Հայաստանի կանայք. Թվապատում

Հայաստանի կանայք. Թվապատում



Կանանց մեծարելուց և միամսյակի կապակցությամբ գեղեցիկ ծաղկեփունջ նվիրելուց բացի պետք չէ մոռանալ, որ Մարտի 8-ը կոչված է պաշտպանելու բոլոր կանանց իրավունքներն ամբողջ աշխարհում: Կանայք ևս հասարակության լիիրավ անդամ են և ունեն հավասար իրավունքներ, ինչպես և ցանկացած տղամարդ: PAN-ը պատմում է հայաստանցի կանանց մասին՝ զավեշտալի, մտահոգիչ, ուրախացնող ու պարզապես հետաքրքիր թվերով:

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրող կանանց թիվը 132.302-ով ավելի է, քան տղամարդկանցը: Կանանց ակնկալվող կյանքի միջին տևողությունը 78 տարի է, տղամարդկանցը՝ 72 տարի: Այսպիսով, կանանց կյանքի միջին տևողությունը 6 տարով ավելի երկար է, քան տղամարդկանցը:

Հայաստանցի տղամարդկանց նետտո (մաքուր) աշխատավարձը կազմում է միջինում 141.585 դրամ, կանանցը՝ 94.006 դրամ: 1 ամսում տարբերությունը կազմում է 45.500 դրամ, ինչը համարժեք է 2-3 համերգի տոմսի ու մարզասրահի մի քանի այցելության: 1 տարում տարբերությունը կկազմի 546.000 դրամ (ինչը հավասար է դեպի արևադարձային երկիր ճանապարհորդության արժեքին) , 10 տարում՝ 5.460.000 դրամ (լավ վիճակում գերմանական կամ ճապոնական ավտոմեքենայի արժեք), 45 տարում կամ մոտավորապես ամբողջ աշխատանքային կյանքի ընթացքում՝ 24.6 մլն դրամ (2-3 սենյականոց բնակարան Երևանի արվարձաններում):

Հայաստանում հազար կնոջ շնչի հաշվով տեղի է ունենում 15 հղիության ընդհատում: Առաջին անգամ կանայք ամուսնանում են միջինը 25.5 տարեկանում՝ քաղաքներում, և 26.8 տարեկանում՝ գյուղերում: Կանայք Հայաստանում 2 անգամ ավելի քիչ են հիվանդանում վեներիկ հիվանդություններով:

Մանկատներում գտնվող երեխաների 47.5%-ն աղջիկ են: Միաժամանակ, Հայաստանում գրանցված որդեգրողների 69%-ը կին է:

Մեկ ծնող ունեցող ընտանիքներում ապրող երեխաների 93.1%-ն ապրում է մոր հետ, 6.9%-ը՝ հոր:

2014/15 ուստարում բուհերում սովորող ուսանողների 52.2%-ը կանայք են կազմել: Իսկ, օրինակ, երաժշտական դպրոցներում աղջիկները կազմում են սովորողների 65.2%-ը: Մագիստրատուրայում սովորողների 65.8%-ը կանայք են: Սակայն ասպիրանտուրայում սովորող կանանց տեսակարար կշիռը մագիստրանտների համեմատ նվազում է. 2014-ի դրությամբ այն կազմել է 52%:

Հայաստանի գրադարաններում աշխատողների 95.6%-ը կանայք են: Կին է ՀՀ դատապարտյալների 4.7%-ը:

2014 թ. տվյալներով, Հայաստանում կա 3 կին-նախարար, 9 փոխնարարար, 14 կին-պատգամավոր, 54 կին-դատավոր: 46 դեսպանից կին են ընդամենը երեքը:

Հայաստանում զբաղվածների 48%-ը կանայք են: Ընդ որում, կանանց բաժինն ավելի բարձր է պետական, համայնքային (58.3%) և հասարակական սեկտորում (51.1%): Մասնավոր հատվածում, ընդհակառակը, կանանց մասնաբաժինն ավելի ցածր է՝ 45%: Երկու և ավելի տեղ աշխատող կանայք, ընդհանուր առմամբ, ավելի քիչ են, քան տղամարդիկ՝ 45%-ը 55%-ի դիմաց: Հետաքրքիր է, որ, կրկնակի զբաղված տղամարդիկ ավելի շատ են ամուսնացած աշխատողների դեպքում (61.8%-ը 31.2%-ի դիմաց), այնինչ այրի և ամուսնալուծված կանայք ստիպված են աշխատել երկու կամ ավելի տեղ շատ անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ: Կին է այրի կրկնակի զբաղվածների 93.3%-ը, ամուսնալուծվածների 91.8%-ը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---