// IP Marketing video - START// IP Marketing video - END
«Հալա-մուլա մեկ, հալա-մուլա երկու»

«Հալա-մուլա մեկ, հալա-մուլա երկու»

Ինչ չեն խաղում գաջեթների սերնդի երեխաները

90-ականներին հայաստանյան բակերում հատկապես երեկոյան ժամերին բազմամարդ էր: Տղամարդիկ նարդի էին խաղում, կանայք տանը հարևանուհիների համար սուրճի սեղան գցում, երեխաներին էլ բակ ուղարկում, իրենց իսկ ցանկությամբ: Երեխաներն ամբողջ երեկոն, նույնիսկ մինչև ուշ գիշեր (հատկապես՝ ամռանը) ամենատարբեր խաղերն էին խաղում ու տուն գնում միայն քնելու կամ հաց ուտելու համար:

PanARMENIAN.Net - Բոլոր այդ խաղերը Z սերնդի (Generation Z) ներկայացուցիչներին ծանոթ չեն. նրանք դրանք չեն խաղում, քանի որ իրենց նախընտրած գաջեթներում այդ խաղերը չկան: Երեխաների պաշտպանության օրը PanARMENIAN.Net ի խմբագրությունը վերհիշել է, թե բակում ինչ խաղեր խաղալով է մեծացել:

Գործնագործ (Բադերի որսորդը)

Խաղացողները պատահական սկզբունքով կամ ըստ ցանկության բաժանվում են թիմերի, մեկ թիմից 2 հոգի վերցնում են գնդակը, կանգնում իրարից մոտ 10-15 մետր հեռավորության վրա դեմ-դիմաց և փորձում գնդակով դիպչել իրենց մեջտեղում կանգնած մյուս թիմի մասնակիցներից մեկին: Եթե մեջտեղում կանգնածին հաջողվում էլ խույս տալ գնդակից, խաղը շարունակվում էր, եթե նա բռնում էր գնդակը, ապա հավելյալ «կյանք» էր ստանում, իսկ եթե գնդակը հասնում էի իր նշանակետին, խաղացողը փոխարինվում էր մյուսով կամ թիմերը դերերով փոխվում էին: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ գնդակի տիրոջը կանչում էին տուն՝ հաց ուտելու:

Կլաս

Աղջիկները հաճախ էին խաղում այս խաղը: Կավճով գետնին գծվում էր քառակուսիներից կազմված «կլասը», որի ամեն քառակուսու մեջ թվեր էին գրվում: Խաղացողն ընտրում էր տափակ և հարմար քար, որը նետում էին ըստ թվերի հաջորդականության և մեկ ոտքի վրա կրելով՝ թռչկոտում մինչև վերջ, այնուհետև՝ հետ, փորձելով չհատել գծերը: Հաղթող էր դառնում նա, ով առաջինն էր անցնում բոլոր քառակուսիներով և ստեղծում իր համար «տուն» կլասի կատարին:

Այգեպանը

Խառը վարողին Այգեպան էին կոչում, որը մեկնարկից առաջ մրգերի անուններ էր տալիս բոլոր մասնակիցներին: Այգեպանը խաղը սկսում էր հետևյալ խոսքերով. «Այգեպանը հավաքեց բոլոր մրգերից, բացի...» ու տալիս մասնակից-մրգերից ինչ-որ մեկի անունը: Դրան հետևում էր հետևյալ դիալոգը.

Միրգ. «Օյ»

Այգեպան. «Ի՞նչ պատահեց»

Միրգ. «Սիրահարվեցի»

Այգեպան. «Ո՞ւմ վրա»

Ու այստեղ Միրգը պետք է տար մեկ այլ մասնակից-մրգի անունը, որը պետք է նույն կերպ արձագանքեր: Տարբերակներից մեկով միրգը կարող էր տալ նաև Այգեպանի անունը, և այդ դեպքում արդեն Միրգն էր Այգեպանին ուղղում նույն հարցերը: Եթե մասնակից-մրգերից ինչ-որ մեկը սխալ էր արձագանքում (խառնում էր իր էությունը մեկ այլ մրգի հետ), ապա նա պետք է իր մոտ եղած իրերից ինչ-որ մեկը տար այգեպանին: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մասնակիցները հոգնում էին կամ ծնողները տուն էին կանչում՝ ճաշ ուտելու:

Կարմիր կոճակ

Խաղի մասնակիցներն իրար կողք էին նստում ու ձեռքերն իրար միացրած դիմացը պահում: Վարողը հերթով անցնում էր բոլորի մոտով ու ձեռքում պահված կարմիր կոճակը թողնում մասնակիցներից մեկի ձեռքերում այնպես, որ մյուսները չնկատեն, թե ում մոտ է թողել: Բոլորի մոտով անցնելուց հետո նա կանգնում էր ու ասում. «կարմիր կոճակ, դուրս արի»: Այն մասնակիցը, ում մոտ կոճակը մնացել էև, պետք է դուրս թռներ շարքից այնպես, որ մյուս մասնակիցներից ոչ ոք չհասցներ նրան դիպչել: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մասնակիցների ձեռքերը այդ դիրքից հոգնում էին ու որոշում էին մեկ այլ խաղ խաղալ:

Ռեզին

Այս խաղն էլ էր տարածված մեծամասամբ աղջիկների շրջանում: Երկու մասնակից ոտքերի՝ կոճերից ավելի վերև ռետինե պարան էին հագցնում, իսկ մյուս խաղացողը պետք է ցատկեր դրա վրայով՝ կատարելով հատուկ շարժումներ: Եթե նա հաջող էր անում դա, ռետինե պարանը գնալով ավելի էին բարձրացնում՝ հասցնելով մինչև ծնկները, ազդրերը և անգամ ուսերն ու պարանոցը: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մարմնի վրա պարանը բարձրացնելու տեղ չէր մնում:

Փչացած հեռախոս

Մասնակիցները բակում մի շարք էին կազմում: Շարքի սկզբում գտնվողը կողքին կանգնածի ականջին բառ, բառակապակցություն կամ լուր էր ասում, որը սկսում էր հերթով փոխանցվել մասնակիցներից մեկից մյուսին՝ մինչև շարքի վերջ: Մինչև ասվածը տեղ էր հասնում, այն հիմնականում աղավաղվում էր՝ սկզբնական ասված բառից կամ բառակապակցությունից բավականին տարբերվելով:

Էշ-միլիցա

Բակերում տարածված էր նաև «Էշ-միլիցա» խաղը, որի կանոնների համաձայն խաղացողներից ցելա գքելով ընտրվում էին էշն ու միլիցան, մեկն էլ համաձայնվում էր բարձի դերում լինել։ «էշը» գլուխը դնում էր բարձի գոգին և կզում, «միլիցան» էլ բռնում նրանցից և պտտվում շուրջը, նստողներից պաշտպանելու համար։ Մնացած խաղացողները փորձում էին հեծնել «էշին» ու «միլիցային»։ Եթե միլիցան կարողանում էր նրանց ոտքով խփել մինչև նստելը, խփվածը դառնում էր էշը, էշն էլ դառնում էր միլիցան, իսկ միլիցան ազատվում էր և խաղում դրսից: Խաղն ավարտվում էր, երբ երեխաները հոգնում էին էշ ու միլիցա լինել:

Հալա-մուլա

Խաղը շատ նման էր պահմտոցուն, ուղղակի խաղացողները ցելա գցելով բաժանվում էին թիմերի: Թիմերից մեկի խաղացողները փակում էին աչքերն ու մեկը հաշվում էր մինչև նախապես որոշված թիվը` «հալա-մուլա 1, հալա-մուլա 2...», իսկ մնացածն այդ ընթացքում փորձում էին հնարավորինս լավ թաքնվել: Հաշվելուց հետո աչքերը փակ խաղացողը բացում էր դրանք և սկսում փնտրել թաքնվածներին, սակայն աշխատում էր հեռու չգնալ պատի մոտից, որպեսզի մնացածը չկարողանան գալ և նրա բացակայության ժամանակ «ազատել» իրենք և թիմակիցներին: Խաղն անցնում էր մյուս թիմին, եթե խաղացողներից մեկին հաջողվում էր անել դա: Խաղը, սովորաբար, ավարտվում էր այն ժամանակ, երբ մթնում էր:

Տաք-սառը

Տանը կամ այլ տեղ ինչ-որ առարկա են թաքցնում. երեխաներից մեկը այդ տեղը չի իմանում և պետք է գտնի թաքցրածը: Երբ փնտրողը թաքստոցից հեռու է լինում, նրան հուշում են՝ ասելով «սառը», երբ ճիշտ տեղին մոտիկ է փնտրում, ապա ասում են «ավելի տաք», իսկ երբ արդեն շատ մոտ է նպատակին՝ ասում են «տաք է»:

Աղջիկ փախցնոցի

Խաղացողները բաժանվում են զույգերի և իրար ձեռք բռնած շարվում իրար հետևից: Զույգի բռնած ձեռքերը պետք է լինեն իրենց գլխավերևում՝ ստեղծելով կամար: Խաղացողներից մեկը անցնում է այդ շարքի միջով՝ սկսելով վերջում կանգնածներից, և ընտրում իր հավանած աղջիկներից մեկին: Եվ այդպես շարունակ: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ սպառվում էին սիրուն աղջիկները:

Անուն գոռոցի

Խաղացողները շրջան էին կազմում, մեկն էլ կանգնում էր մեջտեղում՝ գնդակը ձեռքին: Նա նետում էր գնդակը՝ գոռալով խաղացողներից մեկի անունը: «Կանչվածից» բացի մնացած բոլորը պետք է փախչեին: Այն մասնակիցը, ում տվել էին, պետք է հնարավորինս շուտ բռներ գնդակն ու նետեր այն մյուս խաղացողների ուղղությամբ՝ փորձելով շարքից հանել որևէ մեկին, ով հետագայում կգրավեր նրա տեղը: Խաղն ավարտվում էր գնդակի տիրոջ կամքով:

7 քար

Խաղը 10-ից 20 մասնակից կարող էր ունենալ: Համեմատաբար տափակ 7 քարն իրար վրա էին դնում: Բաժանվում են երկու թիմի և վիճակահանությամբ որոշում՝ որ մեկն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում էր հակառակորդին և աշխատում թույլ չտալ, որ քարերն իրար վրա դնեն: Եթե խաղի ընթացքում փախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսին չէին խփում, այլ խույս տալով գնդակից՝ շրջանցում էին և կարողանում ցրված 7 քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում էին մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում էր օդի մեջ՝ նախքան դրա՝ գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում էր մեկ փալան: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մութն ընկնում էր, կամ մասնակիցները հոգնում էին վազել:

Հավալա

Այս խաղը 8-ից 10 մասնակից էր ունենում: Ցելա գցելով, խաղացողներից մեկը հենվելու համար կորացնում էր իր մեջքը՝ «այծ» դառնալով, իսկ մնացածը հերթով սկսում էին ցատկել նրա վրայով: Ընդ որում՝ ցատկելիս, «այծի» մեջքին կարելի էր դիպչել միայն ձեռքերով: Այն մասնակիցը, ում չէր հաջողվում ցատկելով անցնել կամ ով «այծին» դիպչում էր նաև ոտքով, կռանում էր նրա դիմաց, և մնացածը ցատկում էին արդեն երկու հոգու վրայով: Հաղթում էր նա, ում հաջողվում էր ցատկել ամենամեծ թվով «այծերի» վրայով:

Գետնից բարձր

Խաղի հիմքում փոփոխված բռնոցին էր: Մասնակիցները ցելա էին գցում, ու պարտվողն ընկնում էր մյուս մասնակիցների հետևից՝ փորձելով բռնել նրանց: Մասնակցիները պետք է փախչեին, ու եթե բռնողը նրանց մոտենում էր, փրկվելու միակ տարբերակն էր ինչ-որ բարձր տեղ բարձրանալ: Միայն այդ պարագայում բռնողն իրավունք չուներ դիպչել մասնակցին: Բռնվելու դեպքում «բռնված» մասնակիցն էր դառնում բռնողը: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մասնակիցները հոգնում էին վազելուց:

Լյագուշկա

Այս խաղի համար գնդակ և պատ էր պեըք: Երեխաներն ամենասկզբում որոշում էին կանգնելու հերթականությունը: Այնուհետև պատի վրա որոշվում էր որևէ պայմանական գիծ՝ պատշգամբ, որևէ հարկի պատուհան, վարդագույն քար, որից ցածր գնդակը չէր կարելի գցել: Առաջին կանգնողը գցում էր գնդակը, և այն պահին, երբ գնդակը պատից ընկնում էր գետնին, պետք է հասցներ ցատկել դրա վրայով: Երբեմն ընթացքում նաև պետք էր լինում թվարկել նախապես որոշված որևէ բան, օրինակ՝ պոկեմոնների կամ հայտնի դերասանների անունները: Շարունակում էր խաղը հաջորդ կանգնողը: Այն մասնակիցը, ում չէր հաջողվում ցատկել, ստանում էր «լյագուշկա» բառից մի տառ: Խաղի վերջում պարտվողը «լյագուշկա» էր դառնում: Խաղը վերջանում էր, երբ երեխաները որոշում էին գործնագործ խաղալ:

PanARMENIAN.Net-ի թիմ
 Ամենաընթերցվողը բաժնում
Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում
Սիրո հեղափոխության ամենահեղափոխական սերը
 Բաժնի այլ նյութերը
Լանք, թե խնդանք Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում
Ընթրիքը՝ երկնքում Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան