ՀՀ-ում երեխաներն ավելի լավ մանկություն ունեն, քան Եվրոպայում

ՀՀ-ում երեխաներն ավելի լավ մանկություն ունեն, քան Եվրոպայում

Մխիթարյանը՝ հայ երեխաների, լավագույն գոլի և ՄՅՈւ մասին

Մանկությունը Հայաստանում ավելի լավ է անցնում, քան Եվրոպայի երկրներում: Այդ մասին ֆեյսբուքյան մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը:

PanARMENIAN.Net - Երեխաները պետք է ուրախ լինեն, որ Հայաստանում են ապրում

Հայաստանում երեխաների մանկությունը գնահատելու խնդրանքին Մխիթարյանը պատասխանել է, որ թեև իր մանկությունը Ֆրանսիայում է անցել, իր համոզմամբ, հայաստանցի երեխաներն ավելի լավ մանկություն են ունենում, որն իր առավելություններն ունի:

«Հայաստանի երեխաներն ավելի լավ մանկություն ունեն, քան նրանց եվրոպացի հասակակիցները, նրանք այնտեղ ուրիշ հետաքրքրություններ ունեն: Ամեն հայ երեխա պետք է ուրախ լինի, որ Հայաստանում է ապրում»,-ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է դարձել 2016-ին: «Ծանր է արձանագրել, որ ոչ բոլոր երեխաները դպրոցում սովորելու և կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է իրավունք ունենան որպես անձ կայանալու: Ես պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններն օգտագործել, օգնելով ՅՈւՆԻՍԵՖ-ին, աջակցելով Հայաստանում ամենախոցելի խմբերին, հատկապես, նպաստելով երեխաների կրթության իրավունքի իրացմանը»,-ասել է Մխիթարյանը: ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններն ամբողջ աշխարհում օգնում են երեխաներին ու կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու բարելավել կյանքի որակը:

Ըստ նրա, շատ ավելի կարևոր է լավ մարդ դառնալը, քան լավ մասնագետ: Ըստ Մխիթարյանի, նա միաժամանակ և մեղմ հայր է լինելու և խիստ: «Պետք է կարողանալ համադրել մեղմությունն ու խստությունը երեխաների դաստիարակության գործում, քանի որ լավ դաստիարակությունն ապահովում է երեխայի փայլուն ապագան: Եթե ճիշտ դաստիարակենք երեխային, նա միշտ զարգանալու խթան կունենա»,-ասել է նա:

2017-ի հունիսին Մխիթարյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի սաների հետ: «Կարևոր չէ, թե ով ես՝ ֆուտբոլիստ, իրավաբան, թե էլի ինչ-որ մեկը: Ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար առավելագույն նվիրում է պետք: Կարևոր է հասկանլ, որ եթե ինչ-որ ուղի ես ընտրել, հարկավոր է նվիրվել այդ գործին՝ հաճույք ստանալու համար կատարած գործից և հաջողության հասնելու համար»,-նշել էր Մխիթարյանը:

Մխիթարյանն ասել է նաև, որ շատ լավ կարծիք ուն Հայաստանում աճող նոր սերնդի մասին: «Ոչ միայն այն երեխաները, որոնց ես հանդիպել եմ այսօր, այլ նաև նրանք, ում ես հանդիպում եմ առօրյա կյանքում, ապացուցում են, որ լավ սերունդ է մեծանում»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Խոսելով կարիքավոր ընտանիքների և խնդիրների մասին՝ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին հայ ընտանիքներին աջակցելու համար:

«ՅՈւՆԻՍԵՖ-ը փորձում է օգնել, առողջություն պարգևել երեխաներին և բարելավել նրանց կյանքը», -ասել է Մխիթարյանը:

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը հորդորել էր աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը Հայաստանում: «Մեր շնորհակալությունը հայտնենք Քըրք Քըրքորյանի բարեգործական նախաձեռնությանը՝ աջակցելով Հայաստանի երեխաներին: Աջակցենք դրամահավաքին հօգուտ Unicefarmenia-ի»,-գրել էր նա ֆեյսբուքյան էջում:

Հայաստանը՝ տաղանդների երկիր

«Հայաստանը շատ տաղանդներ է տալիս: Մենք պետք է բոլոր պայմանները ստեղծենք, որ նրանց տաղանդն այստեղ բացահայտվի», -ասել է Մխիթարյանը: Ըստ նրա, Հայաստանում հիմա ամեն ինչ կա, սակայն անելիքներն էլ են շատ: «Եթե մենք աշխատենք եղած խնդիրների լուծման ուղղությամբ, Հայաստանը կդառնա այն երկիրը, ինչպիսին մարդիկ ցանկանում են տեսնել»,-ասել է Հենրիխը:

«Մանչեսթեր Յունայթեդը» մեկ ընտանիք է

Անդրադառնալով այն հարցին, թե ով է իր լավագույն ընկերը «Մանչեսթեր Յունայթեդում»՝ Մխիթարյանն ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ ընտանիք է:

«ՄՅՈւ-ն մեկ ընտանիք է, բոլորի հետ գերազանց հարաբերություններ ունեմ, բոլորի հետ ընկերություն եմ անում», -ասել է նա:

Մխիթարյանն իր ամենագեղեցիկ գոլն է համարում դեկտեմբերի 26-ի «կարիճի հարվածը»՝ նշելով նաև 2017-ի մայիսին Եվրոպայի լիգայի եզրափակչում խփած գոլը:

Խոսելով իր կարիերայի լավագույն պահերի մասին՝ ֆուտբոլիստը նշել է, որ դրանք շատ են եղել, բայց իր կարծիքով, լավագույն պահերը դեռ առջևում են:

«Ես կաշխատեմ ուրախացնել հայ ժողովրդին»,-ասել է Մխիթարյանը:

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը ասել էր, որ իր նպատակն է մասնակցել աշխարհի առաջնությանը:

Ընթերցեք նաև. Մխիթարյան. Պրեմիեր լիգային ադապտացվելը հեշտ չէր, բայց ինձ մոտ ստացվեց

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net, Հրանտ Խաչատրյան, Արամ Կիրակոսյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---