Վրաստանի այն քաղաքացին, որ շներ էր բազմացնում Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցու տարածքում, անպատիժ է մնացել

2007 թ.-ից Սբ Նշան եկեղեցին գտնվում է Վրաստանի մշակույթի նախարարության հսկողության ներքո

18-րդ դարում`1701 թ. Սբ Նշան եկեղեցին կառուցել են Ամիր Բեյբությանը եւ նրա որդին`Ասլամազը: Թբիլիսիում կառուցված հայկական Սբ Նշան եկեղեցու տարածքում Վրաստանի բնակիչ մի կին, որի ազգությունը պարզել հնարավոր չեղավ, շներ է բազմացնում: Այս մասին ստացած լուրը, մեղմ ասած, բողոքի ալիք բարձրացրեց: Ավելորդ է խոսել վրացական իշխանությունների անտարբերության մասին` հատկապես հայկական պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման հարցում, որոնք համարվում են համաշխարհային մշակութային ժառանգություն: Սակայն, զարմանալիորեն երկրի իշխանությունների անտարբերությունն ուներ տրամաբանական բացատրություն` 2002 թ. նոյեմբերի 20-ի գիշերը լույս ժամը 3-ին Սբ Նշան եկեղեցում տեղի է ունեցել հրդեհ, որը հրո ճարակ էր դարձրել եկեղեցու ողջ հավաքածուն եւ հարուստ գրադարանը, եւ որի արդյունքում առաջացել էր 50 սմ մոխրակույտ:

PanARMENIAN.Net - Հրդեհից հետո, որի պատճառն այդպես էլ մինչ օրս չի պարզվել, անհրաժեշտություն չի զգացվել, որպեսզի հայկական պատմաճարտարապետական հուշարձան Սբ Նշան եկեղեցին հիմնովին վերացնեն, հավանաբար, այն պատճառով, որ մտածում են միեւնույն է` ժամանակի ընթացքում առանց ավելորդ ջանքերի էլ այն կվերանա: Հակառակ դեպքում, եթե սրտացավ վերաբերմունք լիներ հուշարձանի հանդեպ եւ մտահոգություն` նրա պահապանման հարցում, Թբիլիսիի իշխանությունների աչքի առաջ սրբապղծություն չէր իրականացվի, եւ եկեղեցին շնաբուծարանի չէր վերածվի: Հատկապես այնպիսի մի երկրում, որտեղ յուրաքանչյուր պատի վրա խաչ է կախված, յուրաքանչյուր երկրորդ մարդ խաչակնքվում է խաչ տեսնելիս:

Այս իրավիճակը մեծ արձագանք գտավ Թբիլիսիի հայկական համայնքի շնորհիվ, որը փետրվարի 1-ին տեսաձայնագրություն էր հանձնել մի բարձրպաշտոնյայի եւ ուղերձ էր հղել «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժմանը: Այդ փաստաթղթում ասվում էր. «Սուրբ Նշան եկեղեցին ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել` ողջ հավաքածուն ոչնչացված է, բակում շինարարական աղբ է կուտակված: 2007 թ.-ից եկեղեցին համարվում է մշակութային հուշարձան եւ գտնվում է երկրի մշակույթի նախարարության պահպանության ներքո, որն էլ պատասխանատվություն է կրում հուշարձանի համար: Կառույցի ներկա վիճակը վկայում է, որ եկեղեցու վերանորոգման կամ տարածքի բարեկարգման որեւէ աշխատանք չի կատարվել եւ չի էլ նախատեսվում: Չկա նաեւ որեւէ ցուցանակ, որը կարող էր զգուշացնել եկեղեցու գոյության մասին, նաեւ ցանկապատված չէ, որպեսզի խոչընդոտվեն նրա դեմ բարբարոսական գործողությունները:

Քանի որ եկեղեցին գտնվում է մշակույթի նախարարության վերահսկողության ներքո, հայ համայնքը հնարավորություն չունի քաղաքացիական կամք եւ նախաձեռնություն ցուցաբերելու եկեղեցու պահպանման եւ հիմնովին վերացումից պաշտպանելու գործում:

Վերը նշված փաստերը չեն կարող բազմազգ Վրաստանի քաղաքացիների նաեւ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում բնակվող մարդու զայրույթը չհարուցել: Այստեղ նաեւ օրինաչափորեն հարց է ծագում, որից խուսափել հնարավոր չէ`ո՞ւր են անհայտանում այն գումարները, որոնք մշակույթի նախարարությանը տրվում են պատմական հուշարձանները պահպանելու համար: Երկրորդ հարցը` ինչո՞ւ է Թբիլիսիի քաղաքապետը մի շարք ճարտարապետական արժեք չներկայացնող կառույցների վերականգնողական աշխատանքներն իրականացնում, սակայն ուշադրության չի արժանացնում պատմական եւ մշակութային հուշարձան Սբ Նշան եկեղեցուն, որը բավական չէ արդեն կործանման եզրին է գտնվում, դեռ ավելին` վերածվել է շնանոցի»:

Ձեռնարկած քայլերի շնորհիվ Թբիլիսիի քաղաքապետարանը երաշխիքներ է տվել, որ ամեն տարի եկեղեցու մոնիտորինգ է անցկացնելու: Իսկ այսօր, ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է Վրաստանի հայկական համայնքի վարչության անդամ Առնոլդ Ստեփանյանը, քաղաքապետարանը եկեղեցու տարածքից հեռացրել է բոլոր շներին եւ տեղադրել է ցանկապատ: «Հասկանալով, որ արվածն ընդամենը հարցի մասնակի լուծում է, մենք դիմել ենք Վրաստանի մշակույթի նախարարությանը, որպեսզի ստանանք հայկական պատմաճարտարապետական այն հուշարձանների ցուցակը, որոնք գտնվում են նախարարության պահպանման եւ վերահսկողության ներքո: Մենք մինչ օրս պատասխանի ենք սպասում: Եթե այդ ցուցակում ընդգրկված չլինեն հայկական ճարտարապետական հուշարձանները, ապա նախատեսել ենք կազմակերպել բողոքի մի շարք ցույցեր եւ ուղերձ ենք հղելու իշխանություններին», - ընդգծել է Առնոլդ Ստեփանյանը:

Վրաստանում 2009 թ. նոյեմբերի 19-ի գիշերը կործանվել է 1356 թ. Թբիլիսիում կառուցված Սբ Գեւորգ Մուղնեցու գմբեթավոր եկեղեցին: Հայ Առաքելական եկեղեցին դրանից հետո մեղադրել է Վրաստանի կառավարությանը` հայկական եկեղեցիների հանդեպ ցուցաբերած անտարբերության համար, որի պատճառով կործանվում են հայկական սրբավայրերն այդ երկրում: Սակայն միայն հայկական եկեղեցիների պահպանման մասին Վրաստանի մշակույթի նախարարության դիրքորոշումը հրապարակելու վերաբերյալ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայտարարությունից հետո Սբ Գեւորգ Մուղնեցու եկեղեցու կործանման փաստի առթիվ վրացական կողմը` ի դեմս Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրեն Նիկոլոզ Վաչեիշվիլու հայտարարել է. «Այսօրվանից (նոյեմբերի 25) շտապ կարգով եկեղեցու ամրացման աշխատանքներ են տարվում, իսկ նախագծումը կիրականացնի «Արխիտեքս» վերականգնողական կենտրոնը»:

Հաշվի առնելով Վրաստանում գտնվող հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացմանն ուղղված վրացական իշխանությունների հետեւողական քաղաքականությունը, ճարտարապետության պատմաբան, փորձագետ Սամվել Կարապետյանը վստահեցնում է. «Սբ Գեւորգ Մուղնեցու գմբեթավոր եկեղեցու վերականգնման մասին Թբիլիսիի պայմանավորվածությունը դատարկ խոստում է: Իմ կարծիքով այդ եկեղեցին կործանվել է երկար տարիներ բարձիթողի վիճակում լինելու պատճառով, որին նպաստել են վրացական իշխանությունները: Իսկ ինչ վերաբերում է Սբ Նշան եկեղեցուն, ապա 2002 թ. միտումնավոր կազմակերպած հրդեհից հետո մենք ականատեսն ենք վերին աստիճանի անտարբերության»:

Նշենք, որ միայն այն փաստը, որ քրիստոնեական եկեղեցին այդ կինը վեր էր ածել շնաբուծական ֆերմայի, ինքնին ապացուցում է Վրաստանի տարածքում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների նկատմամբ վրացական իշխանությունների կանխակալ վերաբերմունքը:

Այս փաստերի առկայությամբ միանգամայն անտեղի է հնչում Հայաստանի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությունը, թե Վրաստանում բնակվող հայերի հիմնախնդիրները Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում են:

Անուշ Պետրոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---