Շների փրկությունը որպես կյանքի իմաստ

Շների փրկությունը որպես կյանքի իմաստ

Իրական օգնություն տառապող կենդանիներին

Ի՞նչն է ստիպում մարդկանց, որոնք ունեն ժամանակակից աշխարհում կայացման համար անհրաժեշտ բոլոր հմտություններն ու դիպլոմները, հեռանալ այս արևի տակ արժանի տեղ «ամրագրելու» մշտական մրցակցության աշխարհից և կամավոր ընկղմվել միանգամայն այլ աշխարհի մեջ` լի ցավով ու հուսահատությամբ, սակայն, և աննկարագրելի երջանկությամբ` ևս մեկ անգամ փրկված Կյանքի գիտակցումից:

PanARMENIAN.Net - Պատասխանը`անսահման սերն է այդ նույն կյանքի հանդեպ, և որքան էլ այդ պատասխանն ակնհայտ է ու պարզ, այնուամենայնիվ, անհասկանալի է մեծամասնության համար:

Ով այցելել է մանկատուն, հավանաբար, տեսել է ինչ հրճվանքով են երեխաները դիմավորում այցելուներին: Նույն տպավորությունն է թողնում նաև կենդանիների համար նախատեսված ընդունարանի այցելությունը: Կենդանիների ընդունարանի և մանկատան համեմատությունը կարող է ոչ կոռեկտ թվալ, սակայն տպավորությունը և համայն կենադնի աշխարհին հատուկ սկզբունքները շատ պարզ ցույց են տալիս «նյութի» էությունը` աչք ունեցողը կտեսնի:

Բարի կամքով

Այս պատմությունը մի կնոջ մասին է, որին ժամանակակից լեզվով կարելի է դաունշիֆթեր համարել: Մի մարդու, որն ընկղմվել է իր աշխարհի մեջ և ահա արդեն 3 տարի է զբաղվում է թափառող շների փրկությամբ: Լեզվաբան, եվրոպական իրավունքի մասնագետը գերադասել է հետևել սրտի կանչին` մի կողմ դնելով բոլոր հավակնությունները: Նրա նպատակն է մի քանի «գրամով» ավելացնել սերն այս աշխարհում և կարեկցանքը մեր «փորք եղբայրների» հանդեպ:

«Գիտեք, երբեմն ես մտածում եմ այն մասին, որ բաց եմ թողել մասնագիտական աճի շատ հնարավորություններ` զբաղվելով սրանով»,-պատմում է Pawsitive Rescue Armenia կենդանիների ընդունարանի հիմնադիր Աստղիկ Հարությունյանը: «Ես կարող էի կայուն ֆինանսական վիճակ ունենալ, աշխատել եվրոպական կառույցներում, սակայն, չէի ունենա այն հոգեբանական անկախությունն, որ այսօր կա: Աշխատանքն ընդունարանում ինձ ոգեշնչում է: Դա առանձնահատուկ զգացողություն է, երբ հասկանում ես, թե որն է քո առաքելությունը, քո ուղին»:

Pawsitive-ի թիմը փոքր թիմ է, որը ծածկ, սնուդն ու բուժում է ապահովում ավելի քան 100 շան համար: Ֆինանսավորման հարցը լուծվում է առանձին անհատների նվիրատվություններով: Ֆինանսական խնդիրների պատճառով կազմակերպությունը շատ չլուծված խնդիրներ ունի. անհրաժեշտ աշխատակիցների պակաս, կենցաղային և տեխնիկական հարցեր, մշտապես աճող պարտքեր: Սակայն, չնայած այս ամենին, Pawsitiv-ի բնակիչներն առողջ են ու կենսախինդ: Շատ են վթարի զոհերը`անդամահատված թաթերով, սակայն, դա չի խանգարում նրանց ապրել շներին հատուկ լիարժեք կյանքով:

«Մյուս կամավորական կազմակերպությունները քնեցնում են այդպիսի շներին` պատճառաբանելով հաշմված շների համար տեղերի բացակայությամբ: Սակայն, մեզ համար դա առիթ չէ նրանց կյանքից զրկելու համար: Տեսեք, որքան դրական են ու կայտառ»,-ասում է Աստղիկը: Շեմին եռաթաթ շնիկը ուրախ խաղում էր մյուս շների հետ: Որքան էլ տարօրինակ է, բայց հաշմանդամ շները սենտիմենտալ զգացողություններ չէին առաջացնում` հակառակը, կյանքը որպես այդպիսին ընդունելու զգացողություն էին ներշնչում:

«Բնականաբար, կան շատ ծանր դեպքեր, երբ մենք ստիպված ենք լինում քնեցնել շներին: Հոգեբանորեն դա շատ ծանր որոշում է: Ես հիշում եմ բոլորին: Մահը շատ տխուր բան է, բայց, ով ասաց թե մահը վատ բան է: Մահը դա մի մեծ առեղծված է: Մահվան հանդեպ մեր վերաբերմունքի մեջ դրսևորվում է մեր էգոն, մեր որբացած զգացմունքները:

Մշտապես պայքարելով կյանքի համար`ակամայից փիլիսոփա ես դառնում»,-ժպտալով ասում է Աստղիկը: Այժմ պետբյուջեից թափառական շների վնասազերծման համար հատկացվում է 120 մլն դրամ ($251 000): Տարեցտարի այդ ոլորտում իր մենաշնորհն է տարածում «Յունիգրաֆ-Իքսը», որը դաժանորեն ոչնչացնում է շներին, իսկ մի փոքր մասին ստերիլիզացնում:

«Այն, ինչ անում է այդ կազմակերպությունն, անմարդկային է: Որոշ շների մեզ հաջողվել է փրկել նրանցից և ռեաբիլիտացնել: Նրանց զոհերին հեշտ է ճանաչել դեղին վզափոկից, որն իբր հուշում է կատարված վիրահատության մասին: Ըստ քաղաքապետարանի, Երևանում մոտ 20.000 թափառական շուն կա, մեր հաշվարկներով՝ մոտ 2000: Այդքան շների ստերիլիզացման համար հարկավոր է մոտ $120.000: Սա մի քանի անգամ պակաս է պետբյուջեից հատկացվող գումարից»,-ասել է նա:

Որպես հետգրություն

Պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում թափառական շների դեմ պայքարի համար, սակայն, խնդիրը չի լուծվում: Ինչի՞ վրա են ծախսվում հատկացված միջոցները: Հարցն, անշուշտ, հռետորական է:

Գիտականորեն ապացուցված է, որ շներին գնդակահարելով խնդիրը չես լուծի: Տարածքը երբեք դատարկ չի մնա` սպանվածներին կփոխարինեն նորերը` քաղաքի արվարձաններից: Խնդրի մարդսաիրական և իրական լուծումը ստերիլիզացումն է. կենդանիները, լինելով իրենց տարածքում, կզսպեն եկվորների հոսքը արվարձաններից, և, զրկված լինելով բազմանալու հնարավորությունից, աստիճանաբար կանհետանան: Վերջնական լուծման համար նույն գործընթացը պետք է իրագործվի նաև երկրի մյուս շրջաններում, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել համալիր լուծման մասին, որի արդյունավետությունը շատ մեծ է:

Շատերի համար ավելորդություն կարող է թվալ թափառական շներին փրկելը մի երկրում, որտեղ ինչ-որ առումով մարդկանց է պետք փրկել, սակայն, տարօրինակը հենց այդ մտածելակերպն է: Թող յուրաքանչյուրը բարության իր լուման գործի այս աշխարհում` չես կարող օգնել, մի խանգարիր: Ինչպես ասում են իմաստուն մարդիկ, ինչ տաս աշխարհին, այն էլ կստանաս:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---