մոտենաք 8-րդ և 13-րդ քարերին կտեսնեք այդ կիսատ քանդակների հետքերը:

Շուրջ 45 տարի առաջ բազմաթիվ առասպելներով պարուրված իրական պատմությունն ավարտելուց հետո վարպետը՝ նկարիչ, քանդակագործ, մեծ հայ Վան Խաչատուրը տխուր ու մի քիչ էլ վիրավորված իր գործընկերներից, իշխանություններից, մոտենում է չիրագործված էսքիզներով լի ալբոմին ու լուռ սկսում թերթել… Դեռ որքան անելիքներ ունի 86-ամյա վարպետը...

Արխիվային նյութեր տրամադրելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, նկարիչ-քանդակագործ, ակադեմիկոս Վան Խաչատուրին:

Լիանա Դոյդոյան, Վահան Ստեփանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---